Անոթաբորբ. ինչու՞ և ինչպե՞ս

Հատկապես վերջին տարիներին բժիշկներն անհանգստացած են տարբեր հիվանդությունների տարածմամբ և դրանց բարդությունների բազմազանությամբ: Մասնագետների մի մասը դա օբյեկտիվորեն բացատրում է հենց բժշկագիտության մեջ բարձր տեխնոլոգիաների ներթափանցմամբ ու լայն կիրառությամբ: Ժամանակակից գիտատեխնիկական միտքը հնարավորություն է տալիս համեմատաբար վաղ, անգամ դեռևս չարտահայտված փուլում հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, որոնք ժամանակին ախտորոշվում էին միայն նկատելի ախտանշանների հիման վրա, արդեն իսկ զարգացման փուլում:

Միևնույն ժամանակ, մասնագետների մի  խումբ համոզված է ու ապացուցում է, որ բոլոր հիվանդություններն իրոք նկատելի աճ են գրանցում: Դա պայմանավորում են  օրեցօր ահագնացող և աղետային մակարդակի հասնող բնապահպանական վիճակով, ամբողջ աշխարհում տարածման պրոգրես արձանագրող անորակ, գենետիկորեն մոդիֆիկացված, արհեստական հավելանյութերով պատրաստված սննդամթերքի օգտագործմամբ,  ինքնաբուժության ու բժշկի չդիմելու զգալի ցուցանիշով: Եվ ամենակարևորը՝  գերլարված, ծայրահեղ հագեցած, մրցավազքի նմանվող առօրյան հանգեցնում է օրգանիզմի առավելագույն լարման ու հյուծվածության: Նստակյաց ու պասիվ կենսակերպի արդյունքում մեր օրգանիզմը հեշտությամբ է ենթարկվում սթրեսների վնասակար ազդեցությանը: Իսկ արդյունքը բնական է՝ հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ, որոնք սպառնում են կյանքի որակին, պահանջում տևական ու մասնագիտական բուժում: Նման հիվանդությունների շարքում են անոթային խնդիրները:

Անոթաբորբերը բավական լայն տարածված առողջական խնդիրների շարքում են: Վիճակագրական տվյալների համաձայն՝  յուրաքանչյուր հարյուր հոգուց շուրջ քսանը տառապում է, իսկ քառասունհինգը ենթակա է անոթաբորբ ունենալու: Համակարգային անոթաբորբերը բնորոշվում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողական համակարգի խանգարումներով, որոնց արդյունքում  առաջանում է անոթների պատերի բորբոքում և մեռուկացում:  Բորբոքված անոթներն ախտահարում են նաև տվյալ անոթով սնուցվող կամ հարակից օրգանները: Անոթաբորբեր կարող են նկատվել ցանկացած օրգան-համակարգում, այն կարող է սկսվել որպես հարաճող ծանր հիվանդություն՝ նույնիսկ սուր բազմաօրգանային անբավարարությամբ:

Անոթաբորբը կարող է լինել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային՝ մեկ այլ հիվանդության ֆոնի վրա: Հատկապես տարածված են ռևմատոիտ արթրիտի, համակարգային կարմիր գայլախտի, վարակային հիվանդությունների հիման վրա առաջացած անոթաբորբերը: Սակայն  այլ հիվանդություները ևս կարող են անոթաբորբեր առաջացնել: Անոթաբորբերի դեպքում բորբոքումները  կարող են հանգեցնել անոթային բարձր թափանցելիության, թուլացնել անոթների պատերը,  առաջացնել տեղային իշեմիա, թրոմբային խցանումներ: Քանի որ համակարգային անոթաբորբը կարող է ախտահարել տարբեր տեղակայման և տարբեր տրամաչափերի անոթներ, այն ունի կլինիկական արտահայտությունների բավական լայն շրջանակ:

Անոթաբորբեր կարող են նկատվել ինչպես մեծ տրամաչափի անոթների, այնպես և մազանոթների շրջանում: Բավական տարածված են քունքային զարկերակաբորբերը: Դրանք հիմնականում հանդիպում են հիսունից բարձր տարիքի կանանց և տղամարդկանց մոտ: Այս հիվանդները հաճախ են ունենում քունքային և ծոծրակային ցավեր:  Կենտրոնական ցանցենային զարկերակի խցանման և թերսնուցման արդյունքում կարող  է դիտվել տեսողության կորուստ: Նկատվում է նաև  լեզվի թմրածություն, ձեռքերի թուլություն, ցավ և կարկամածություն ուսերում և ազդրերում:

Միջին տրամաչափի անոթների պարագայում ևս նկատելի է այս հիվանդությունը: Այս դեպքում ախտահարվում են երիկամները, աղիները, ծայրամասային նյարդերը, պսակային զարկերակները: Մեռուկացնող անոթաբորբի այս տարատեսակի առավել հաճախ հանդիպող արտահայտություններն են քաշի կորուստը, տենդը, ծայրամասային նյարդախտը, երիկամների ախտահարումները,  մկանոսկրային և մաշկային ախտահարումները, հիպերտենզիա, աղեստամոքսային ուղու ախտահարումը, սրտային անբավարարություը:

Հանգուցային բազմազարկերակաբորբը կարող է լինել լյարդաբորբային վիրուսի հետևանք: Հիվանդերն ունենում են տենդ, մկանացավեր, վաթսուն տոկոս դեպքերում զարգանում է երիկամային հիվանդություն, քառասուն տոկոսի մոտ՝ աղեստամոքսային ախտահարումներ, որոնք կարող են հարաճել մինչև սրտային անբավարարություն և աղիների մեռուկացում: Զուգահեռ զարգանում է ծայրամասային նյարդախտ, ինչպես նաև  ախտահարվում են զգայարանային, շարժողական գործառույթները, կենտրոնական նյարդային համակարգը: Փոքրից միջին տրամաչափի  անոթաբորբերի  դեպքում ախտահարվում են մաշկի, վերին շնչուղիների, թոքերի, երիկամների փոքր և միջին տրամաչափի անոթները: Հատկապես տարածված է Վեգների գրանուլեմատոզ հիվանդությունը, որը հանդիպում է քառասունից հիսուն տարեկան կանանց և տղամարդկանց մոտ: Քանի որ նախնական ախտանշանները տագնապ չեն առաջացնում,  բուն  հիվադությունը բացահայտվում է բավական ուշ, երբ արդեն նկատվում են թոքերի կամ երիկամների լուրջ ախտահարումներ, որն ավարտվում է երիկամային անբավարարությամբ:

Չափազանց կարևոր է  ախտահարված անոթի տրամաչափը պարզելը, դա հնարավորություն է տալիս առավել համակարգային ու հիմնավոր բուժում իրականացնել: Ախտորոշման նպատակով հետազոտական տարբեր միջոցառումներ են իրականացվում: Շատ դեպքերում լաբորատոր փորձաքննության ահնրաժեշտություն է լինում: Կատարվում է անոթների դուպլեքս հետազոտում: Հիվանդության ամբողջական պատկերը տալիս են գործիքային հետազոտությունները: Կատարվում է մագնիսառեզոնանսային շերտագրում և համակարգչային շերտագրում: Երբեմն բավական է նաև ուլտրաձայնային հետազոտությունը: Ժամանկակից բժշկագիտութոյւնն օգտագործում է  բարձր տեխնոլոգիաների հարավորությունները՝ հասնելու և նկատելու տարբեր տեղակայման և տարբեր մեծության անոթների ախտահարումները: Երբ գործիքային, սարքավորումային հետազոտությունները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լաբորատոր փորձաքննությունները պարզում են ախտահարված անոթների իրական վիճակը, հիվադագին վիճակների տեղակայումն ու աստիճանը, նշանակվում է հիմնավոր բուժումը:

Սովորաբար նշանակվում է դեղորայքային բուժում: Սակայն որոշ դեպքերում վիրահատական միջամտության անհրաժեշտություն է լինում:

Ինչպես նշեցինք, Սովորաբար անոթաբորբերի հետևանքով ի հայտ են գալիս երկրորդային հիվանդություններ: Ու շատ հաճախ, նաև հարակից հիվանդությունները հիմնովին բուժելու անհրաժեշտություն է առաջանում: Բուման ընթացքում և դրա ավարտից հետո խստորեն ցուցված է կենսակերպի փոփոխությունը, առողջ և ակտիվ կենսակերպը, էկոլոգիապես մաքուր միջավայրն ու սնունդը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am