Առիթմիա

Թուլությունը, գլխապտույտը, սրտխփոցները, սրտազարկի արտանկումը, ժամանակից շուտ հոգնածությունը, շնչարգելությունն ու հետկրծոսկրային ցավերը և հատկապես սրտի անկանոն աշխատանքը շատ հաճախ առիթմիայի արտահայտությունները կարող են լինել:

Ինչպես է առաջանում, ընթանում, կառավարվում առիթմիան. պարզաբանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական ծառայության միջամտական-առիթմոլոգ Միհրան Մարտիրոսյանը:

photo 1

Բժիշկ Մարտիրոսյան, ի՞նչ է առիթմիան և ինչպե՞ս կարող է  մարդն իր ինքնազգացողության տվյալների հիման վրա կասկածել այս հիվանդության մասին:

— Սրտի ռիթմի ցանկացած խանգարում կոչվում է առիթմիա: Ընդհանուր առմամբ առիթմիաները բաժանվում են երկու մեծ խմբի՝ ռիթմի (իմպուլսի) առաջացման ցանկացած խանգարում և հաղորդչականության խանգարում: Երկու դեպքում էլ առիթմիան կարող է լինել ինչպես թաքնված, հիվանդները կարող են երկար ժամանակ ընդհուպ մի քանի  տարի ունենալ խնդիրը՝ առանց որևէ գանգատի, այնպես էլ՝ արտահայտված գանգատներով:

Որո՞նք են այն վտանգավոր առիթմիաները, որ անհապաղ բուժման անհրաժեշտություն ունեն:

-Առավել վտանգավոր առիթմիաների դասին են պատկանում տախիկարդիաները, վերփորոքային և հատկապես փորոքային, և նախասիրտ-փորոքային հաղորդչականության տարբեր աստիճանի  ախտահարումները`պաշարումները: Վերփորոքային տախիկարդիաները հիմնականում ուղեկցվում են սրտի արագ աշխատանքով, ահանգստությամբ, շնչարգելությամբ, հևոցով, ընդհանուր թուլությամբ: Այն դեպքերն են առավել  վտանգավոր, երբ հիվանդն ունի սրտի որևէ լուրջ խնդիր, ինչպես օրինակ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ (սուր կամ նախկինում տարած),  այս պարագայում առիթմիան կարող է ուղեկցվել ճնշման կտրուկ անկումով, արտահայտված սրտային ցավերով: Փորոքային տախիկարիաների պարագայում խոսքը կյանքին ուղղակի վտանգ սպառնացող առիթմիաների մասին է: Այս խմբի առիթմիաների դասին են պատկանում տախիկարդիան և փորոքների ֆիբրիլյացիան: Այս դեպքում հիվանդության ելքը  անկանխատեսելի է և պահանջում է շտապ բժշկական միջոցառումներ:

Ի վերջո, ո՞րն է առիթմիայի պատճառը՝ կենսակերպը, սթրեսները, թե պարզապես ֆիզիկական բնածին վիճակ է:

— Երբեմն առիթմիան կարող է լինել բնածին, ինչպես օրինակ նախասիրտ-փորոքային բնածին պաշարումը, երբ նորածնային շրջանում երեխային իմպլանտացվում է սրտի ռիթմը վարող   սարք: Կամ, այսպես կոչված հավելյալ անցուղու առկայությամբ պայմանավորված առիթմիաները, որոնք նույնպես ենթարկվում են քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտության: Ճարպակալումը, պասիվ կենսակերպը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների առաջացման գործոններ են, որոնք իրենց հերթին տարատեսակ առիթմիաների առաջացման պատճառներ են:

Ինչպե՞ս է ախտորոշվում առիթմիան՝ բացի զուտ հիվանդի  զգացողությունները և անամնեստիկ տվյալները համադրելը:

-Առիթմիան ախտորոշվում է էլեկտրասրտագրության,  24, 48 և 72 ժամ սրտի աշխատանքը ձայնագրող Հոլտեր քնության, այսպես կոչված  «event monitoring»-ի և ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի միջոցով: Կա ևս մեկ նորամուծություն՝  ILR–ի (implantable loop recorder կամ insertable cardiac monitor) կիրառությունն է՝ կրիչ հիշեցնող փոքր սարքավորումներ են, որոնք աննշան վիրաբուժական   միջամտությամբ տեղակայվում են կրծքավանդակի առաջնային պատին՝ ենթամաշկային շերտում և կարող են երեք տարի շարունակ գրանցել սրտի աշխատանքը:  Նշված հիերարխիայի բարձրագույն տեղում է էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունը: Հիմնականում ազդրային երակի/երակների միջոցով սրտի մեջ են անցկացվում  2-4 հատուկ կատետերներ,  հայտնաբերվում է առիթմիայի օջախը, որից հետո համապատասխան բուժում է իրականացվում:

-Ինչպիսի՞ բուժում է ենթադրում առիթմիան:

— Առիթմիաների «դասական» բուժումը ենթադրում է դեղորայքային թերապիա: Այսօր մենք ունենք նորագույն դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս հաջողությամբ բուժել նախկինում անբուժելի համարվող առիթմիաները: Սակայն կան նաև առիթմիաներ, որոնց դեպքում դեղորայքային բուժման մասին խոսք այլևս չկա: Օրինակ նախասիրտ-փորոքային որոշ պաշարումները և փորոքային տախիկարդիաները, որոնց դեպքում իրականացվում է սրտի ռիթմը վարող սարքի և կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի իմպլանտացիա: Մի շարք առիթմիաներ, որոնց դեպքում առաջին ընտրության մեթոդ է  ռադիոհաճախային աբլյացիան, որը երբեմն ապահովում է 90%-ից ավել արդյունք: Սրտի ռիթմը վարող  PACEMAKER սարքերը  լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում: Այսօր Հայաստանում իրականացվում են նշված բոլոր միջամտությունները, մենք ապահովված ենք թե միջոցներով և թե համապատասխան գիտելիքներով ու հմտություններով: Սրտի ռիթմը վարող ժամանակակից  սարքերը բավական խելացի են, թույլ են տալիս բժշկին փոխել աշխատանքի ռեժիմը և ապահովել սրտի առավելագույն ֆիզիոլոգիական աշխատանք: Կարդիովերետեր- դեֆիբրիլյատորը մի համակարգ է, որը օժտված է անհրաժեշտության դեպքում սիրտը խթանելու ֆունկցիայով և փորոքային տախիկարդիաների բուժման հատուկ ալգորիթմներով:  Գիտության վերջին խոսքն է  ռեսինխրոնիզացնող թերապիան, որը սրտային անբավարարություն ունեցող որոշակի խումբ հիվանդների բուժման առավելագույն արդյունավետ և նորագույն մեթոդ է: Քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող հիվանդերի 25-30%-ի մոտ գրանցվում է փորոքների ասինքրոն աշխատանք: Այս հիվանդների մոտ տեղադրվում են էլեկտրոդներ սրտի մեջ՝ ձախ փորոքներում և աջ նախասրտում և հատուկ մշակված ալգորիթմներով իրականացվում է սրտի աշխատանքի սինքրոնիզացիա, ինչը հիվանդների հետագա կյանի և ապրելիության վրա նկատելի լավ արդյունքներ է ունենում: Աբլյացիայի առաջին փուլը էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունն է, երկրորդ փուլում հայտնաբերված առիթմիայի օջախը, լինի բջիջների խումբ, թե անատոմիական ստրուկտուրա, հատուկ կատետերը տեղավորվում է սրտի մեջ և տեղադրվում այն հատվածում, որը պատասխանատու է տվյալ առիթմիայի առաջացման համար: Ռադիոալիքային ալիքներով սրտամկանի այդ հատվածը տաքացվում է մինչև 50-60  աստիճան  և մեռուկացվում: Մի շարք առիթմիաների դեպքում մեթոդի արյունավետությունը ավելի քան  95% է: Գոյություն ունի նաև կրիոաբլյացիա, երբ նշված արդյունքի հասնում ենք սառեցման ճանապարհով:

— Սրտաբանության մեջ առիթմիայի բնագավառը հաստատուն կերպով զարգանում է, ներդրվում են գիտության ու նորագույն տեխնոլոգիաների  զարգացման նոր ձեռքբերումները: Հայաստանը այս առումով նկատելիորեն առաջադեմ է ու, կարծեք, համաքայլ է միջազգային բժշկագիտական զարգացումներին:

— Առիթմոլոգիան, ինչպես նաև ինվազիվ սրտաբանությունը ինչ-որ չափով առանձնացել է ընդհանուր սրտաբանությունից: Ժամանակակից առիթմոլոգիան ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում բուռն կերպով զարգացող ուղղություն է: Նշված սարքավորումները  օր օրի կատարելագործվում են, գրանցվում են  նորանոր ձեռքբերումեր: Մենք ուշիուշով հետևում ենք զարգացումներին, կլինիկական փորձարկումների դրական եզրակացություններին`հերթական նորարարությունը Էրեբունի ԲԿ Առիթմոլոգիական ծառայությունում ներդնելու նպատակով:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am