Չանտեսենք փայծաղի նշանակությունը

Այն, որ մարդու կատարյալ առողջությունը պայմանավորված է բոլոր օրգան-համակարգերի նորմալ կենսագործունեությամբ, վեր է բոլոր տեսակի կասկածներից: Երբեմն մեզ պատուհասում են հիվանդություններ կամ հիվադագին վիճակեր, որոնց իրական պատճառը առաջին հայացքից տեսանելի չէ, պարզվում է տևական հետազոտությունների, տարբերակիչ ախտորոշման սկզբունքների հիման վրա: Երբեմն, ընդհանուր թուլության,  տրամադրության անկման, հաճախ հիվանդանալու, հոգեբանական ընկճվածության հիմքում բավական լուրջ և ուշադրության արժանի հիվանդություն է թաքնված լինում՝  որևէ օրգան-համակարգի կեսագործունեության թուլություն կամ խափանում, որն անհապաղ բուժման անհրաժեշտություն ունի:

55e7670a9b15a

Մեր կենսագործունեության կարևորագույն օրգաններից մեկն էլ փայծաղն է: Փայծաղը սկսում է ձևավորվել ներարգանդային կյանքում, հղիության 5-րդ շաբաթում, պտղի զարգացման նախնական շրջանում այն արյունաստեղծ օրգաններից մեկն է, իսկ հետագայում, ժամանակի ընթացքում այդ ֆունկցիան սկսում է կատարել նաև ոսկրածուծը։ 150-200 գ ունեցող օրգանը գտնվում է որովայնի ձախ` լյարդին տրամագծորեն հակառակ կողմում, եթե իհարկե չկան բնածին արատներ, որոնց պարագայում հնարավոր է փայծաղի՝ այլ հատվածներում տեղակայումը:

Փայծաղը փուխր, սպունգանման մարմին է, որի հյուսվածքներով յուրաքանչյուր մեկ րոպեում անցնում է 200 մլ արյուն։ Փայծաղի հյուսվածքները կլանում են արյան հետ հոսող միկրոբները, թույները, ծերացած և վնասված բջիջները` արյան կարմիր գնդիկները։ Փայծաղը կլանում է ոչ միայն վնասված ու այլևս անգործունակ էրիթրոցիտները, այլև պահեստավորում է առողջների մի մասը, որն անհրաժեշտության դեպքում մղվում է արյան հոսքի մեջ։

Հալենը և Արիստոտելը համարել են, որ փայծաղը երկրորդ լյարդն է, որի արտադրած սև մաղձի կուտակելու դեպքում մարդը դառնում է դյուրագրգիռ և անտրամադիր: Տարբեր ժամանակներում համարվել է, որ փայծաղի հեռացումը բացարձակապես չի ազդում մարդու առողջության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, եթե օրգանիզմում ցածր է արյան մակարդելիությունը։ Մինչդեռ աստիճանաբար բժշկությունը եկել է այն եզրակացության, որ հատկապես իմունային համակարգի պատշաճ աշխատանքը պայմանավորված է հենց փայծաղի նորմալ կենսագործունեությամբ: Եվ հակառակը,  թուլությունների, հաճախակի գլխացավերի, արյան ճնշման տատանումների, վերարտադրողականության, հաճախակի հիվանդացության, անգամ նաև  իմունային անբավարարություն հիմքում փայծաղի ֆունկցիայի խագարումներ կարող են լինել:

Փայծաղի համար առավելագույն վտագ են վարակիչ հիվանդությունները: Կախված հարուցչի բնույթից ու տեսակից տարբեր դրսևորում կարող է ունենալ փայծաղի ախտահարումը: Փայծաղը կարող է մեծանալ ինֆեկցիայի կամ հարակից օրգանների` ենթաստամոքսային գեղձի և լյարդի հիվանդությունների պատճառով։ Երբեմն առանձին հատվածներ կարող են մեռուկանալ: Օրգանիզմից սուր վարակիչ երևույթների հեռացման դեպքում կարող են և ինքնավերականգնվել փայծաղի բջիջները: Վարակիչ հիվանդությունների պարագայում հաճախ է պատահում, որ  փայծաղի վրա  հեղուկով լցված բշտիկներ են առաջանում, եթե դրանց չափը 5-6 սմ-ից մեծ է, ապա կատարվում է վիրահատություն, հեռացվում է ախտահարված հատվածը։

Փայծաղը կարող է ախտահարվել նաև բորբոքային հիվանդությունների ժամանակ: Չիջեցված բարձր ջերմությունը կարող է վտանգել նաև փայծաղի ֆունկցիան:

Փայծաղը շատ զգայուն է մեխանիկական ազդեցությունների հանդեպ, քանի որ արտաքին թաղանթը շատ բարակ և թույլ է. ուժեղ արնահոսություն առաջանալու դեպքում միակ ճիշտ լուծումն այս օրգանի վնասված հատվածի անհապաղ հեռացումն է։ Բավական հաճախ փայծաղը վնասվում է ծանրաբեռնված մարզումների, ֆիզիկական անկանոն շարժումների, վթարների ու վնասվածքների արդյունքում:  Նման պարագայում բուժական միջոցառումը սահմանափակվում է վիրահատական միջամտությամբ, քանի որ ֆիզիկապես պատռված փայծաղը վերականգնելը համարյա անհնար է:  Երբեմն այս երևույթը չի շրջանցում նաև փոքրիկներին: Ընդհանուր առմամբ վիճակագրությունը փաստում է, որ փայծաղի ախտահարումները պատահում են երեխաների շրջանում:  Հենց նրանց պարագայում էլ ամենաշատն են իրականացվում վիրահատական միջամտությամբ փայծաղի մասնակի կամ ամբողջական հեռացումներ:

Փայծաղի ախտահարումները մեծամասամբ այլ՝ վարակիչ կամ բորբոքային բնույթի հիվանդությունների կողմնակի երևույթն են: Այս օրգանի ախտահարումը, բացի ֆիզիկական վնասվածքների պարագան, գրեթե միշտ երկրորդային բնույթ է կրում: Երբեմն փայծաղի ախտահարումները անտեսվում են՝ դրանով իսկ հետաձգելով առաջնային հիվանդության լիարժեք բուժման հնարավորությունը:

Փայծաղի ախտահարումները այտաբերվում են համակարգչային շերտագրման, ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Ախտորոշման կարևորագույն նախապայման է նաև արյան լաբորատոր փորձաքննությունը:

Ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա իրականացվում է բուժումը: Ինչպես նշվեց, բավական հաճախ առաջնային հիվանդության բուժումն ապահովում է նաև փայծաղի ինքնակարգավորումն ու ավարտուն բուժումը: Սակայն մասնագետները նշում են, որ հատուկ ուշադրություն ու խնամք է պետք սահմանել նաև փայծաղի նկատմամբ: Կարևոր է չծանրաբեռել այն, ժամանակին մաքրել արյունը թույներից ու բորբոքային երևույթների մնացուկներից: