Ինչո՞ւ են մարդիկ կակազում

Խոսքի ունակությունը բանական մարդու կարևորագույն ու հիմնական հատկանիշն է, որով մարդը տարբերվում է մնացյալ էակներից: Մարդկությունը էվոլյուցիայի մի ողջ փուլ է անցել, մինչև այսօրվա խոսքային հմտություններին հասնելը: Մերօրյա մարդու խոսքը մեկ օրում չի ձևավորվել, այն հղկվել է տարիների, հարյուրամյակների ընթացքում:  Աստիճանաբար տարբեր վանկարկումներն ու բնաձայնությունները միտք ու իմաստ են ստացել, դարձել բառ ու արտահայտություն: Ժամանակի ընթացքում ուսումնասիրվել են նաև այն երևույթներն ու գործընթացները, որոնք նպաստում կամ խոչընդոտում են խոսքի նորմալ զարգացմանը:

logoped

Խոսքը մտավոր զարգացվածության ու կարողությունների արտահայտությունն է: Այն զարգացած է, երբ առողջ ու կատարյալ են կենտրոնական նյարդային համակարգի մտածողության ու խոսքի համար պատասխանատու կենտրոնները, լիարժեք են դրանց ֆունկցիաները:

Երեխան խոսել սկսում է այն ժամանակ, երբ կենտրոնական նյարդային համակարգը անհրաժեշտ պատրաստականության վիճակում է գտնվում և ի զորու է ապահովել թե՛ խոսքի իմաստը, թե՛ դրա պատշաճ արտաբերումը: Սովորաբար աղջիկների մոտ խոսքային  երևույթներն ու գործընթացներն առավել զարգացած են: Տղաները համեմատաբար ուշ են սկսում թոթովանքը, ապա ոչ լիարժեք, և ի վերջո՝ պարզորոշ ու լիարժեք խոսքը:

Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ խանգարված է լինում երեխաների խոսքային ֆունկցիան: Ընդ որում, միանգամայն տարբեր են խոսքային խանգարումները: Մի դեպքում դա դրսևորվում է  որոշ տառերի սխալ արտասանությամբ, մեկ այլ պարագայում՝ կակազությամբ, լեզվամտածողության խանգարումներով ու դրա դրսևորումներով:

Բազմաթիվ են այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել երեխայի՝ ոչ լիարժեք խոսքին: Դիտարկվում են խոսքայի խանգարումների ֆիզիկական ու հոգեբանական պատճառները:

Կակազությունը բավական հաճախ հանդիպող խոսքային խանգարումների թվին է պատկանում: Դիտարկվում են կակազության թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական հիմքերը:

Կակազության ֆիզիկական պատճառներից են խոսքային ապարատի ոչ լիարժեքությունը, ատամների դասավորվածությունը, լեզվի առանձնահատկությունները, ծնոտի կառուցվածքը, շնչառական համակարգը:

Մասնագետների ուսումնասիրության առանցքում են նաև կնոջ հղիության շրջանում պտղի կենսագործունեության ու զարգացման առանձնահատկությունները, ծննդաբերության  շրջանը և այս ընթացքի պատահարները: Ծանր ընթացող հղիությունը ևս կարող է  հետագայում երեխայի խոսքային խանգարումների, հատկապես կակազության ի հայտ գալու պատճառը լինել:

Մասնագետները երեխաների կակազության հիմքերը որոնում ու գտնում են նաև կնոջ՝ հղիության ընթացքում տարած հիվանդություններում: Սակայն հիմնականում կակազությունը կապվում է հոգեբանական գործոնի հետ:

Շատ հաճախ կակազության երևույթներ կարող են նկատվել  այն փուլում, երբ  երեխան սկսում շատ ճանաչել իրեն շրջապատող աշխարհը, բնության երևույթներ, հաճախ փոփոխվող միջավայր: Երկուսից չորս տարեկան հասակում նա դեռևս չի կարող ընկալել ու յուրացնել ստացվող բազմաժանր ինֆորմացիան:

Հատկապես վերջին ժամանակներում, երբ երեխաները մեծ քանակությամբ տեղեկատվություն են ստանում հեռուստացույցից ու համացանցից, երբ անգամ մանկական մուլտֆիլմերը բավական բարդ են ու հեռու են  տասնամյակներ առաջվա պարզ ու բարի մուլտֆիլմերից,  կակազության դեպքերի վիճակագրությունն աճ է արձանագրում:

Շատ ու շատ ծնողներ բժշկի դիմելիս նշում են վերջին շրջանում երեխայի ապրած  սթրեսները: Ընդհանուր լարված վիճակը ևս կարող է հանգեցել կակազության երևույթների: Կակազություն կարող է առաջանալ տևական շարունակվող տագնապային իրավիճակներից հետո: Ֆոբիաները, իրենց ակտիվացման փուլում, որպես կողմնակի երևույթ ուղեկցվում են կակազության երևույթներով:

Կակազությունը բնորոշ է նաև այն երեխաներին, ովքեր ունեն վառ երևակայություն:

Հարկ է նշել, որ կակազությունը մի երևույթ է, որը չպետք է անտեսվի ծնողների կողմից: Կարևոր է իմանալ, որ որոշ դեպքերում կակազող խոսքը կարող է ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա, վնասել ու ճնշել դրա ֆունկցիան, արդյունքում հանգեցնել նաև երեխայի աճի ու զարգացման դադարի:

Մասնագետները նշում են, որ  որոշ դեպքերում կակազությունն ինքնիրեն կարող է անցնել: Հատկապես երբ այն ձեռք է բերվել թեթև վախի կամ անհանգստության արդյունքում: Սովորաբար միջավայրի հանգստի պահպանության, հարազատների կողմից պատշաճ հոգատար վերաբերմունքի պարագայում կակազությունն անցնում է:

Մինչդեռ լինում են դեպքեր, երբ մասնագետի միջամտությունն ու խոսքի շտկումը անհրաժեշտ է: Լոգոպեդի, մանկաբույժի, երբեմն նյարդաբանի ու իհարկե ծնողների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է անմնացորդ ձերբազատվել երևույթից:

Դեռահասության շրջանում ևս, կապված օրգանիզմի ֆիզիոլոգիական հասունացման, նյութափոխանակության, հորմոնալ ֆոնի որոշակի տատանումների հետ, կարող են նկատվել կակազության երևույթներ: Սովորաբար հասունության շրջանում խնդիրն ինքնին վերանում է:

Տարիներ առաջ հայտնաբերվել էր կակազության ժառանգական հիմքը: Սակայն գիտության զարգացմանը զուգահեռ աացուցվեց, որ կակազությունը ոչ թե ժառանգական, այլ նյարդային համակարգի նախատրամադրվածության հետևանքով կարող է զարգանալ:

Կակազությունը բնորոշ է ոչ միայն երեխաներին, այլև՝ մեծահասակներին: Շատ ու շատ չափահաս մարդկանց մոտ կակազությունը պահպանվում է դեռևս վաղ մանկությունից: Մասնագետների պնդմամբ՝ դա մեծամասամբ ծնողական անուշադրության հետևանք կարող է լինել:

Շատ հաճախ են նկատվում նաև ծանրագույն սթրեսներից, տևական լարվածությունից, այլ հիվանդություններից հետո մեծ տարիքում շարունակվող կակազությունները:

Հատկապես նյարդաբանական հիմքով հիվանդությունների պարագայում երբեմն կարող են նկատվել նաև կակազության, խոսքային խանգարումների երևույթներ:

2010 թվակաին էկրան բարձրացած «Արքայի խոսքը» օսկարակիր ֆիլմի մոտիվն ընդհանուր առմամբ խոսքային խանգարումներին ու դրանցից ձերբազատվելու հնարավորություններին է նվիրված: Բրիտաիայի Գեորգ հինգերորդի որդի Ալբերտը մի առիթով հրապարակային ելույթի ժամանակ ծայրահեղ հուզականության պայմաններում կորցրել է խոսքի կարողությունը, առաջ են եկել կակազության երևույթներ: Դուքսը տարիներ շարունակ այցելում է տարբեր լոգապեդների, ի վերջո հիասթափվում, բոլորից, մեկուսանում ու ինչ-որ տեղ չարանում: Մինչդեռ վերջինիս կինը գտնում է այն միակ մասնագետին, որը տևական ու համառ աշխատանքների արդյուքում կարողանում է օգնել Դուքս Ալբերտին: Արդյունքում  հնչում է դուքսի երկար սպասված,  չափազանց տպավորիչ ու ոգևորիչ խոսքը, որը ի զորու է լինում առաջնորդել ժողովրդին:

Մեծահասակների պարագայում ևս  կակազությունը հնարավոր է վերացնել: Սակայն, ի տարբերություն երեխաների ու դեռահասների, մեծահասակների դեպքում խնդրին  համալիր մոտեցում, առավել լուրջ բուժում  է ենթադրվում: Կարևոր է հաշվի առել, արդյոք երևույթը բնածին է, թե ձեռքբերովի, և որքան է երևույթի վաղեմությունը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am