Նյարդային ցավ՝ նևրալգիա

Մարդու օրգանիզմի ամենազգայուն համակարգը նյարդայինն է: Նյարդային բջիջներն ու հանգույցերը հեշտությամբ են ենթարկվում տարբեր ներազդեցությունների, վնասվում թե հոգեկան թե սոմատիկ հիվանդությունների արդյունքում: Եվ ամենակարևորը՝  նյարդային բջիջները վնասվելու դեպքում բավական հեշտությամբ են ոչնչանում, իսկ վերակագնվելու հավանականությունը խիստ փոքր է:  Մասնագետների ուսումնասիրությունները փաստում են, որ նյարդային համակարգի տարբեր հատվածների ցավերը ամենից անտանելին են, դրանք կարող են կաթվածահար անել մարդու նորմալ կենսագործունեությունը, վտանգել կյանքի որակը, դառնալ անաշխատունակության պատճառ:

nevralgia 1

Նյարդային ցավը՝ նևրալգիան, բավական տարածված երևույթ է, որը  սպառնում է հիմնականում  միջինից բարձր տարիքի մարդկանց: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, ինչպես նաև երեխաները, իրենց կյանքի տարբեր ժամանակահատվածներում, կապված որոշակի հիվանդությունների առկայության հետ, ունենում են նևրալգիայի վիճակներ:

Նևրալգիան ոչ թե առանձին հիվանդություն է, այլ՝ ախտանշան: Այն զարգանում է  նյարդային հանգույցներում, որի ընթացքում ախտահարվում են պերիֆերիկ նյարդերը: Բնորոշվում է նյարդային հատվածներում  որևէ նյարդի ուժգին և  անտանելի թվացող ցավով:

Նևրալգիայի բուժումն իրականացնելու համար նախ պետք է տարբերակել դրա ծագումը և տեսակը: Ընդհանուր առմամբ, նյարդային ցավը կարող է լինել առաջնային,  երկրորդային կամ սիմպտոմատիկ:

Առաջնային նևրալգիան բավական հազվադեպ է պատահում: Որպես կանոն, դրանք այն դեպքերն են, երբ հիվանդության բուն պատճառը չի հայտնաբերվում:

nevr2

Դեպքերի մեծ մասում նևրալգիան երկրորդային է: Օրգանիզմի տարբեր հատվածների և օրգան-համակարգերի բորբոքային երևույթները, ուռուցքային հիվանդությունները  ի թիվս այլ ախտանշանների կարող են նպաստել նաև նևրալգիայի զարգացմանը:

Մարմնի ցանկացած հատվածում՝ ոտնաթաթից մինչև գլուխ,  կարող է նևրալգիկ երևույթ դիտարկվել: Նևրալգիա առաջացնող գործոնները բազմազան են, դրանք ընդգրկում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ հազարավոր պատճառներ, ինչպես օրինակ, տարատեսակ վնասվածքները, վարակները, հիվադությունները, մարմնի գերսառեցումն ու տաքացումը, հոգեկան ու նյարդային լարված վիճակը: Բավական տարածված է ողնաշարի հատվածի նյարդերի ցավը: Ողնաշարի հատվածում նևրալգիայի պատճառները ևս բազմազան են՝ վնասվածքներ, օրթոպեդիկ հիվանդություններ, ուռուցքների առկայություն…ահա այն ոչ ամբողջական ցանկը, որից մարդը կարող է նյարդային ցավ ունենալ:

Միջկողային նևրալգիան ամենատարածված տեսակներից մեկն է: Հաճախ է ողնաշարի հատվածում նևրալգիա լինում ճողվածքների, օստեոխոնդրոզի հետևանքով:

Ներկայում մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում մարդու ֆիզիկական ակտիվությանը: Ուսումնասիրությունները փաստում են, որ նստակյաց և անառողջ կենսակերպը նևրալգիայի հնարավոր առաջացումը խթանող գործոներից մեկն է:

Դեմքի հատվածում վնասվածքները,  ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջային հատվածի հիվանդությունները հաճախ որպես բարդություն թողնում են նյարդային ցավեր:

Քթի, հարակից, ինչպես նաև հայմորյան խոռոչների հիվանդությունները, տարածված վարակները նպասում են նևրալգիայի զարգացմանը:

Բավական տարածված է ատամնաշարի տարբեր հիվանդությունների հետևանքով առաջացած նեվրալգիան: Ատամների հիվանդությունները, սխալ դասավորվածությունը, ծնոտի ոչ ճիշտ և անլիարժեք  կառուցվածքը նպաստում են, որպեսզի առաջանա այս վիճակը:

Դեմքի հատվածում նևրալգիային բնորոշ ցավերը կարող են սկսվել ցանկացած պահի: Տաք կամ սառը սնունդը, ըմպելիքը կարող են խթանել ցավը: Անգամ բարձր երաժշտությունը, ոււժեղ լույսը, ատամների մաքրելու ընթացքը այս ախտորոշումն ունեցող մարդուն ստիպում են տառապել ցավից:

Նևրալգիա կարող է դիտվել նաև լեզվի և կլման  ակտն իրականացնող նյարդի հիվանդությունների, բորբոքումների կամ ախտահարման հետևանքով:

Վիճակագրությունը փաստում է, որ եռորյա նյարդի  նևրալգիան ամենատարածվածն է:

Նևրալգիան իր դրսևորումներն է  ունենում նաև մարդու մաշկի վրա: Կարող է պայմանավորված լինել վիրուսային ծագման մաշկային հիվանդություններով:

Եթե այլ օրգան-համակարգերի հիվանդությունների պարագայում նևրալգիան արտահայտվում  ցավով, ապա մաշկային ախտահարումների դեպքում նկատվում է ցանավորում, այտույց:

Ընդհանուր առմամբ, նևրալգիան  նոպայաձև բնույթ է կրում: Այն որպես կանոն, ուղեկցվում է վեգետատիվ անոթային վնասվածքներով և փոփոխություններով՝  կարմրում է մաշկը, արցունքահոսություն է լինում: Պատահում են դեպքեր, երբ հանդիպում են տենդային երևույթներ, մկանների լարվածություն: Տարբեր հատվածների նևրալգիաների դեպքում տարբեր են նաև ախտանշաներն ու բնորոշող վիճակները:

Երբեմն ցավը  ցավը չի կրում նոպայաձև բնույթ, այլ անընդմեջ շարունակվում է,  քանի դեռ մարդը չի ընդունել ցավազրկող դեղամիջոց: Տևական նևրալգիան ժամանակի ընթացքում  վերածվում է նեվրիտի՝ նյարդաբորբի, տեղի են ունենում նյարդերի կառուցվածքային փոփոխություներ, ընկնում է նյարդերի զգայունությունը:

Երբ նևրալգիան բավական երկար է տևում,  ի հայտ են գալիս նաև մի շարք կողմնակի երևույթներ:

Նևրալգիան ազդում է նաև սրտանոթային համակարգի վրա՝ սրելով արդեն իսկ առկա հիվանդությունները:

Երկրորդային բնույթի նևրալգիայի դեպքում  իրականացվում է առաջնային՝ հիմնական հիվանդության բուժում: Երբեմն նևրալգիան վերանում է վիրահատական միջոցառումներ իրականացնելու և ցավի պատճառ հիվանդության վերացման դեպքում: Որպես կանոն, այս դեպքում վերանում է և հիվանդության ախտանշան հանդիսացող նևրալգիան: Սակայն  առաջնային նևրալգիայի ժամանակ  իրականացվում է ֆիզիոթերապևտիկ բուժում, նշանակվում են ցավազրկողներ: Այս պարագայում հաճախ է լինում ասեղնաբուժության, բուժման հոմեոպատիկ մեթոդներին դիմելու կարիք:

Մասնագետերը խորհուրդ են տալիս զգուշությամբ ընտրել ու վերաբերվել նևրալգիայի բուժման ժողովրդական և ոչ մասնագիտական միջոցներին և մոտեցումներին:

Ուսումնասիրությունները փաստում են, որ տվյալ պարագայում  հաճախ են խնդիրները և նևրալգիկ երևույթները վերանում ֆիզիկական ակտիվության պայմաններում: Ֆիզիկական ակտիվությունը համարվում է նևրալգիայի դեպքերի կանխման լավագույն հնարավորությունը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am