Համագումարը միավորել է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած նյարդավիրաբույժներին

Հոկտեմբերի 8-ին Երեւանում աշխատանքները սկսեց Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին մասնակցում են տարբեր երկրների առաջատար մասնագետներ։

Համագումարի մասնակիցները հնարավորություն ունեն կիսվել վերջին տասնամյակի ընթացքում ձեռք բերված միջազգային փորձով և գիտելիքներով:

12132512_1671630593078063_582253927996210495_o

«Նյարդավիրաբուժության ոլորտի հիմնական խնդիրները կապված են բժշկական սարքավորումների հետ, սակայն ՀՀ կառավարությունը դրանք լուծելու նպատակով քայլ առ քայլ փորձում է առողջապահական ոլորտի ծախսային մասն ավելացնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը:

12068634_1671630893078033_8927477056686085709_o

Համագումարների նպատակն է ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման և բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանը, մասնագետների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

12034167_1671630516411404_6986224929053907470_o

Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը նպաստում է նաև տվյալ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի մասնագետների ջանքերի համախմբմանը, ամրապնդում է առաջատար մասնագետների և տարբեր երկրների կլինիկաների միջև համագործակցությունը, բարձրացնում գիտական ուսումնասիրությունների նկատմամբ երիտասարդ բժիշկների հետքրքրությունն ու հնարավորություն տալիս նրանց ծանոթանալ տվյալ ոլորտի նորամուծություններին:

12087193_1671630826411373_3191212383092481860_o

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանի խոսքով` միջոցառումը տարիներ շարունակ նպաստում է տարածաշրջանի նյարդավիրաբույժների միջև համագործակցության հաստատմանը:

«Այս համագումարը մասշտաբային միջոցառում է, որի աշխատանքում մասնակցում են և՛ Սևծովյան տարածաշրջանի երկրների մասնագետներ, և՛ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից»,- ասաց Ռուբեն Ֆանարջյանը:

Միջազգային համագումարը նախատեսում է անցկացնել պլենար նիստեր, որի ընթացքում կներկայացվեն տարբեր երկրների առաջատար մասնագետների զեկույցները:

Համագումարի շրջանակում կկազմակերպվեն ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ուսուցման վերաբերյալ դասընթացներ, կներկայացվեն առանձին կենտրոնների և հեղինակների գիտական ձեռքբերումներն ու գործնական փորձի ամփոփումները:

Նշենք, որ վերջին տասնամյակներում Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժական գիտությունն ու ծառայությունը: Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 8 նեյրովիրաբուժական կլինիկա և տարեկան իրականացվում է 2500 վիրաբուժություն:

Երիտասարդ մասնագետների որակավորման բարձրացմանը, բարձր տեխնոլոգիական մեթոդիկաների կիրառմանը համընթաց, շարունակվում է միջազգային համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ:

Անգնահատելի է հայկական սփյուռքի ավանդը, որը թույլ է տալիս մեր երկրի նյարդավիրաբուժությանը հանդես գալ միջազգային մակարդակում և տարբեր հարթակներում ներկայացնել սեփական արդյունքները:

Համագումարի շրջանակում նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում:

Այս համագումարի պատմությունը սկսվել է դեռևս 1999թ., երբ այն առաջին անգամ կազմակերպվել Ռումինիայում: 2013թ. Թբիլիսիում որոշվել է հերթական համագումարն անցկացնել Հայաստանում:

Պետք նշել, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց անցկացնել հերթական համագումարը կանոնադրության համաձայն, և այդ պատասխանատվությունը ընկավ Հայաստանի վրա: