Քունը առողջության գրավական

Առողջության կարևոր գրավականներից մեկը հանգստությունն  է: Երբ  խաղաղ են մարդու միտքն ու հոգին, օրգանիզմն ու մարմինը, կարգին են աշխատում օրգան-համակարգերը, նվազում է հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Եվ հակառակը, հոգնածությունը, անհանգստությունն ու նյարդային վիճակը հանգեցնում են ամենատարբեր ախտաբանական երևույթների, տևական ուշադրություն ու բուժում ենթադրող հիվանդությունների:

Portrait of a young man sleeping

Հանգստության ու առողջության երաշխավորը քունն է: Քնի միջոցով են չեզոքանում  օրվա լարվածությունը, առօրյա հոգսերն ու մտահոգությունները: Օրվա մեջ որոշակի ժամանակահատված քնելուց հետո օրգանիզմի վերականգնողական համակարգը մոռացության է մատնում բոլոր տեսակի հոգնածությունները, նոր ուժ ու եռանդ հաղորդում մարդուն, թարմացնում ուղեղի աշխատանքը: Առողջ քնի արդյունքում մարդն ի զորու է շարունակել իր բնականոն գործունեությունն ու աշխատանքը: Եվ հակառակը՝ խաթարումների արդյունքում խաթարվում է նաև կատարյալ առողջությունը:

Մարդու կենսագործունեության կարևորագույն պարբերական երևույթը՝ քնի ֆենոմենը, մշտապես եղել է ուշադրության և ուսումնասիրությունների առանցքում: Քնի նշանակությունը կարևորում էին նախնադարյան հեքիմները: Նրանք քնի կարգավորման միջոցով  բուժում  էին մի շարք  հիվանդություններ: Միջնադարի բուժակների կողմից գրված և մեզ հասած աշխատություններում հաճախ է նշվում քունը կարգավորող բույսերի ու դրանց նշանակության մասին: Այսօր այդ բույսերի մասին տեղեկությունները հաճախ են օգտագործվում քնաբեր ու թմրեցնող դեղամիջոցների ստեղծման գործում: Թե՛ նախնադարի, թե՛ միջնադարի բժիշկներն ուսումնասիրել են քնի տևողությունը, ընթացքը, դիտարկել խանգարումներն ու պաթոլոգիաները:

Ժամանակակից գիտությունը, թվում է՝ ամեն ինչ գիտի մարդկային նորմալ ու առողջ քնի, դրա ընթացքի, ինչպես նաև խանգարումների ու դրանց պատճառների մասին: Ֆիզիոլոգները քունը դիտարկում են գլխուղեղի և օրգանիզմի պարբերական վրա հասնող ֆիզիոլոգիական վիճակ, որն արտաքինից դրսևորվում է անշարժությամբ և արտաքին գրգռիչների նկատմամբ ռեակցիաների բացակայությամբ: Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ քունը կազմված է միմյանցից տարբերվող առնվազն երկու՝ դանդաղ և արագ փուլերից: Այս փուլերը էականորեն տարբերվում են միմյանցից իրենց դրսևորումներով, ուղեղային մեխանիզմներով, ինչպես նաև՝ ֆունկցիոնալ նշանակությամբ:

Առաջին՝ դանդաղ փուլում, իջնում է մկանների լարվածությունը, թուլանում շնչառությունը, դանդաղում է սրտի ռիթմը: Դանդաղ քնի փուլում բացակայում են հոգեկան ապրումները:

Արագ՝ գիտությանը հաճախ որպես պարադոքսալ կամ ակտիվացված կոչվող քնի ժամանակ վրա են հասնում հոգեկան ապրումները, մարդը տեսնում է երազներ, խորասուզվում է քնի մեջ:

Քունն ունի իր տարատեսակ դրսևորումները: Միմյանիցի միանշանակ տարբերվում են պարբերական ամենօրյա, ցերեկային, գիշերային տեսակները: Բոլորովին այլ ընթացք են ունենում հիպնոսային ու նարկոտիկ քնի տեսակները:

Քունը բնորոշվում է որպես ուղեղի ամբողջական գոծունեության արդյունք, որի ժամանակ կատարվում է արթուն  վիճակում ստացած ինֆորմացիայի մշակում, փոխադրում դեպի երկարատև հիշողություն:

Քնի ընթացքի վրա կարևոր ազդեցություն ունի ուղեղի ցանցանման գոյացությունը:

Մեր ժամանակների մարդու կյանքի ռիթմն  ու կենսակերպը, ժամանակակից բարքերն ու մարտահրավերները ստեղծում են մի իրավիճակ, երբ մարդը դժվարանում կտրվել սեփական առօրյայից: Ավելի լավ կյանք, հետևաբար ավելի շատ աշխատանք՝ դեպի կարիերայի բարձունքներ, ավելի շատ տեղեկատվության տիրապետում, շարունակական կրթություն՝ մրցունակ լինելու համար, անսահման ձգտումներ ու մրցավազք…ահա քսանմեկերորդ դարի մարդու ամենօրյա ձգտումները: Իսկ արդյունքում՝ գերհոգնածության ու լարվածության մի ահռելի չափաբաժին, որը պարզապես չի թողնում հանգիստ քնել…

Ընդամենը քսան տարի առաջ, երբ կյանքն այնքան արագ ու հագեցած չէր, որքան այսօր, գիտնականները պնդում էին, որ պետք է քնել ոչ պակաս, քան ութ ժամ: Սա այսօր էլ համարվում է նորմա: Սա այն միջին ժամանկահատվածն է, երբ մարդկային օրգանիզմը հնարավորություն է ստանում առավելագույնս հանգստանալ ու թուլանալ լարվածությունից, վերականգնվել ու հարաբերական անդորրի պայմաններում ստանալ անհրաժեշտ վերալիցքավորումներ:

Մենք, ի հակադրություն գերլարված առօրյային, քնում ենք ավելի քիչ: Այսօր աշխարհի բնակչության մի զգալի հատվածի մոտ լրջագույն խնդիր է անքնությունը: Թվում է, մարդը չունի որևէ քիզիկական հիվադություն, օրվա ընթացքում հոգնում է բավականաչափ, որպեսզի կարողանա քնել, մինչդեռ լիովին հակառակը: Ողջ գիշեր փորձելով քնել, այդպես էլ չի կարողանում հասնել բաղձալի հանգստին: Շատերն են քնում լուսադեմին, ստիպված  արթնանում մի քանի ժամից՝ աշխատանքի շտապելու, ապա՝ գերլարված ու դյուրագրքիռ օր անցկացնում:

Քնի խանգարումները լրջագույն վտանգ են օրգանիզմի համար: Դրանք նևրոզների ու պսիխոզների վտանգ են պարունակում:

Կան մարդիկ, ովքեր աշխատում են բավական երկար, սովորություն ունեն գիշերային ժամերի ևս ընթերցել, ֆիլմեր դիտել, կամ էլ պարզապես զվարճանալ: Շատերին օրինաչափ է թվում երկու-երեք ժամ քնելու պայմաններում առավոտյան վաղ և սթափ արթնանալը, մինչդեռ բժիշկներն այստեղ ևս թաքնված վտանգ են տեսնում:

Անքնությունն ու քնի խաթարումներն իրենց ազդեցությունն են ունենում մարդու մաշկի վրա: Թոռոմած ու դժգունած մաշկը խաթարված քնի մասին է պատմում: Կարևոր է իմանալ, որ հանգսիտ քնի վերականգնումից հետո մաշկը վերականգնվում ու վերգտնում է իր երբեմնի առողջ և թարմ տեսքը:

Բացի հոգեբանական ու հոգեկան երևույթները, գոյություն ունեն քնի խաթարման միանգամայն ֆիզիկական պատճառներ:

Հակացուցված են երեկոյան ժամերին ֆիզիկական ակտիվությունն ու վարժանքները: Փոխարենը, խրախուսվում են հանգիստ զբոսանքները՝ մաքուր օդին:

Մեծ քանակությամբ սուճն ու թեյը լրացուցիչ գրգռվածություն են հաղորդում սրտին, ստիպելով առավել ակտիվ կերպով աշխատել, ինչն էլ նվազեցնում է հանգիստ քնելու հնարավորությունը:

Սննդակարգն ու սնվելու ժամանակացույցը հանգիստ քնի գրավականներից են: Երեկոյան ուշ ժամերին կերած յուղոտ ու հագեցած  կերակուրը, լրացուցիչ ծանրություն են հաղորդում օրգանիզմի աշխատանքին: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ուտել քնելուց նվազագույնը երեք ժամ առաջ:

Բոլորը գիտեն՝ քնի տեսանկյունից առավել խոցելի են երեխաները: Քնած ժամանակ ամրապնդվում է նրանց նյարդային համակարգը: Օրինաչափ է, որ փոքրիկները պետք է քնեն ոչ ուշ, քան երեկոյան ժամը տասը, նրանց քնի տևողությունը պետք է կազմի ութից տասը ժամ:

Որքան էլ տարօրինակ է, մեր օրերում երեխաները ևս քնի խանգարումներ են ունենում: Մեծահասակների և երեխաների պարագայում քնի խանգարումների և անքնության պատճառները միանման են՝ լարված ցերեկային կյանք, տեղեկատվության առատություն:

Բժիշկները խորհուրդ են տալիս երեխաների համար հանգիստ և անխափան քուն ապահովելու համար զերծ պահել նրանց ընտանեկան վեճերից ու անախորժություններից: Հատկանշական է, որ աղջիկ երեխաների վրա առավել ծանր են ազդում առօրյա դեպքերն ու իրադարձությունները և նրանք ավելի շատ են ազդվում ընտանեկան տեսարաններից, քան տղաները: Փոխարենը տղաներն առավել վախենում են գիշերային մղձավանջներից ու երևակայական հերոսներից:

Միանշանակ է, որ համակարգչային խաղերն ու ինտերնետը, որոնք անմիջական բացասական ներգործություն են թողնում երեխայի հոգեկան ներաշխարհի վրա, պետք է անդրադառնան նաև նրա գիշերային կյանքի վրա:

Հնուց եկած բարի ավանդույթի համաձայն, մայրիկները երեխաներին քնելուց առաջ հեքիաթ էին պատմում, կարդում մի որևէ բարի, երազային պատմություն, որն էլ երեխայի բարեհաջող ու հանգիստ քնի, խաղաղ գիշերվա «երաշխավորն» էր դառնում: Վերափոխված ավանդույթի համաձայն Մոխրոտիկին ու Յոթ ոզուկներին փոխարինելու են եկել համակարգչային մուլտհերոսները: Տրամաբանության շրջանակներում է և որևէ գիտական ուսումնասիրություն չի պահանջում հասկանալը, որ նյարդային հերոսները չեն կարող երեխայի հոգեկան հանգստության ու բարի երազների օգնականները դառնալ:

Ընդհանրապես, մարդիկ սովորություն ունեն քնելուց առաջ, պառկած վիճակում ամփոփել օրը, մտովի վերապրել այն բոլոր դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել օրվա ընթացքում: Բնականաբար դրանք՝ դրական կամ բացասական, մեծ քանակությամբ հույզեր ու զգացողություններ են պարունակում: Դրանցից յուրաքանչյուրի վերապրումը հեռացնում է քնի հնարավոր ժամը:

Ժամանակի ընթացքում հոգեբաններն ու բժիշկները, ուսումնասիրելով քունը՝ հոգեբանության ու ֆիզիոլոգիայի տեսանկյունից, եկել են մի շարք կարևոր եզրահանգումների: Ըստ այդմ, պետք է լրջորեն վերաբերվել այն վայրին, որը կոչված է քնելու համար: Ննջասենյակի դասավորվածությունն ու ինտերիերի գույները, կահույքի տեղաբաշխվածությունը պետք է տրամադրող ու հանգստացնող լինեն: Նշանակություն ունի նաև օդափոխությունը: Մասնագետները կարծիք են հայտնում, որ նույնիսկ ամենահոգնած ժամանակ անհնար է հանգիստ քնել գաղջ օդով հագեցած սենյակում, մինչդեռ թարմ օդին քնելը, առողջարար է:

Վիճակագրությունը փաստում է, որ այսօր յուրաքանչյուր յոթերորդ մարդն ունի քնի հետ կապված խնդիրներ: Մասնագետները պնդում են, որ պետք չէ տանջվել ամիսներ շարունակ տևող անքնությունից: Ժամանակակից գիտությունը, գտնելով անքնության պատճառները, բուժում է այն՝ միաժամանակ նաև կանխելով մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացումը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am