Ծրագրի մեկնարկն ազդարարվեց մանկական բարեգործական համերգով

ՀՀ առողջապահության նախարարությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո նոյեմբերի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Cartoon non stop բարեգործական մանկական համերգով ազդարարեցին «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի մեկնարկի մասին։ Հեքիաթային գրիչի` ինսուլինային անալոգի միջոցով դահլիճից պատահական մի հանդիսատես` 11-ամյա Արտավազդը, Սերգեյ Սմբատյանի փոխարեն ղեկավարելով նվագախումը ազդարարեց երեկոյի մեկնարկը: 

12193441_1678471559060633_5091711591348676089_n

Ողջ համերգի ընթացքում փոքրիկ ունկնդիրներն ու նրանց ծնողները հնարավորություն ունեցան վայելել սիրված մուլտֆիլմերի սաունդթրեքերը, էկրանի վրա ցուցադրվեցին հատվածներ այդ մուլտֆիլմերից:

Լրագրողների հետ զրույցում ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Cartoon non stop համերգային ծրագրի պատմությունը սկսվել է 2014 թվականից:

«Մենք հպարտ ենք, որ նվագախմբի ելույթով է մեկնարկում այս շատ կարևոր ծրագիրը, որը կյանքի է կոչվում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ: Մենք կարողանում ենք մարդկանց միավորել դրական, գեղեցիկ, կայացած և հաջողություն ունեցող գաղափարի շուրջ: Այն գաղափարը, որի շուրջ է համերգը տեղի ունենում, շատ կարևոր է մեզ համար»,-ընդգծեց Սերգեյ Սմբատյանը` հույս հայտնելով, որ այն մանուկները, որոնք կլսեն իրենց ամենասիրված մուլտֆիլմերի երաժշտությունը, տուն կտանեն դրական լիցքեր:

12191825_1678468515727604_4180100039995434181_n

«Ծրագրի շրջանակում նախարարությունը գնել է նորագույն ինսուլիններ. դեղորայք, որն անհրաժեշտ է երեխաների կյանքի համար: Նրանք մինչ օրս ապահովված են եղել ինսուլիններով, բայց միշտ ձգտում ենք նրանց համար լավագույնն անել: Նորագույն ինսուլինները հատուկ գրիչների միջոցով են ներարկվում, չունեն բժշկական սարքավորումների տեսք»,- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Ինսուլինային անբավարարության դեպքում երեխաները մշտապես օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկումների կարիք ունեն: Հայաստանում այսօր առաջին տիպի շաքարային դիաբետով 0-18 տարեկան 454 երեխա և 18-22 տարեկան 177 երիտասարդ:

12193551_1678468449060944_7638759951808128158_n

Դիաբետն ապրելակերպ է, այդ իսկ պատճառով պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Հասարակության մեջ բոլոր երեխաները հավասար են, և մենք ձգտում ենք կյանքի հատուկ պայմաններում հայտնված երեխաների բուժման գործընթացը, նրանց կյանքի որակն էականորեն բարելավել ժամանակակից մոտեցումներ որդեգրելով:

2015թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած որոշումով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները:

Ծրագրի շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, լայնորեն կիրառվում են աշխարհում:

Ինսուլինային անալոգները և գրիչ-ներարկիչները, որով կապահովվեն Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաներն ու երիտասարդները, խորհրդանշում են նոր կյանքի սկիզբ:

Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: Ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն նաև ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը։ Դա թույլ կտա ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից, ներարկումները կատարել առանց ծնողի օգնության, ցանկացած վայրում՝ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում: Կարևոր է նաև, որ գրիչ-ներարկիչների շնորհիվ կկրճատվեն ինսուլինի կորուստները։

Միջոցառումը կազմակերպվում է Դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան (նոյեմբերի 14) ընդառաջ:

Նշենք, որ այս համերգը ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին համագործակցությունը չէ: Բարեգործական նման լայնամասշտաբ նախագծերը շարունակական են լինելու և նպատակ ունեն ապացուցելու, որ անկախ հիվադությունից բոլոր երեխաները հասարակության լիարժեք և միահավասար անդամ են: