Միզասեռական համակարգի ուռուցքային հիվանդություններ

Ամբողջ աշխարհում միզասեռական համակարգի ուռուցքային հիվանդությունները  բավական հաճախ են հանդիպում: Իմ պրակտիկան ևս բացառություն չէ:

Գևորգ Գրիգորյան ուրոլոգ

-Բժիշկ Գրիգորյան, հատկապես ո՞ր օրգանի ախտահարումները և ո՞ր տիպի՝  չարորա՞կ, թե բարորակ նորագոյացություններն են գերակշռում:

IMG_2585

-Դա կախված է տարիքից և հիվանդության զարգացման ռիսկի գործոններից: 20-40 տարեկան տղամարդկանց մոտ գերակշռում է ամորձու քաղցկեղը, 40-ից բարձր տարիքի տղամարդիկ հիմնականում ունենում են խնդիրներ շագանակագեղձի հետ կապված՝ թե՛ բարորակ, թե՛ չարորակ: Հանդիպում են նաև միզապարկի և երիկամների չարորակ նորագոյացություններ… Իմ պրակտիկայում արտառոց դեպք  է եղել միզուկի քաղցկեղով հիվանդը, որը վիրահատվել է և ներկա պահին գտնվում է հսկողության ներքո: Նշեմ, որ տվյալ հիվանդությունը համաշխարհային տվյալներով զբաղեցնում է բոլոր չարորակ գոյացությունների 1%-ից քիչ տոկոս: Չեմ կարող ասել, որ այդ հիվանդությունը վիճակագրական աճի միտում ունի, բայց ռիսկի գործոնները, որոնք նկարագրված են գրականության մեջ, բավական տարածված են՝ միզուկի բորբոքումներ (որոնք առաջանում են հիմնականում սեռավարակների հետևանքով), մարդու պապիլոմավիրուս, միզուկի նեղացումներ և այլն…

-Նշվում է, որ միզասեռական համակարգում ուռուցքային գոյացությունների առաջացման հարցում ևս առավել հաճախ ժառանգական նախատրամադրվածությունն է պատճառը,  ուրիշ ի՞նչ գործոներ կնշեք:

-Հիվանդի ընտանիքում չարորակ նորագոյացությունների առկայությունը կարող է մեծացնել հիվանդության զարգացման հավանականությունը, սակայն կան նաև այլ ռիսկի գործոններ, որոնց կարևորություն է տրվում՝ ծխելը, թունաքիմիկատների հետ աշխատանքը, որոշակի պարազիտար և վիրուսային հիվանդություններ:

IMG_2544

-Կա՞ միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդացությունը կանխարգելելու հավանականություն, հնարավո՞ր է որևէ կերպ մեղմել ժառանգական նախատրամադրվածության արտահայտությունը կամ հետաձգել հիվանդացությունը:

-Իմ անձնական կարծիքն է, որը ես կայացրել եմ որոշակի փորձի հիման վրա, որ յուրաքանչյուր անձ պետք է փորձի նվազեցնել ռիսկի գործոնների ազդեցությունն իր վրա՝ վարի առողջ ապրելակերպ, պարբերաբար անցնի պրոֆիլակտիկ բժշկական զննություն, որպեսզի նույնիսկ չարորակ նորագոյացության առկայության պարագայում, հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերվի: Վաղ հայտնաբերման պարագայում բուժման արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր է՝ հիվանդի ապրելիության և հետագա բարդությունների տեսանկյունից:

Փորձենք առանձնացնել հիվանդացությունը կանանց  ու տղամարդկանց պարագայում՝ տարբեր սեռերի պարագայում  ո՞ր օրգանների ախտահարումներն են առավել հաճախ հանդիպում ու որո՞նք են առաջացմանը նպաստող գործոնները:

-Ռիսկի գործոնները գրեթե նույնն են: Տղամարդկանց մոտ առավելապես հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը, որը  մեծ վտանգ է ներկայացնում այն առումով, որ կարող է առանց որևէ ախտանիշի ընթանալ կամ ընթանալ նույն բարորակ հիպերպլազիայի ախտանիշներով:

Բնական է, որ այս համակարգի  տարբեր հատվածների ախտահարումներն առանձնահատուկ պատճառներ և ընթացք ունեն, այնուամենայնիվ, ի՞նչ հիմնական ախանշաններով են ընթանում միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդությունները:

-Ամենատարածված ախտանիշը մեզի մեջ արյան առկայությունն է: Այդ ախտանիշի պարագայում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ուրոլոգի: Շատ դեպքերում լինում է արնամիզության մեկ դրվագ, և պացիենտը ուշադրություն չի դարձնում՝ մտածելով, որ միակ անգամն անհանգստանալու համար բավարար չէ: Պետք է հստակ հիշել, որ արնամիզությունը միանգամայն լուրջ և հիմնավոր ահազանգ է: Ուշադրություն չդարձնելու պարագայում հիվանդությունը բարդանում է, բուժումը ավելի ծավալուն և խորն է լինում՝ թե՛ բժշկի համար տեխնիկապես, և թե՛ պացիենտի համար՝ կյանքի որակի, բուժման բարդությունների, ֆինանսական ու սոցիալական առումներով: Մյուս ախտանշանները, որոնք կարող են վկայել միզային համակարգի քաղցկեղային հիվանդությունների մասին,  պահանջում են ավելի մանրակրկիտ հետազոտություններ: Դրանք միզարձակության զանազան խանգարումներն են՝ հաճախացած միզարձակություն, դժվարացած միզարձակություն, մեզի թույլ շիթ, գիշերային հաճախացած միզարձակություն: Այս ախտանշանները կարող են լինել թե՛ միզուղիների ինֆեկցիայի պարագայում, թե՛ շագանակագեղձի բարորակ գերաճի, և թե միզապարկի քաղցկեղի պարագայում: Հնարավոր ախտանիշ է ցավը գոտկային շրջանում և զարկերակային ճնշման բարձրացումը (երիկամի քաղցկեղ), ցավ ցայլային շրջանում(միզապարկի քաղցկեղ), ցավը կոնքի շրջանում կամ քայլքի խանգարումը (վկայում է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղի մասին), հնարավոր է ամորձու անցավ մեծացում և/կամ արյան առկայություն սերմի մեջ (ամորձու քաղցկեղ), արտաքին սեռական օրգանների վրա կոնդիլոմաների առկայություն (հնարավոր է լինեն թե՛ բարորակ, թե՛ չարորակ):

-Այսպիսով նկատելիորեն վտանգվում է մարդու կյանքի որակը և փաստորեն Ձեր կողմից նշվեցին մի շարք նշաններ, որոնց առկայության պարագայում առաջին կարևոր քայլը բժշկին այցելելն է:

-Բժիշկը զանազան ախտանշաններից կարող է ենթադրել կամ կասկածել միզային համակարգի չարորակ նորագոյացության առկայության մասին, սակայն պացիենտը, ենթադրելու փոխարեն, պետք է պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումներ անցնի: Բնականաբար, ցանկացած հիվանդության պարագայում տուժում է կյանքի որակը: Ուռուցքային հիվանդությունների բուժման գործընթացը ավելի ծավալուն է, երկարատև և ազդում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակի վրա: Այս դեպքերում ընդունված է առաջնահերթությունը տալ պացիենտի բուժմանը քաղցկեղային հիվանդությունից, և կյանքի որակը անցնում է երկրորդ պլան: Միևնույն ժամանակ, ներկայումս ամբողջ աշխարհում, բժիշկներն աշխատում են համատեղել բուժման գործընթացը և կյանքի որակի պահպանումը:

-Ընդունված է, որ  ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ համադրվում  են քիմիաթերապիան, վիրահատական միջամտությունը:

-Ոչ միայն քիմիաթերապիան և վիրահատական միջամտությունն են կիրառվում քաղցկեղային հիվանդությունների բուժման պարագայում: Լայն կիրառում ունի նաև ճառագայթային թերապիան: Գրականության մեջ նկարագրված են նաև կրիոթերապիայի, HIFU թերապիայի, բրախիթերապիայի կիրառումը: Չարորակ  նորագոյացությունների կապակցությամբ կատարված ցանկացած վիրահատական միջամտություն բացառիկ եմ համարում, քանի որ սա բժշկության բարդագույն ոլորտներից է:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am