Անբուժելի, բայց կառավարելի. պսորիազ

Պսորիազը բավական տարածված մաշկային հիվանդություններից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրագնդի բնակչության շուրջ երեք տոկոսի մոտ կա այս հիվանդությունը:  Այն համարվում է քրոնիկական հիվանդություն,  չնայած որ ունենում է նաև  սրացման փուլեր:  Պսորիազը բավական հաճախ է կրկնվում և համարյա թե ամբողջովին չի բուժվում:

Պսորիազը մեկն է անհայտ պատճառագիտությամբ հիվանդություններից: Այս հիվանդության առաջացումը մասնագետները բազմաթիվ գործոներով են պայմանավորում:

Այնուամենայնիվ ապացուցված է, որ այս հիվանդության առաջացմանը կարող են նպաստել մարդու նյարդահոգեբանական վիճակը, մասնավորապես տարատեսակ սթրեսերն ու տրավմաները: ՈՒսումնասիրության համաձայն, պսորիազ ունեցող մարդկանց իննսուն տոկոսի պարագայում արձանագրվել է վերջին շրջանում ապրած սթրես կամ դեպրեսիա:

Պսորիազի առաջացման գործում մեծ նշանակություն ունի նյութափոխաակությունը, հատկապես ներզատիչ գեղձերի ֆունկցիան: Կարևորվում են հատկապես ֆերմետային խանգարումները, որոնք մշտապես նկատելի են պսորիազի դեպքում: Երբեմն մասնագետները մատնանշում են նաև վիրուսների ազդեցության հավանականությունը:

Հիվանդության պատճառագիտությունն ուսումնասիրելիս մասնագետները մշտապես դիտարկում են նաև օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության կարգավիճակը: Ապացուցված է, որ թե՛ սթրեսային իրավիճակներում, թե՛ վիրուսների պարագայում, ինչպես նաև նյութափոխանակային խանգարումների դեպքում պսորիազը չի անհանգստացնի մարդուն, եթե դիմադրողականությունն ընկած չլինի:

Պսորիազի պարագայում բժիշկները բավական հաճախ մատնանշում են օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունների մասին: Հատկանշական է, որ այն կարող է արտահայտվել միայն նպաստավոր պայմանների առկայության պարագայում:

Պսորիազն ընթանում է երեք հիմնական փուլերով: Այն կարող է սկսվել միանգամից սուր ընթացքով: Այս ժամանակ մաշկը սկսում է ցանավորվել: Ցանը տեղակայվում է մաշկածածկույթի ցանկացած հատվածում, առավել հաճախ՝ արմունկներին, ծնկներին, գլխի մազածածկ մասերին։ Պրոցեսն սկսվում է սուր, մանր, գնդասեղի գլխիկից մինչև ոսպի մեծության, վառ վարդագույն հանգույցների առաջացմամբ։ Վերջիններս շատ արագ ծածկվում են մանր, արծաթասպիտակավուն թեփուկներով։

Հանգույցներն աստիճանաբար մեծանում են, հաճախ՝ միաձուլվում և առաջացնում վահանիկներ։ Պրոցեսը կարող է լինել սահմանափակ, տարածուն կամ համընդհանուր, ինչը կոչվում է պսորիազային էրիթրոդերմիա։ Սուր ընթացքին հաջորդում է կայունացման փուլը: Այս ընթացքում բշտերն ու այտուցները նկատելիորեն հանգիստ տեսք ունեն, հիմնականում քորի զգացողություն չեն նշում հիվանդները:

Ժամանակի ընթացքում, երբ հիվանդությունն անցնում է քրոնիկ փուլ, համեմատաբար քիչ են նկատվում նաև ընդհանուր գանգատները: Սակայն այս ընթացքում ևս անհրաժեշտություն կա մասնագիտացված բուժում իրականացնելու:  Պսորիազի բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է հստակ ախտորոշել այն, մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել տվյալ դեպքի անհատական պատճառագիտությանը, գտնել այն: Այս նպատակով իրականացվում են բազմաթիվ հետազոտություններ:

Շատ հաճախ մասնագետները նշում են, որ պսորիազը կարող է ապաքինվել ինքնուրույն՝ օրգանիզմում դիմադրողակաության կամ հորմոնալ հավասարակշռույթան վերականգնմանը զուգահեռ: Սակայն կարևոր է իմանալ, որ այս հիվանդությունն անպայման մասնագիտական բուժմա անհրաժեշտություն ունի: Պսորիազը կարող է ախտահարել նաև այլ օրգան համակարգեր:

Այսպիսով, պսորիազի բուժումը անհրաժեշտություն է: Նախնական փուլում այն բուժվում է դեղորայքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում նշանակվում են հորմոնալ ֆոնը հավասարակշռելուն ուղղված հորմոնային դեղամիջոցներ, նաև հակալերգիկ պրեպարատներ:

Այս հիվանդության բուժումը զուգակցվում է նաև սննդակարգի պահպանման հետ: Բժիշկեը խորհուրդ են տալիս խուսափել գրգռող՝ կծու, աղի, և հատկապես քաղցր կերակուրներից, ինչն էլ երկարատև ռեմիսիայի՝ հիվանդության հարաբերական դադարի գրավականներից մեկն է:

Բուժման ընթացքում իր ուրույն նշանակությունն ունի նաև էքստրակորպորալ թերապիան:

Օրգանիզմը տարատեսակ թունանյութերից, մնացուկներից մաքրելու դեպքում նկատելիորեն ապաքինվում է նաև պսորիազը: Սյս առումով իրենց բուժական մեթոդներն ունեն նաև բնաբույժները:

Պսոիազը մեկն է այն հիվանդություններից, որի վերջնական ու ավարտուն բուժման գործում բժշկությունն անզոր է: Որքան էլ գտնվում են մեթոդներ, միջոցներ, որոնք որոշակի լավացման են տանում հիվանդությունը, միևնույն է, առաջին իսկ առիթի դեպքում այն գլուխ է բարձրացնում՝ ստիպելով կրկնել բուժական կուրսը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am