Սրտանոթային հիվանդություններ. սպառնալիք կանանց

Մինչ ամբողջ աշխարհում կանայք սարսափով են վերաբերվում կրծքագեղձի քաղցկեղներին՝ համարելով այն իգական սեռին ամենաբնորոշ մահացու հիվանդությունը, մասնագետները փաստում են, որ ահագնացող չափերի է հասնում սրտանոթային հիվանդությունների ցուցանիշը:

Woman's hand holding red plastic heart

Վերջին հետազոտութոյւնների համաձայն ԱՄՆ-ում սրտի իշեմիկ հիվանդությունից, նաև ուղեղային արյան շրջանառության խանգարումից ՝ ինսուլտից մահացությունը գերազանցել է կրծքագեղձի քաղցկեղի շեմը: Եթե կրծքագեղձի քաղցկեղից մահանում է յուրաքանչյուր 25-րդ, ապա սրտանոթային հիվանդություններից յուրաքանչյուր 3-րդ կինը:

Մենոպաուզայի շրջանում, երբ նվազում է օրգանիզմում էստրոգենների քանակը, կտրուկ մեծանում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: Ծերացումը բնական պրոցես է, սակայն մասնագետները հրավիրում են կանանց ուշադրությունը հատկապես մենոպաուզայի շրջանում: Հորմոնային կոմպենսացվող թերապիան, ի թիվս այլ առողջական խնդիրներ, կարող է նպաստել նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմանը:

shutterstock_126318380

Անհրաժեշտ է հիշել, որ կանանց պարագայում սրտամկանի ինֆարկտի նախանշանները որոշակիորեն տարբերվում են տղամարդկանց շրջանում հայտնի նախանշաններից: Որպես կանոն, կանանց պարագայում նկատվում է  սեղմող ճնշող ցավ, կրծքավանդակում այրոցի զգացողություն: Հաճախ են հնչում շնչարգելության գանգատներ: Հատկանշական է նաև ցավի զգացողությունը որովայնի, մեջքի, անգամ ստորին ծնոտի հատվածի ցավերը: Բավական հաճախ են կանայք պարզապես դժգոհում անհանգստությունից ու տրամադրության անկումից, անկախ որևէ այլ ցավային կոնկրետ գանգատի:

Մասնագետները տարբերություններ են տեսնում նաև կանանց ու տղամարդկանց՝ սրտային խնդիրների գնահատման տեսանկյունից: Կանայք սովորաբար թերագնահատում են իրավիճակի բարդությունը՝ համարելով, որ շուտով ամեն ինչ կանցնի: Մինչդեռ տղամարդիկ գերագնահատում են ռիսկը՝ ինչն էլ, բարեբախտաբար, օգնում է կանխարգելել կամ ժամանակին արձագանքել բարդ դեպքերին:

Բժիշկների խորհուրդը մեկն է՝ երբեք չթերագնահատել սրտանոթային հիվանդությունների հնարավոր ռիսկը: