Խպիպ. հիվանդություն հազար ու մի բարդությամբ

Կան հիվանդություններ, որոնք չունեն արտահայտման հստակ ախտանշաններ: Արտահայտվում են ժամանակի ընթացքում, շատերիս ոչ կարևոր թվացող նախանշաններով: Քչերն են ուշադրություն դարձնում հաճախակի կրկնվող նյարդային լարումներին, թեթևակի գլխապտույտներին, շնչարգելությանն ու հևոցերին: Սակայն երբեմն, բժիշկների համար բավական կարևոր են նշված նշանները՝ հստակ տարբերակելու այս կամ այն հիվանդության առկայությունը:

Մարդու օրգանիզմն օրական պետք է ստանա 100-200 մգ յոդ: Սա այն չափաքանակն է, որի պարագայում ստացված քանակությունը բավարար է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Իսկ յոդի անբավարարության դեպքում փոքրանում է վահանագեղձի յոդ պարունակող հորմոնների` թիրօքսինի, եռայոդթիրոնինի արտադրությունը:  Արդյունքում, զարգանում է խպիպը, ինչպես  տարածված է ասել՝ զոբը: Հիվանդության հիմնական պատճառը ջրում, հողում, օդում, հետևաբար և սննդում յոդի անբավարարությունն է:

Վահանաձև գեղձի առողջությունն ու նորմալ կենսագործունեությունը,  դրա արդյունքում արտադրված հորմոններն անչափ կարևոր են մարդու օրգանիզմի նորմալ աճի ու զարգացման, տարբեր օրգան-համակարգերի նորմալ ֆունկցիայի համար:

Հայաստանը, հատկապես մեր երկրի լեռնային հատվածները, համարվում է յոդի անբավարարություն ունեցող տարածք: Հետևաբար բավական տարածված է յոդի բացակայությամբ պայմանավորված խպիպ հիվանդությունը: Ժամանակին այն հանդիպում էր հիմնականում կաnանց շրջանում, մինչդեռ ներկայում բժիշկները հիվանդացության աճ  և երիտասարդացում են արձանագրում: Ընդ որում, բավական հաճախ են նաև  հանդիպում  երեխաների և տղամարդկանց հիվանդանալու դեպքերը:

Խպիպի էնդեմիկ տեսակը հանդիպում է աշխարհագրական որոշակի մարզերում` առավելապես լեռնային և նախալեռնային շրջաններում:
Հատկապես թուnավոր խպիպի պարագայում, որն ունի աուտոիմուն ծագում, նշանակալի դեր ունի նաև օրգաnիզմի ժառանգական նախատրամադրվածությունը:

Երբ խախտվում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունն, ի հայտ են գալիս բազմաթիվ հիվանդություններ և հիվանդագին վիճակներ: Սակայն, միշտ չէ, որ վահանաձև գեղձի խնդիրները կապված են լինում դրա հիմնական ֆունկցիայի խանգարման հետ:

Խպիպը վահանագեղձի ուռուցքանման մեծացումն է, որն ուղեկցվում է այդ գեղձի ֆունկցիայի և օրգանիզմի ընդհանուր վիճակի խանգարումներով: Այս հիվանդությունը չունի մեկ հիմնական տեսակ, գոյություն ունեն հիվանդության մի շարք դրսևորումներ՝ օրգանիզմի համար առավել կամ չափավոր վնասակար: Ընդհանրապես վահանաձև գեղձի որոշակի մեծացում նկատվում է սեռական հասունացման, հղիության, լակտացիայի շրջաններում: Այս ժամանակահատվածում գեղձի չափերի փոփոխությունները հիվանդագին բնույթ չեն կրում: Մինչդեռ կյանքի այլ փուլերում արդեն գեղձի ձևափոխումները անհանգստացնում են մասնագետներին: Խպիպի առաջացումը կարող է կապված լինել մի շարք հիվանդությունների հետ: Տեղաճարակային խպիպի առաջացման պատճառների բացահայտումը հնարավորություն է տվել մշակել պայքարի միջոցներ` կտրուկ նվազեցնելով հիվանդության հաճախությունն ու ծանրությունը: Սպորադիկ խպիպի առաջացումը կապված չէ բնակավայրի հետ, այլ պայմանավորված է օրգանիզմի նյարդահումորալ խանգարումներով և յոդի ներքին անբավարարությամբ:

Խպիպի որոշ ձևեր պայմանավորված են վահանագեղձի քրոնիկական բորբոքմամբ կամ նորագոյացությամբ:

Խպիպի պարագայում մեծանում է վահանագեղձը: Մեծացումն ու ձևափոխումը պայմանավորված է գեղձի ավշային ֆունկցիոնալ հյուսվածքի կամ շարակցական հյուսվածքների գերաճումով: Այն ունի տարատեսակ դրսևորումներ: Հիվանդությունը մեծամասամբ կապված է օրգանիզմի ներզատական՝ էնդոկրին համակարգի գործունեության խաթարումների հետ:

Ժամանակի ընթացքում վահանաձև գեղձի վրա առկա հանգույցները կարող են մեծանալ, փոխել չափսերը: Քիչ չեն դեպքերը, երբ առկա հանգույցները ժամանակի ընթացքում փոխում են իրենց բջջաբանական տեսակը, վերածվում չարորակ գոյացությունների: Սակայն այս գործընթացը կարող է և տեղի չունենալ:

Վահանաձև գեղձի ֆունկցիայի խաթարումը մեծապես կապված է կնոջ վերարտադրողական ֆունկցիայի հետ: Ինչպես նշվեց, հղիությունը երբեմն կարող է խթանել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները, ինչը պայմանավորված է հորմոնալ ֆոնի տատանումներով: Որպես կանոն վերարտադրության փուլում կանայք հաճախ են վահանաձև գեղձի հետ կապված գանգատներ ունենում: Զոբի մասին կարող է վկայել հիվանդի ինքնազգացողությունը: Ընդհանուր թուլությունը, անհարկի անհանգստությունը,  նյարդային վիճակը հենց զոբի առկայությունն են նախանշում: Խպիպի առկայության պարագայում լայնանում և արտահայտվում են աչքերը, փոփոխվում է մաշկի գույնը, թունավոր զոբի դեպքում նկատվում է տհաճ հոտ բերանից: Եթե թունավոր զոբի դեպքում  օրգանիզմի նյութափոխանակությունն ակտիվացած է լինում, նկատվում է ընդհանուր թուլություն, մարդը նիհարում է, հյուծվում, ապա ոչ թունավորի դեպքում նկատվում են այլ տիպի խնդիրներ: Հանգուցավոր զոբի պարագայում գանգատները զգալի են ֆիզիկապես:

Հիվանդությունն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Այսպիսով հնարավոր է լինում պարզել վահանաձև գեղձի որակական ու ֆիզիկական փոփոխությունները:  Որպես կանոն իրականացվում է լաբորատոր փորձաքննություն՝ պարզելու հիվանդի հորմոնալ հավասարակշռության հնարավոր տատանումերը: Երբեմն կատարվում է նաև ռադիոիզոտոպային հետզոտություն:

Խպիպի բոլոր ձևերը բուժում է բժիշկը` դեղանյութերով և հորմոնային պատրաստուկներով: Բժիշկներն իրենց գերխնդիրն են համարում առաջին հերթին զոբի չարորակացման գործընթացը կանխելը: Որպես կանոն, հղիության ընթացքում առաջացած զոբի պարագայում պետք է հատուկ մոտեցում սահմանել, զգուշանալ հղիության ընթացքում  որոշ տիպի դեղորայքի ընդունումից: Սակայն լինում են դեպքեր, երբ հստակ ցուցումներ են լինում վիրահատական միջամտության դիմելու: Այս պարագայում մեծ նշանակություն ունի նաև  զոբի հանգույցների տեղակայումը, չափը: Կախված ցուցումներից և բժշկական տեսանկյունից առաջնահերթություններից, իրականացվում է մասնակի կամ ամբողջական հատում:

Այնուամենայնիվ, վիրահատական միջամտությունից հետո ևս հիվանդը պետք է մշտապես լինի էնդոկրինոլոգի և թերապևտի անիջական և ինտենսիվ հսկողության նորքո, ընդունի որոշակի դեղամիջոցներ, հետևի սննդակարգին:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am