Սթրես. անխուսափելի վիճակ

Առողջության հոգեկան ու ֆիզիկական դրսևորումները փոխկապակցված են և լրացնւմ են մեկը մյուսին: Անհնար է դրանք տարանջատելը, կամ թերագնահատելը: Հատկապես վերջին մի քանի տասնամյակներում հոգեբաններն ու բժիշկները մարդկության դեմ ամենամեծ մարտահրավերը համարում են սթրեսը: Մենք ապրում ենք նոր տեսակի մարդկային հարաբերությունների, ավելին հասցնելու և առավելագույնին ձգտելու, նվաճելու, պատերազմների ու տարաբնույթ աղետների ժամանակաշրջանում, որի գլխավոր բաղադրիչը սթրեսն է: Այն հանդիպում է յուրաքանչյուր քայլափոխի և ամենուր՝ թե հոգեկան թե ֆիզիկական առողջությանը հասցնելով մնայուն, իսկ երբեմն անդառնալի վնասներ:

Բառացի թարգմանությամբ սթրեսը նշանակում է ճնշում, լարում: Բժիշկների և հոգեբանների կողմից այն շրջանառության մեջ մտել է 19-րդ դարից: Եվ մինչև օրս կիրառվում  է՝ նկարագրելու արտաքին ու ներքին ազդեցությունների նկատմամբ օրգանիզմի  և նյարդային համակարգի առանձնահատուկ ռեակցիան: Այդ ռեակցիան կարող է ունենալ բացասական ազդեցություն՝ խաթարելով օրգան-համակարգերի նորմալ կենսագործունեությունը, կամ հակառակը՝ վերականգնել որոշ բջիջների ֆունկցիան:

stressԸնդհանուր առմամբ օրգանիզմի վրա սրթեսի բացասական կամ դրական ազդեցության մասին խոսելիս պետք է տեղյակ լինել դրա ազդեցության մեխանիզմին ու փուլերին: Այս կամ այն   պատճառով առաջացած սթրեսը նախ սկսվում է տագնապի փուլով: Սա առաջանում է այն ժամանակ, երբ նկատելի է սթրեսածին ազդակը, ապա հաջորդում է դիմադրության փուլը, երբ օրգանիզմը  սկսում է ակտիվ դիմադրություն ցույց տալ։ Այս փուլում օրգանիզմի կենսագործունեությունը չի տարբերվում սովորական պայմաններում կենսագործունեությունից։ Դիմադրության փուլի տևողությունը կախված է օրգանիզմի բնածին հարմարվողականությունից և սթրեսի ազդակի  ուժից։  Այնուհետև, գալիս է օրգանիզմի նահանջի փուլը:

Սթրեսի ենթարկվելու պատճառները տարբեր են:  Մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն այս կամ այն երևույթին: Դրանով էլ պայմանավորվում է վերջիններիս կայունությունը կամ անկայունությունը սթրեսների կատմամբ: Այն, ինչը մեկի համար անհանդուրժելի  և կարող է ողջ նյարդային համակարգի վնասման պատճառ լինել, մեկ ուրիշի համար տանելի է և վերահսկելի: Դրանով էլ պայմանավորված է սթրեսների հետևանքով ի հայտ եկող երևույթները, հնարավոր հիվանդագին երևույթները ևս տարբեր են:

Սթրեսի կարող են ենթարկվել բոլոր տարիքի մարդիկ՝ նորածնային տարիքից մինչև խոր ծերություն: Ուսումնասիրությունները փաստում են, որ կանայք առավել կայուն են սթրեսների նկատմամբ, քան տղամարդիկ: Մինչդեռ տղամարդիկ կարողանում են հեշտությամբ թաքցնել սթրեսների հետևանքներն ու իրենց ապրումները:

Սթրեսների ազդեցությունն ու հետևանքները առանձնահատուկ են յուրաքանչյուրի մարդու դեպքում: Կան մարդիկ, ովքեր սթրեսի պարագայում ունենում են հոգեկան անհավասարակշիռ պահեր, չեն կարողանում իրենց տիրապետել, բղավում են, արտասվում, անգամ անտեղի ծիծաղում:

Սթրեսի պարագայում շատերը չեն կարողանում կառավարել իրենց վարքը: Տարբեր ճնշող հագամանքների ազդեցությամբ կարող են ոչ ադեկվատ  վարք դրսևորել:

Ապացուցված է, որ  սուիցիդալ մտքերը, հանցագործությունների որոշ տեսակներ, մարդուն վնասելու ռեֆլեքսները ևս սթրեսի և այն կառավարել չկարողանալու հետևանք են:

Սթրեսն ազդում է մեր օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի վրա: Սթրեսը կարող է խթանել տարբեր  հիվանդությունների առաջացումը, վաղ զարգացումը: Հատկապես ժառանգական նախատրամադրվածության պարագայում սթրեսը կարող է սիրտ-անոթային  հիվանդությունների ի հայտ գալու պատճառը լինել:

Ուսումնասիրությունները փաստում են, որ ամենաառաջնային վնասը կրում է կենտրոնական նյարդային համակարգը: Նյարդային խանգարումները տևական սթրեսների արդյունքում են առաջանում:

Բավական հաճախ  միմյանց հաջորդող սթրեսային իրավիճակների արդյունքում կարող են ի հայտ գալ դեպրեսիվ խանգարումներ:

Մեծ է սթրեսի պարագայում գաստրոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:  Սթրեսի հետևանքով խանգարվում է ոչ միայն մարսողության, այլ նաև սննդի ընդունման գործընթացը: Օրգանիզմի և մարդու նյարդահոգեբանական բնույթից ելնելով՝ սթրեսը կարող է կամ զարգացնել ու խթանել ախորժակը՝ դառնալով շատակերության պատճառ, կամ նպաստել ախորժակի բացակայությանն ու սննդից հրաժարվելուն:

Մասնագետների ուշադրության կենտրոնում են հատկապես երեխաները: Դեռևս չկազմավորված և թույլ օրգանիզմը սթրեսների ազդեցության պարագայում լուրջ վնասներ կարող է կրել, ընդուպ կարող են վտանգվել զարգացման ու նյութափոխանակության գործընթացները:

Նյութափոխանակության գործընթացների խաթարումը օրգանիզմի վրա սթրեսի ամենակարևոր բացասական ազդեցությունն է: Նյութափոխանակության խանգարման արդյունքում խոցելի են դառնում համարյա բոլոր օրգան-համակարգերը:

Սթրեսի հետևանքով կարող է տուժել մարդու վերարտադրողական ֆունկցիան: Անպտղության ցուցանիշների բարձրացումը հաճախ է պայմանավորվում մշտական սթրեսների առկայութամբ: Սթրեսը լրջագույն վտանգ է նաև հղիության ընթացքում: Այն հավասարապես կարող է վնասել թե հղի կնոջը, թե պտղին:

Այսօր սթրեսի դեմ պայքարը գիտնականների, բժիշկների, պրակտիկ ու տեսաբան հոգեբանների ուշադրության առանցքում է:  Իրականացվում են տարատեսակ դասընթացներ, հետազոտութոյւններ, նկարահանվում են մոտիվացնող հոլովակներ ու ֆիլմեր՝ նպաստելու  մարդկանց՝ սթրեսների նկատմամբ կայունության ձեռքբերմանը:

Գիտնակաները պարզել են, որ մարդիկ կայուն ու անտարբեր են սթրեսների նկատմամբ, եթե կյանքի առաջին հինգ տարիներին ունեցել են հանգիստ ու առանց կոնֆլիկտների մանկություն: Իսկ դաժան, երբեմն ոչ երջանիկ մանկությունից եկող մարդիկ չափազանց զգայուն են սթրեսի ու դրա հետևանքների նկատմամբ:

Առողջ ու հավասարակշռված սնունդը  սթրեսը կանխելու լավագույն միջոցերից է: Հոգեբանները սթրեսի դեմ պայքարի լավագույն տարբերակ են համարում սև դառը շոկոլադը, կիտրոնով թելը: Շատերն են սթրեսի ու լարվածության պահին դիմում ալկոհոլին, սակայն, մասնագետների պնդմամբ, դա վատագույն տարբերակն է, քանի որ ալկոհոլը խորացնում է դեպրեսիան, ընդգծում վատ տրամադրությունը: Իսկ ալկոհոլի ազդեցութոյւնից հետո առավել տեսանելի են հոգեկան  ընկճվածությունը, ինչպես նաև ֆիզիկական հիվանդագին վիճակները:

Ամբողջ աշխարհում բժիշկների ու հոգեբաների կողմից ապացուցվել է, որ սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է: Խրախուսվում է ցանկացած տիպի ֆիզիկական աշխատանքը, լինի դա տնային գործերը, հատկապես աշխատանքը այգում, հողի հետ: Խորհուրդ է տրվում գոնե  տնային բույսեր աճեցնել: Ֆիզիկական ակտիվության լավագույն տարբերակ է ամենօրյա մարզումները, լողն ու պարը:

Եթե սթրեսը հիվանդագին վիճակների է հանգեցրել, անհրաժեշտ է   դիմել համապատասխան նեղ մասնագետի: Անհրաժեշտ հետազոտութոյւնների արդյունքում սահմաված ախտորոշումը բուժելուց հեո, անհրաժեշտ է կիրառել նաև օրգանիզմն ու միտքը սթրեսների նկատմամբ մարզելու և հոգեբանական դիմադրողականությունն ուժեղացնելու միջոցներ:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am