Շագանակագեղձի ադենոմա

Շագանակագեղձի ադենոման տարածված է  քառասունից հիսուն տարեկան տղամարդկանց շրջանում, բարորակ  ուռուցքային գոյացություն է, որը բուժման անհրաժեշտություն ունի:

Այն շագանակագեղձի հյուսվածքի աճն է, որում նկատվում է ուռուցքային նորագոյացություն, հանգույցներ: Քանի որ շագանակագեղձը  միզարձակման համակարգի մի հատվածն է, այս հիվանդության պարագայում՝ ուռուցքային գոյացության առաջացման դեպքում սեղմվում ու ճնշվում է այն, առաջանում է միզարձակման դժվարություն:

Ադենոմայի զարգացման պատճառները բազմաթիվ ու բազմազան են:  Այն հաճախ է հանդիպում տարիքի հետ տղամարդու օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերի արդյունքում՝ տեստոստերոնի մակարդակի նվազում, էստրոգենների ավելացում: Այս պատճառով էլ, առավել երիտասարդ տղամարդկաց մոտ հիվանդության հավանականությունը շատ քիչ է:

Շագանակագեղձի ադենոմայի մասին կարող են վկայել միզարձակման հաճախականությունը, գիշերային ժամերին միզելու ցանկությունը, մեզի շիթի բարակումն ու նվազումը, միևնույն ժամանակ միզելու անզուսպ ցանկությունը, միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողությունը, անմիզապահությունը:

Շագանակագեղձի ադենոման զարգանում է աստիճանաբար՝ անցնելով մի քանի փուլեր: Սկզբնական փուլում միզարձակման խանգարումները քիչ են նկատելի: Նկատվում է միզարձակման խանգարում՝ թույլ միզարձակում, հիմնականում ոչ պարբերաբար հանդիպող հաճախամիզության երևույթներ: Առաջին փուլի տևողությունը կարող է ձգվել մինչև տասներկու տարի:

Երկրորդ փուլում հիվանդության նախաշաններն առավել զգալի ու նկատելի են: Տղամարդուն արդեն նկատելիոեն կարող է անհանգստացնել մեզի շիթի ընդհատվածությունն ու միզապարկի ոչ լիարժեք դատարկվածության զգացողությունը: Այս ընթացքում միզապարկում մնում է մեզի որոշակի քանակություն, տեղի է ունենում մեզի կանգ, ինչն էլ հանգեցնում է միզուղիների և միզապարկի լորձաթաղանթի բորբոքման: Սա արտահայտվում է ցավի, երբեմն այրոցի զգացողությամբ: Եթե հիվադության առաջին փուլը բավական երկար ժամանակ է տևում, որի ընթացքում հարավոր է հիվանդության բարդությունների կանխումը, ապա երկրորդ փուլում շագանակագեղձի ադենոման անպայման անցնում է երրորդ փուլ՝ իր բազմապիսի բարդություններով:

Շագանակագեղձի ադենոմայի բադությունները բազմաթիվ են: Մեզի կանգն ու միզարձակման դադարը  բարդ հետևանքեր ունեն, այս ընթացքում պացիենտն ունենում է միզելու ցանկություն, միևնույն ժամանակ դրա հարավորության բացակայություն, ինչի հետևանքով՝ անտանելի ցավեր և դիսկոմֆորտ: Հիվանդության հետևանքներն ու բարդությունները խթանում են ալկոհոլի կիրառությունը, փորկապությունները, գերսառեցումը:  Այն դեպքերում, երբ անհնար է միզարձակման ֆունկցիան, պետք է անհապաղ դիմել բժշկի:

Պետք է հիշել, որ հիվանդության սկզբնական ժամանակահատվածում այն կարելի է համեմատաբար հեշտությամբ բուժել: Սակայն առավել ուշ փուլերում վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է լինում: Իսկ հիվանդության նկատմամբ բարձիթողի վերաբերմունքն ու անտեսումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների՝ ամբողջ միզասեռական համակարգի ֆունկցիայի իսպառ խաթարման, տարատեսակ առանձին հիվանդությունների առաջացման, որոնց բուժումը շղթայական ահրաժեշտություն է:

Այնուամենայնիվ մասնագետները հիշեցնում են, որ շագանակագեղձի ադենոման հնարավոր է կանխարգելել, որքան էլ այն կապ ունենա օրգանիզմի բնական գործընթացների՝ հորմոնալ տեղաշարժերի հետ: Առաջնահերթ է մարմնի քաշի վերահսկումը: Մեծ նշանակություն ունի նաև սննդակարգը, պետք է սահմանափակել կարմիր մսի, կենդանական ճարպերի կիրառությունը, դյուրամարս ածխաջրերի ընդունումը: Փոխարենը կարևորվում է սպիտակ մսի, ծովամթերքների, բուսական ճարպերի կիրառությունը, մրգերի ու բանջարեղենի հաճախակի օգտագործումը: Հաճախ  սխալ սննդի ընդունումն ու չարաշահումները հանգեցնում են փորկապության, ինչն էլ ադենոմայի զարգացման գործոններից մեկն է: Նկատելի է նաև կենսակերպի դերը՝ գերսառեցումն ու նստակյաց կենսակերպը հիվանդության առաջացման գործոններից են: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել միզարտադրության ու միզարձակման հիգիենային՝ երկար ժամանակ արհեստականորեն լիքը վիճակում չպահել միզապարկը: Բժիշկները չեն զլանում կրկնել, որ շագանակագեղձի ադենոմայից խուսափելու համար քառասուն տարեկանից հետո երկու տարին մեկ անգամ համապատասխան բուժզննում ու խորհրդատվություն անցնելը կնվազեցնի հիվանդության զարգացման ռիսկը, իսկ վաղ հայտնաբերումն ու հսկումը հետ կպահեն մի շարք անցանկալի ու վտանգաշատ բարդություններից:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am