Մտավոր թերզարգացվածություն

Կյանքի ընթացքում բոլոր գործողությունները, իրար հաջորդող հաջողություններն ու բացթողումները մեր մտավոր կարողությունների արտահայտությունն են:  Մարդու մտավոր կարողություններն ու հնարավորությունները սկսում են ձևավորվել դեռևս սաղմնային ժամանկահատվածում, ապա զարգանում ու հղկվում են կյանքի տարբեր հատվածներում: Այս ամենի համար հավասարաչափ պատասխանատվություն ունեն թե՛ գենետիկ նախատրամադրվածությունը, թե՛ ժամանակի հետ եկող հոգեհուզական ներազդեցությունները, թե՛ կրթադաստիարակչական միջոցառումները:

Հույզերի ու զգացողությունների, խոսքի ու կամքի, ուղեղի մոտորիկայի խանգարումները ընդհանուր առմամբ մտավոր կարողությունների թերի զարգացման հետևանք են: Օլիգոֆրենիա եզրույթը, որը նկարագրվում է որպես մտավոր թերզարգացածություն, սակավամտություն կամ հետամնացություն, առաջին անգամ նկարագրել է Էմիլ Կրեպլինը: Այն լինում է ձեռքբերովի կամ բնածին և ընդհանուր առմամբ արտահայտվում է հոգեհուզական խանգարումերով, գլխուղեղի գործունեության հետ առնչվող հիվանդություններով, ինտելեկտի բացակայությամբ:

Մտավոր թերզարգացածության խնդիրը մշտապես, դարեր շարունակ, գիտնականների, բժիշկների ուշադրության  և ուսումնասիրության կենտրոնում է եղել: Տարբեր ժամանակներում միմյանցից տարբերվող բնորոշումներ են տրվել երևույթին: Քսանմեկերորդ դարում մտավոր թերզարգացածության հիմնախնդիրը բավական ընդարձակ հասկացողություն է, այն ներառում է հոգեֆիզիոլոգիական և սոցիալական հիմնախնդիրների մի ողջ համալիր:

Մտավոր թերզարգացածությունը ներառում է հոգեհուզական զարգացման հապաղում, որը մեծամասամբ պայմանավորված է օրգանական պաթոլոգիաներով:

Որպես հոգեկան բնածին թերություն մտավոր թերզարգացածությունը տարանջատվում է ձեռքբերովի սակավամտությունից:

Մտավոր թերզարգացումը հիվանդություն է, միևնույն ժամանակ վիճակ, որը հետևանք է մի շարք ֆիզիոլոգիական խնդիրների ու հիվանդությունների:  Մտավոր թերզարգացման պատճառները բազմաթիվ են:  Մասնագետների խոսքով, յուրաքանչյուր հիվանդության պատմություն անհատական է՝ անկախ ընդհանրական որոշ գործոններից:

Որքան էլ հոգեբանական ու բժշկական գիտությունները  զարգացման ու կատարելագործման ճանապարհին  նորանոր ձեռքբերումներ են արձանագրում, միևնույն է, համաշխարհային հոգեբուժական միտքը դեռևս չունի մտավոր թերզարգացման համար վերջնական ու միասնական պատճառաբանություն:

Մարդու զարգացման կարևորագույն ժամանակահատված է դիտարկվում ներարգանդային շրջանը: Մտավոր թերզարգացման համար հնարավոր պատճառներ են  դիտարկվում սաղմի ներարգանդային շրջանի  ֆիզիկական, ինչպես օրինակ ճառագայթային, նաև քիմիական կամ ինֆեկցիոն բնույթի թունավորումը: Մեծագույն նշանակություն ունի հոգեմետ դեղերի, վնասակար նյութերի՝ ալկոհոլ, թմրանյութեր, ծխախոտ, չարաշահումը:  Հետևաբար, հղիության հիգիենան, ճիշտ և առանց հիվանդությունների, բարդությունների ընթացքը մեծապես կարևորվում է  ֆիզիկապես,  հոգեպես ու մտավոր տեսանկյունից առողջ երեխայի ծնվելու տեսանկյունից:

Առանձնակի կարևորվում է հասուն պտղի ծնունդը, վաղաժամ, անհաս երեխաների ծնունդը մտավոր տեսանկյունից զարգացածության ռիսկային գործոններից մեկն է:Նույնչափ կարևորվում է ծննդալուծման եղանակը: Այս ընթացքում ստացված վնասվածքները ևս  որոշիչ են երեխայի մտավոր կարողությունների համար:

Ընդհանրապես կյանքի տարբեր ժամանակահատվածում, և հատկապես զարգացման ու հասունացման, դեռահասության շրջանում ստացված ֆիզիկական վնասվածքները կարող են ճակատագրական լինել միանգամայն առողջ մարդու ուղեղի աշխատանքի համար՝ մտավոր կարողությունների արտահայտման, ինքնադրսևորման, տարատեսակ հիվանդագին երևույթների ձեռքբերման տեսանկյունից:

Ուժգին,  ընդհուպ  գլխուղեղ և ուղեղանյութ հասնող հարվածները, որոնց ընթացքում բնականաբար մեծ է ուղեղային կենտրոնների վրա ճնշումը, կարող են և մտավոր խնդիրների ի հայտ գալու պատճառ լինել: Ֆիզիկական հարվածի հետևանքով խանգարվում կամ դադարում է Կենտրոնական նյարդային համակարգի որևէ  հատվածի կենսագործունեությունը, որը պատասխանատու է նաև մտավոր աշխատանքի համար:

Որպես մտավոր ունակությունների խաթարման ձեռքբերովի պատճառ է նշվում  նաև հիպօքսիան՝ թթվածնային քաղցը: Տևական հիպօքսիայի հետևանքով կարող է խափանվել կենտրոնական նյարդային համակարգի, գլխուղեղի՝ մտավոր աշխատանքը ապահովող կենտրոնների աշխատանքը:

Տարատեսակ վարակները, բակտերիաները, որքան վտանգավոր են սաղմնային վիճակում, նույնքան և արդեն մեծ տարիքում: Վարակներն ու բակտերիաները ևս կարող են վտանգել կենտրոնական նյարդային համակարի հստակ կենտրոններ, ինչպես նաև կարևոր հատվածների բջիջների կենսագորունեությունը: Ընդ որում, նույնքան վտագավոր են թե գլխի հատվածի բորբոքային ու ինֆեկցիոն օջախները, այնպես և արյան ընդհանուր շրջանառության միջոցով գլխուղեղ հասնող վարակներն ու մանրէները:

Այս ամենին զուգահետ մասնագետներն առանձացնում են մտավոր թերզարգացածություն ունեցող մարդկանց մի կարևոր խումբ՝ մարդիկ, ովքեր ժամանակին՝ մինչև երկու-երեք տարեկանը զուրկ են եղել մարդկային հոգածությունից, ծնողական ջերմությունից,  և խնամքից:   Նմանատիպ դեպքեր հանդիպում են հիմնականում ոչ բարենպաստ ընտանիքներում, անբարո, վնասակար սովորություններ ունեցող ծնողների միջավայրում:

Եվ իհարկե, մտավոր թերզարգացման խնդիրների  և հատկապես ծանր ու խորացած դեպքերի ուղիղ կեսը գենետիկ նախատրամադրվածություն և պատճառ ունի:

Դրանք հիմնականում քրոմոսոմային անոմալիաներ են, գենային հավասարակշռության խախտումներ: Կարող է նաև տեղի ունենալ որոշ գեների ֆունկցիայի խանգարումներ: Կա շուրջ 1000 հնարավոր գենային մուտացիայի տեսակ, որոնք կարող են այս կամ այն աստիճանի մտավոր թերզարգացածության պատճառը լինել: Դրանցից յուրաքանչյուրը առանձին հիվադության կամ հիվանդագին վիճակի խթանողն է:

Հատկանշական է, որ ժամանակակից գիտահետազոտական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դեռևս սաղմնայի վիճակում հայտնաբերել նշված մուտացիաները, կամ դրանց հնարավոր բարդությունները մարդու կյանքի ընթացքում: Սա կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման լավագույն տարբերակ է դիտարկվում: Ընդհանուր առմամբ, մտավոր թերզարգացածությունը բազմաշերտ հիվանդագին վիճակ է, որն ընթանում է նյարդահոգեբանական, հոգեհուզական, նաև ժամանակի ընթացքում ի հայտ եկող ֆիզիկական հիվանդություններով: Թերի զարգացած մտավոր համակարգով մարդկանց մոտ նկատելի է ցածր ինտելեկտ, երբեմն դրա բացակայություն:  Դեռևս վաղ մանկական տարիքում երեխաների խոսքային ֆունկցիայի հիման վրա մասնագետներն անհրաժեշտ հետևություններ են անում երեխաների ընդհանուր զարգացման դիամիկայի վերաբերյալ: Մտավոր թերզարգացման պարագայում նկատելի է խոսքային հաղորդակցության հապաղում, ապա խոսքի զարգացման համակարգային  թերացում:

Ընդհանուր առմամբ, ուշադրությունն ու կենտրոնանալու, անհրաժեշտ պահի ուշադրությունը շեղելու ունակությունը համակարգային զարգացման կարևոր ցուցանիշն է: Կենտրոնական նյարդային համակարգի կողմից մտավոր հապաղումների դեպքում կարող է նկատվել ուշադրության թերացում, բաշխման դժվարություն, շեղումներ: Ոչ ամբողջությամբ զարգացած մտավոր համակարգի մասին են վկայում նաև մտածելու ընթացքում անհստակությունը, վերլուծելու անկարողությունը, ինչպես նաև հիշողության ֆունկցիայի թերացումը, բացակայությունը, հիշողության սխալներն ու խաբկանքները: Մասնագետների խոսքով, ամենակարևոր առանձնահատկությունը, որը մեծապես խոչընդոտում է թերի զարգացած մտավոր համակարգով մարդկանց կյանքի որակին, հուզակամային համակարգի խանգարումն է: Սա հանգեցնում է ոչ ադեկվատ վարքագծի: Էմոցիաների անկառավարելիությունը կարող է խանգարել նորմալ կենսագործունեությանը, շփման հնարավորությունները,  վտանգել մարդկանց հետ հարաբերությունները: Սա ենթադրում է  հասարակության մեջ ունեցած դերի և հավակնությունների հնարավորության նվազեցում:

Անհրաժեշտ է տարբերակել, որ մտավոր թերզարգացածությունը միանգամայն տարբերվում է հոգեկան խագարման տեսակներից, չնայած որ երբեմն, մտավոր թերզարգացածությունը կարող է հագեցնել նաև հոգեկան խագարումների, եթե ընթանում է հոգեհուզական խորն արտահայտված խափանման դրսևորումներով, վարքային շեղումներով, ոչ ադեկվատ վարքագծով: Ինչպես արդեն նշվեց, մտավոր թերզարգացածության ախտորոշումը հնարավոր է սահմանել դեռևս ներարգանդային փուլում: Սակայն ոչ բոլոր ծնողներն են նպատակահարմար գտնում դիմել այդ փորձաքննությանը: Երեխայի ծննդյան պահից և հատկապես առաջին երկու տարի հնարավոր է վարքագծի ընդհանուր դիտարմամբ պարզաբանել բնածին արատի առկայությունը: Իսկ հետագայում՝ կյանքի տարբեր հատվածներում՝ թունավորումներից,  հարվածներից ստացված ուղեղային վնասվածքների արդյունքում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ ի հայտ եկած մտավոր թերություններրը հնարավոր է հայտնաբերել գործիքային հետազոտությունների շնորհիվ:

Կենտրոնական նյարդային համակարգի մտավոր թերզագացման պարագայում հայտնաբերման սկզբից իսկ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Հատկապես բնածին թերզարգացածության դեպքում, կարևոր է երեխայի ճիշտ սոցիալականացման ծրագիրը, ինչպես նաև հատուկ հոգեբանամանկավարժական աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել տարիների ընթացքում ձևավորվող անհարմարության, դիսկոմֆորտի, ոչ ադեկվատ վարիքի, հույզերի չզսպման հարավոր վտանգները: Եթե մտավոր խնդիրները հետևանք են թունավորումների կամ վնասվածքների, համապատասխան բուժումն ու վերականգնողական գործողությունները հարավորություն են տալիս նաև վերգտնել երբեմնի մտավոր հնարավորութոյւններն ու ունակությունները: Օլիգոֆրենիայի դեպքում հաճախ են նշանակվում նաև դեղամիջոցներ, որոնք ուղղված են հոգեգուզական ոլորտի շտկմանը, կորեկցիային: Այս ընթացքում կարևորվում է հոգեբանամանկավարժական հատուկ մոտեցումը: Վերականգնման ու սոցիալական ադապտացիայի նշանակալի գործոն է աշխատանքը, գրագետ պլաավորված ու մասնագիտորեն ուղղորդված շփումները, արտթերապիան: Այս ամենը կարող են թեթևացնել մտավոր թերզարգացվածության հետևանքները, խթանել թեկուզ մտավոր կարողություններով, որոշակի շեղումներ ու անկատարություններ ունեցող մարդկանց  հոգեպես ու ֆիզիկապես կառավարելիությանը,  հասարակությունում որպես լիարժեք անդամի ներգրավվածությանը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am