Բրոնխիալ ասթմա

Ավելի քան երեք հարյուր միլիոն մարդ ամբողջ աշխարհում տառապում է բրոնխիալ ասթմայով: Անընդհատ ու խեղդող հազ,  տևական հևք, շնչարգելություն և ի վերջո շնչահեղձություն,  արդյունքում՝ օրգանիզմի դիմադրողականության անկում և թթվածնային քաղց: Ահա այս ախտաբանական վիճակը բնորոշող նշանները:  Սա հիվանդություն է, որը չի ճանաչում ոչ սեռ ու տարիք, ոչ սոցիալական դիրք ու  վիճակ:  Սա հիվանդություն է, որի վիճակագրությունը տարեկան աճ  է գրանցում՝ ընդգրկելով նոր՝ առավել երիտասարդ տարիքային  խմբեր: Սա հիվանդություն է, որն ամենաշատն է անտեսվում նախնական փուլերում և որի լիարժեք բուժումը  հավանական է միայն տևական ու  արմատական միջոցառումների արդյունքում:

Այս հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում, հատկանշական է, որ դրա դեմ պայքարը մի քանի եվրոպական երկրներում առողջապահական ազգային ծրագրերով:

Բրոնխիալ ասթման շնչուղիների խրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն արտահայտվում է շնչարգելության նոպաներով, ընթանում է հազով,  կարող է հանգեցնել  շնչահեղձության: Որոշ հարուցիչներ և մանրէներ, թափանցելով շնչուղիների մեջ, գրգռում են դրանք, ինչի հետևանքով շնչուղիներում սպազմ է առաջանում: Իսկ մեծ քանակով արտադրված լորձը  վտանգում ու խաթարում է նորմալ շնչառության գործընթացը:

Քրոնիկ բորբոքումների արդյունքում ասթմայով հիվանդների բրոնխներն առավել զգայու են ալերգենների նկատմամբ:  Դրանց առկայությամբ առաջանում է այտույց և սպազմ:  Արդյուքում՝  դժվարանում է օդի նորմալ հոսքը  բրոնխներում:

Բժիշկները տարբերակում են բրոնխիալ ասթմայի ալերգիկ և ոչ ալերգիկ տեսակները: Բրոնխիալ ալերգիկ ասթման ախտրոշելու համար կարևոր ցուցիչ է այն հանգամանքը, որ ասթմայի նոպան սկսվում է միայն ալերգենների հետ շփման պարագայում: Այդ ալերգեների թվում են  կենցաղային և բնական փոշին, մորթին, որոշ մթերքներ: Երբեմն բրոնխիալ ալերգիկ ասթման կարող է ուղեկցվել եղնջացանով,  հարբուխի նշաններով:

Ոչ ալերգիկ բրոխիալ ասթմայի պարագայում խոսքը միայն բորբոքված շնչուղիների և  բրոնխների մասին է: Ցանկացած գրգիռ կարող  է խթանել   բրոնխների լորձաթաղանթի զգայունությունը, առաջացնել սպազմ:  Այստեղ է, որ ի հայտ են գալիս բրոնխիալ ասթմայի հետևանքները՝ շնչարգելությունը, հազը, հարբուխի նմանվող նախանշանները,  երբեմն նաև շնչահեղձության նոպաները, որոնք լրջագույն հարված են հասցնում մարդու աշխատունակությանը և կյանքի որակին:

Բրոնխիալ ասթմայի առաջացման բազմաթիվ պատճառներ կարելի  դիտարկել: Սուր հոտերը՝ ծխախոտի ծուխը,  կենցաղային քիմիայի միջոցները,  օծանելիքը,  շինարարական ու արտադրական գազերը: Ասթմայի նոպաները կարող են  սկսվել անմիջապես՝ ալերգեների և գրգռիչների հետ շփվելիս, կամ՝ որոշակի ժամանակ անց:

Մասնագետները հիվանդացության թվի աճը պայմանավորում են նաև ուրբաիզացիայի բարձր մակարդակով: Հատկապես մեծ քաղաքներում, որտեղ կանաչ գոտիները նկատելիորեն նվազում են և փոխարենը մեծանում է մեքենաների, գործարանների թիվը, ավելի շատ են մարդիկ բժշկի առանձնասենյակից դուրս գալիս բրոնխիալ ասթմա ախտորոշմամբ: Բնապահպանական աղետները, հանքերի շահագործումն ու որոշ բնակավայրերի մոտ պոչամբարների առկայությունը հիվանդացությունը խթանող հանգամանքներից են:

Հատկապես վերջերս շատերն են առանց բժշկի նշանակման կամ խորհրդի, դեղեր ընդունում:   Դեղորայքի անհարկի կիրառությունն ի թիվս այլ կողմնակի և անցանկալի բարդութոյւնների կարող  հանգեցնել նաև ասթմայի: Մասնավորապես ասպիրինը, մի քանի վիտամիններ, ինչպես նաև որոշ կենսակտիվ հավելումներ ունեն բրոնխիալ ասթմայի առաջացումն ու զարգացումը խթանող հատկություն:

Ֆիզիկական ակտիվությունն ու ծանրաբեռնված ֆիզիկական աշխատանքը  կարող են խթանել ասթմայի զարգացումը: Ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում, որտեղ  բակչության մեծամասնությունը գումար վաստակում է ֆիզիկական աշխատանքով, ասթման ևս հաճախ հանդիպող առողջական խնդիրների շարքում է: Սակայն հարմարավետ ու ապահովված ապրելակերպ վարելը չի նշանակում ապահովագրված լինել հիվադությունից: Օդափոխիչ ր օդորակիչ սարքավորումների չարաշահումն ու անտեղի կիրառությունը ևս ասթմայի զագացմանը նպաստող հանգամանքներից է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ուսումնասիրության համաձայն յուրաքանչյուր հինգերորդ ասթմայով հիվանդը պարտական  իր մասնագիտությանը:

Յուրաքանչյուր հիվանդություն, անկախ նախանշանների նմանությունից, տարբեր մարդկանց մոտ միանգամայն անհատապես  է դրսևորվում:

Հազն ասթմայի հիմնական և առավել հաճախ հանդիպող նշանն է: Այն կարող  է լինել  հաճախակի և կարճատև դադարներով,  անընդհատ և տանջող: Որպես կանոն՝ հազն անտանելի է դառնում գիշերը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև սառը օդը կարող են խորացել հիվանդի վիճակը:

Ասթմայով հիվանդների համար իրական դժվարություն  է օդն արտաշնչելը, հենց այս ժամանակ  ֆիզիկական բարդությանը զուգակցվում  է խեղդվելու վախը, որը կրում է նաև հոգեբանական բնույթ: Իսկ օդի ներշնչումը համեմատաբար հեշտ է, ուստի հիվանդներն, օդը շնչելով, վախենում են այն  դուրս բերել թոքերից:  Դրանով է պայմանավորված, որ տևական ժամանակ ասթմայով հիվանդները ունենում են բժիշկների ձևակերպմամբ << թռչնի կուրծք>>՝   ժամանակի ընթացքում փքված կրծքավանդակ:

Որոշ դեպքերում հիվանդներն ունենում են նաև  միաժամանակ սուլող և խռխռացնող շնչառություն: Իսկ պատճառը՝  սպազմի հետևանքով նեղացած և գրգռված  բրոնխներն ու շնչուղիներն են:

Մասնագետների պնդմամբ, ասթման մի երևույթ է, որը կարող է վերածվել քրոնիկ ձևի, ուղեկցել մարդուն տարիներ շարունակ: Կարևոր է, որպեսզի հիվանդությունը մշտապես լինի թե հիվանդի, թե բժշկի ուշադրության առանցքում: Հատկապես քրոնիկ հիվանդության նոպաների  ժամանակ   թե հիվադի հարազատները, թե հիվանդն ինքը, պետք է  տիրապետեն առաջին օգնության մի քանի կարևոր  հմտությունների: Կարևոր է նոպայի ժամանակ հիվանդին ազատել  նեղող հագուստից,  ապահովել մաքուր օդի ներհոսքը, օգնել հիվանդին գտնել  առավել հարմար դիրք::

Որոշ դեպքերում խրախուսվում է տաք  ջրի կիրառությունը, մինչև ձեռքերի արմունկներն ու ծնկերը կարելի է ընկղմել տաք ջրի մեջ, քառասունից բաձր աստիճանի եռացրած ջուր խմելը:

Բժիշկները խորհուրդ են տալիս մշտապես պահել հակաասթմատիկ դեղամիջեցներ, որոնց նշանակումը բժշկի կողմից միանշանակ կարևոր է:

Երեխաները ևս ապահովագրված չեն ասթմայից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն,  աշխարհի երեխաների  10-12 % -ի մոտ ասթմա է հայտնաբերված:

Երեխաների հիվանդացությունը, ի տարբերություն մեծահասակների, մի շարք բարդություններ է ներկայացնում: Երեխաների պարագայում առավել հաճախ են նկատվում շնչահեղձության նոպաները: Եթե չափահասները շաբաթվա ընթացքում  ունենում են միջինը երեք նոպա, ապա երեխաները շուրջ հինգ և ավելի: Սովորաբար երեխաները նոպայից հետո առավել հեշտ են  վերականգնվում: Միևնույն ժամանակ, եթե երեխան քրոնիկ բրոնխիալ ասթմայով տառապում է  մեկ տարուց ավել, ապա աստիճանաբար  դժվար է լինում հատկապես շնչահեղձության նոպաներից հետո վերականգնվելը:

Բրոնխիալ ասթման ժառանգաբար փոխանցվող հիվանդություն չէ:  Սակայն գենոֆոնդում ասթմայի ի հայտ գալը կարող է պայմանավորված լինել  ժառանգական նախատրամադրվածությամբ:

Ասթմայի հիվանդացության բարձր աստիճանից կարելի է ենթադրել, որ ասթման կարող  պատուհասել նաև խոցելի և հատուկ խնամքի կարիք ունեցողներին: Բժիշկների համար բավական լուրջ բարդություն է  ասթմայի առկայութոյւնը հատկապես հղիության ընթացքում:

Ասթման, բոլոր հիվանդությունների նման, ունենում է անհատական  ընթացք, սակայն բնական է, որ հիմնական նախանշաններն ու հետևանքները  միանման են բոլորի պարագայում:  Շնչառական դժվարությունները, դրանց ուղեկցող թթվածնային քաղցի, ալերգիկ երևույթների, նյութափոխանակության խանգարումների հետ միասին, իրենց կնիքն են թողնում թե հղի կնոջ, թե պտղի առողջության վրա:

Հղիության ընթացքում հատկապես կարևոր են կանխարգելիչ միջոցառումները:

Թեև բժշկության մեջ մեծագույն կարևորություն է տրվում կանխարգելիչ միջոցառումներին,  այսօր բժիշկները դժվարանում են սահմանել ասթմայի կանխարգելումը:  Այնուամենայնիվ, բորբոքային հիվանդություններից, ալերգեններից, սառը օդից զգուշանալը կարող է կանխարգելիչ լինել: Մեծ նշանակություն է տրվում նաև ֆիզիկական ակտիվությանն ու ակտիվ կենսակերպին:

Մինչև բրոնխիալ ասթմայի բուժում սահմանելը պետք է հստակ տարբերակել դրա ալերգիկ կամ ոչ ալերգիկ լինելը: Ասթմայի ախտորոշումն իրականանում է բժշկի կողմից հիվադի գանգատների մանրամասն լսելուց, դրանք վերլուծելուց, թոքերի և բրոնխների աշխատանքը լսելուց հետո: Անհրաժեշտության դեպքում հետազոտություն է  իրականացվում է նաև սարքավորումների միջոցով: Բուժման սխեմաները որոշվում են համապատասխանաբար:

Նշանակվում են հակաալերգիկ, հակահիստամինային, հակաասթմատիկ, իչպես նաև հանգստացնող դեղամիջոցեր:

Ժողովրդական բժշկությունը ևս դարեր շարունակ փնտրել, գտել ու կիրառել  է խոտաբույսերից պատրաստված հակաասթմատիկ արդյունքով բազմաթիվ թուրմեր, սահմանել շնչառական ուղիներն ու օրգան-համակարգերի ֆունկցիան  վերականգող ծիսակարգեր ու վարժություններ: Սակայն, դասական բժշկությունը պարբերաբար հերքում է դրանք՝ ապացուցելով, որ որոշները  պարզապես խթանում են ալերգիկ երևույթների ի հայտ գալը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am