Մետաբոլիկ համախտանիշ

Կենսակերպը, առօրյա սովորություններին վերաբերող սկզբունքները, սեփական անձի նկատմամբ պահանջկոտությունն ու սրտացավությունը մարդու առողջության բաղադրիչներն են: Սննդակարգ, անհրաժեշտ ակտիվություն, նյարդային հանգստություն. Այս ամենը ապահովում են մարդու  նորմալ կենսագործունեությունը և հակառակը:

Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս հիվանդությունների տեսակներ, որոնք ժամանակի կենսակերպի ու սովորությունների արտահայտությունն են: Մետաբոլիկ համախտանիշ եզրույթն ի հայտ է եկել  1980-ականներին: Մի խումբ գիտնականներ նյութափոխանակության ավելի քան տասը խանգարումներ միավորեցին մեկ համախտանիշի շրջանակում:  Մետաբոլիկ համախտանիշը մի քանի հիվանդությունների համալիր է, որոնցից յուրաքանչյուրը պատճառահետևանքային կապով շաղկապված է:

Ընդհանուր առմամբ մետաբոլիկ համախտանիշը ճարպակալման, պերիֆերիկ հյուսվածքների զգայունության նվազման, հիպերինսուլինեմիայի, արտերիալ հիպերտենզիայի, ածխաջրային, լիպիդային նյութափոխանակության խանգարման հետևանք է: Այսօր արդեն մետաբոլիկ համախտանիշ է համարվում նյութափոխաակության խանգարման երկու և ավելի հիվանդությունների համադրությունը: Արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացումը, բարձր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի  առկայությունը, թրոմբագոյացման հակումը, արտերիալ հիպերտենզիան, գեներալիզացված ճարպակալումը մետաբոլիկ համախտանիշի բաղկացուցիչներն են:

Զարգացող երկրներում մետաբոլիկ համախտանիշ ունեցող հիվանդների թիվը կազմում է բնակչության տասից քսան տոկոսը, Միացյալ նահանգներում՝ երեսունչորս տոկոս: Համարվում է, որ այս համախտանիշը հիմնականում միջինից բարձր տարիքի մարդկանց է սպառնում: Սակայն, 2014 թվականի դեկտեմբերին Ամերիկայի դիաբետի ասոցիացիայի ամփոփիչ համաժողովում արձանագրվեց, որ մետաբոլիկ համախտանիշը հավասարաչափ սպառնում է երիտասարդներին և հատկապես դեռահասներին:

Մետաբոլիկ համախտանիշը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից մեկն է: Մասնագետներն այն պայմանավորում են անառողջ կենսակերպով: Հիմնականում նստակյաց կենսակերպը, անառողջ, չհավասարակշռված սննդակարգը, արագ սնունդը, վնասակար սովորությունները՝ ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը  ժամանակի ընթացքում հանգեցնում են մելաբոլիկ համախտանիշի ձևավորման:

Մետաբոլիկ համախտանիշն իր մեջ ներառում է մի շարք հիվանդություններ և հիվանդագին վիճակներ: Արտերիալ հիպերտոնիան մետաբոլիկ համախտանիշի դրսևորումներից մեկն է:

Մետաբոլիկ համախտանիշի հետևանքով ախտահարվում է ողջ անոթային համակարգը՝ ժամանակի ընթացքում ի հայտ բերելով տարատեսակ անոթային հիվանդություններ: Հիմնականում ախտահարվում են պերիֆերիկ անոթները, առաջանում են ուղեղային անոթայի հիվանդություններ՝ կապված աթերոսկլերոզի հետ:

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը կամ նախադիաբետը մետաբոլիկ համախտանիշի դրսևորումներից հերթականն է: Այն ի հայտ է գալիս որպես ընդհանուր նյութափոխանակության խանգարման հետևանք:

Ժամանակակից բժշկագիտական մոտեցումների  համաձայն, մետաբոլիկ համախտանիշի հիմքում առաջնային ինսուլինակայունություն ու դրա հաջորդող հիպերինսուլինեմիան է: Բավական հաճախ այս խնդիրը անհանգստացնում է հետմենոպաուզալ տարիքի կանանց: Հատկանշական է, որ այս խնդիրը  գենետիկ նախատրամադրվածություն ունի, որին նպաստող հանգամանքներ են անկանոն և կալորիական սննդակարգը, որոշ դեղամիջոցների չարաշահումը:

Ժամանակակից բժշկագիտության  համար կարևորագույն հիմնախնդիր է ճարպակալումը: Այսօր ճարպակալումը սպառնում է ոչ միայն մեծահասակներին: Առանձնակի ուշադրության են արժանի մանկական ու պատանեկության տարիքում ճարպակալման հիմնախնդիրները, որոնք հիվանդագին վիճակներ են առաջացնում թե անմիջապես, թե ժամանակի ընթացքում:

Ճարպակալումը սրտանոթային համակարգի տարատեսակ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է:  Մետաբոլիկ համախտանիշի բաղկացուցիչ հիվանդություննների ու սինդրոմների առկայության դեպքում մեծապես սրվում է սրտանոթային համակարգի տարատեսակ ու վտանգաշատ հիվանդությունների  զարգացման ռիսկը:

Մետաբոլիկ համախտանիշի դրսևորման համար նույնքան վտանգավոր է ոչ միայն ճարպակալումը, այլև ավելորդ քաշը:

Որպես ընդհանուր նյութափոխանակության խանգարում՝ մետաբոլիկ համախտանիշը իր հետ բերում է տարբեր հիվանդություններ:  Այդ հիվանդությունները մեծապես պատուհասում են մարդու սեռական ֆունկցիան:

Մետաբոլիկ համախտանիշի հետևանքներից  է անպտղությունը, որը նաև արդի բժշկագիտության  կարևորագույն հիմնախդիրներից մեկն է:

Հատկաշական է, որ մետաբոլիկ համախտանիշը ունի նաև գենետիիկական նախատրամադրվածության գործոն: Այն կարող է դրսևորվել հիվանդությունների առաջացման, ինչպես նաև հետագա սերունդներին փոխանցվելու հավանականությամբ:

Մետաբոլիկ համախտանիշի ախտորոշումը մեծամասամբ սահմանվում է դիֆերենցիալ դիագնոստիկայի սկզբունքների համաձայն:

Հիվանդի կողմից գանգատերի գնահատումից հետո երբեմն անհրաժեշտություն է լինում  գործիքային հետազոտություններ իրականացնելու: Ախտորոշման տեսակը որոշվում է ախտանիշների համաձայն և ելնելով հիվանդի ընդհանուր գանգատների վրա:

Որպես կանոն բուժումը սահմանվում է՝ հիվանդի ընդհանուր վիճակից ելելով: Քանի որ մետաբոլիկ համախտանիշ երևույթը բազմաթիվ դրսևորումներ ունի,  հետևաբար միանշանակ չեն նաև բուժման մոտեցումները:

Անկախ համախտանիշի դրսևորումից, միանշանակ է, որ պետք է սահմանել առողջ ապրելակերպ, որը համախտանիշի դեմ պայքարի կարևորագույն գործոնն է: Նախևառաջ պետք է կանոնակարգվի սննդակարգը՝  առողջ և հավասարակշռված սնունդը մետաբոլիկ համախտանիշի կարգավորման և շտկման  բաղկացուցիչն է:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական ակտիվությանը: Պարբերաբար մարզումները նպաստում են թե ախտանիշների վերացմանը, թե բուժման ընդհանուր գործընթացին ու արդյունավետությանը: Հատկապես ավելորդ քաշի և ճարպակալման պարագայում ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխարգելել մի շարք հիվադությունների արտահայտմանը:

Սրտանոթային համակարգի հիվանդությունների, նախաինֆարկտային բուժումների դեպքում ևս նշանակվում է համապատասխան բուժում՝ անհրաժեշտության պարագայում դեղորայքային, երբեմն վիրահատական միջամտություններ:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am