Մի՛ վախեցիր

Յուրաքանչյուր մարդու հոգեկան աշխարհը անհատական է: Որքան էլ հոգեբանություն գիտությունը ընդհանրություններ է առանձնացնում՝ բաժանելով մարդկանց ըստ իրենց բնույթի, միևնույն է, աշխարհընկալումն ու տարբեր երևույթների նկատմամբ արձագանքը ամենքիս պարագայում անկրկնելի է: Բոլոր մարդկանց էլ բնորոշ է վախենալու ունակությունը: Հոգեբանները վախն առանձնացնում են բոլոր հույզերից՝ որպես ամենավտանգավոր ու բազմաշերտ երևույթ:

Մասնագետների ձևակերպմամբ, վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա, կրում է պաշտպանական բնույթ: Այն ուղեկցվում է նյարդային վիճակով: Որևէ իրից, երևույթից վախենալով մարդն ունենում է վտանգի զգացողություն, որը հիմված է  նրա կյանքի փորձի, միջանձնային հարաբերությունների վրա:

Վախենալիս կարող է տատանվել մարդու զարկերակային ճնշումը, ասյ ընթացքում ի հայտ է գալիս հաճախացած շնչառություն, սիրտը կարող է արագ զարկել, արտադրվում է ստամոքսահյութ: Այս ընթացքում խախտվում է մարդու նյութափոխանակությունը, էնդոկրին համակարգի ֆունկցիան, արդյունքում արտադրվում են նաև որոշակի հորմոններ:

Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ, որոնք վերաբերում են նրա կենսակերպին, արտահայտում են նրա որակները, բնույթը, զարգացածության աստիճանը, ինտելեկտը: Վախերը չունեն տարիքային սահմանափակում: Սակայն, մասնագետների խոսքով, սկսվում են վաղ մանկությունից: Դեռևս մեկ-երկու  տարեկան երեխան ենթագիտակցորեն վախ է ունենում: Աստիճանաբար դա ստանում է արդեն գիտակցական դրսևորում: Ենթագիտակցականից գիտակցականի անցումն ապահովում են երեխայի աշխարհաճանաչողության ընդլայնումը, նոր երևույթների ու իրերի, մարդկային որակների բացահայտումը:

Երեխաներին ընդունված է նաև վախեցնել: Սկզբում դա ծնողներն անում են նրան կառավարելու նպատակով, սակայն աստիճանաբար ծեր մարդկանցից, ոստիկաններից, բժիշկներից ու հեքիաթների հերոսներից վախերը վերաճում են անգամ հոգեբանական  խնդիրերի, որոնց դեմ պայքարը համեմատաբար լուրջ ու ընդգրկուն կարող է լինել:

Վախը մի զգացողություն է, որը անկախ մարդու կամքից պաշարում, կաթվածահար է անում մարդու միտքը, հետին պլան մղում սթափ կշռադատելու կարողությունը: Այն հավասարաչափ վտանգավոր է երեխաների և մեծահասակների պարագայում, հանգեցնում է մի շարք հիվանդությունների զարգացմանը, բացահայտմանը, վտանգում է կյանքի որակը:

Շատ երեխաներ կարող են ծնվել վախի բնածին զգացումով, դա պայմանավորված է հղիության ընթացքում կնոջ ունեցած սթրեսային, ծանր հոգեբանական վիճակով, ապրած խորը վախերով ու անհանգստությամբ, անգամ տհաճության զգացումով: Երեխաների մոտ դա կարող է արտահայտվել նաև տարատեսակ ֆոբիաների տեսքով:

Ժամանակակից հոգեբանությունը ֆոբիան դիտարկում է որպես հոգեկան խանգարում: Ֆոբիաների առաջացման կոնկրետ պատճառներ երբեք չեն նշվում, այն խիստ անհատական վիճակ է: Սովորաբար ֆոբիայի առարկան չափազաց անտրամաբանական է լինում: Ամենատարածված ֆոբիաների թվին են պատկանում փակ տարածությունից, թռչուններից, կենդանիներից, մկներից, շներից ֆոբիաները: Ֆոբիաները ևս սրտանոթային և ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել:Ֆոբիայով տառապող մարդը նման դեպքերում խուճապի մեջ է հայտնվում: Վախի նոպաները հաճախ զուգորդվում են այնպիսի հոգեբանական երևույթներով, ինչպիսիք են՝ ապակողմնորոշումը, անիրականության զգացումը: Հնարավոր են ֆիզիկական այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են` գլխապտույտը կամ հավասարակշռությունը կորցնելը, սրտխփոցը,տեսողության և լսողության կորուստը: Երբեմն նկատվում են նաեւ այլ ֆիզիկական նախանշաններ` սրտխառնոց, որովայնի շրջանում ցավեր, դժվարություններ միզելու հետ կապված, մկանային լարվածություն: Ֆոբիա ունեցող մարդու մոտ շատ արագ տեմպերով է աճում վախի զգացումը, հատկապես, եթե երևակայությունն ավելի ուժեղ է աշխատում: Մարդն ավելի շատ է սկսում սևեռվել անհարմարության վրա և ավելի քիչ է սկսում մտածել այն բանի մասին ինչը կարող է իրեն ազատել նման հոգեվիճակից: Այնպիսի համոզմունք է առաջանում, որ հիմա պետք է մի ահավոր բան տեղի ունենա`մահ, սրտի նոպա կամ հոգեկան խանգարում: Հենց սա է խուճապային վիճակը:Այդ խուճապն այնքան տառապալի, սարսափելի է, որ մարդը խուսափում է ցանկացած իրավիճակից, որը կարող է սևեռուն վախ առաջացնել: Նմանֆոբիայով տառապող մարդիկ խոստովանում են, որ այդ ռեակցիան երբեմն մեղմանում կամ անհետանում է վստահություն ներշնչող մարդու ներկայությունից: Հնարավորության դեպքում նրանք պետք է վստահություն, ուժ սերմանել հատկապես  երեխաների նկատմամբ, ճիշտ ներկայացնել իրերն ու երևույթները, կատարել բացատրական լուրջ աշխատանքներ: Ամենակարևորը երեխայի ՝ պաշտպանված լինելու զգացողությունն է, որը պետք է համադրվի ճիշտ աշխարհաճանաչողությանը:

Վախերի անտեսումը կամ դրանց նշանակություն չտալը կարող է առավել բարդացնել վիճակը: Վախենալու պահին խախտվում են օրգանիզմում տեղի ունեցող մի շարք բնական գործընթացներ, տևական վախերը շատ դեպքերում հանգեցնում են նյութափոխանակության խանգարումների, ճնշվածության, մանկական դեպրեսիաների, ընդհանուր դիմադրողականության անկման, ինչի հետևանքով երեխաները կարող են հաճախ հիվանդանալ: Որպես կանոն նրանք անհանգիստ են քնում, կամ չեն քնում, վատ են ուտում, վատ են սովորում դպրոցում, խուսափում են շփումներից, չեն հանգստանում, մեծանում են կասկածամիտ ու անվստահ:

Բավական հաճախ, վախերի դեպքում մարդիկ չեն կարողանում հաղթահարել իրենց զգացողությունը, և վախը կարող է ուղեկցել ողջ կյանքի ընթացքում՝ ունենալով տարբեր սրացումներ: Այս գործում կարևոր է նաև նախաձեռնությունը այցելել հոգեբանին՝ առավել հստակ կառավարելու սեփական զգացողություները, շտկել դրանք՝ բարելավելով կյանքի որակը, ինչպես նաև կանխելու սոմատիկ հիվանդությունների առաջացումը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am