Հեպատիտ C

Ամբողջ աշխարհում վարակիչ հիվադությունները նկատելի աճ են արձանագրում: Որքան էլ ժամանակակից բժշկագիտությունը նորանոր հաջողություններ է արձանագրում երբեմնի անբուժելի համարվող հիվանդությունների վարման գործում, միևնույն է կան հիվանդություններ, որոնց բուժումը հնարավոր է միայն վաղ ու ժամանակին ախտորոշման, ճիշտ ու մասնագիտական բուժման պարագայում:

hepatit C

Ամեն տարի մեկ միլիոն մարդ է մահանում խրոնիկ վիրուսային հեպատիտից. այն լյարդի ցիռոզի և քաղցկեղի ամենահաճախակի պատճառն է, որոնք էլ արդեն հանգեցնում են մահվան: Աշխարհում այսօր մոտ 500 միլիոն մարդ, կամ 12 հոգուց մեկը, ունեն խրոնիկ հեպատիտ B կամ C վարակ: Ամենակարևորն այն է, որ նրանց մեծ մասը չգիտի, որ վարակված է:

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը: Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ, կամ կերակրափողի, և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հայտնի է նաև «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որևէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» և հաճախ մնում է չախտորոշված։

Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով: Ընդունված է համարել, որ այն հիմնականում տարածվում է թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Հատկապես ՄԻԱՎ վարակակիրները նաև այս հիվանդության հիմնական տարածողներն են:

Կար ժամանակ, երբ համարվում էր թե Հեպատիտ Ց-ն միայն վնասակար սովորություններ ունեցող, անբարո կյանքով ապրող մարդկաց հիվանդություն է: Մինչդեռ ներկայում բազմիցս ապացուցվել է, որ հիվանդությունը առավել հաճախ փոխանցվում է բժշկական հաստատություններում՝ ատամնաբուժարաններում, խնամքի կենտրոններում: Պատշաճ կերպով չախտահարված բժշկական գործիքները կարող են տարածել հիվանդությունը:

Հեպատիտ C-ի միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։ Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։ Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում դեղնուկով:

Այս վիրուսով վարակվողների ութսուն տոկոսի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։ Վարակման առաջին տասը տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում, չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։  Հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։ Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։ Ցիռոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև B  Լյարդաբորբ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը քսան անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։ Ալկոհոլը չարաշահողների իկների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է։ Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է։

Լյարդի ցիռոզի հետևանքով կարող են առաջանալ՝ բարձր արյան ճնշումը դռներակային համակարգում, ասցիտ՝ հեղուկ որովայնի խոռոչում , կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային էնցեֆալոպատիա:

Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։ Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ: Որպես կանոն, կրծքով կերակրումը հեպատիտ Ց ունեցող կնոջն արգելում են բժիշկները:

Հեպատիտ Ց-ի ախտորոշումը սահմանվում է արյան իմունաֆերմենտային անալիզի միջոցով: Որոշ դեպքերում իրականացվում է բիոպսիոն հետազոտություն, սակայն հետազոտության այս ձևը բավական վտանգաշատ է համարվում, ուստի բժիշկները այս միջոցին ոչ միշտ են դիմում: Կարող են իրականացվել նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

Հեպատիտ Ց-ի բուժումը բավական տևական է: Այն մեծամասամբ դեղորայքային է, մեծ նշանակություն ունի մարդու կեսակերպը, սննդակարգը:

Քառասունից ութսուն տոկոս դեպքերում հիվանդությունը բուժվում է, մարդիկ վերադառում են իրեց նախկին բնական կենսակերպին: Սակայն կարևոր է իմանալ, որ այս ընթացքը պետք է համապատասխանի մասնագիտական բուժման բոլոր չափորոշիչներին, իրականացվի միայն ապացուցողական բժշկության սակմաններում:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am