Ինչու՞ են մարդիկ խռմփացնում

Հանգիստ քունը առողջության ու հանգստի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Բազմաթիվ հիվանդությունների ու նյարդաբանական վիճակների առկայության պարագայում ապաքինման նախապայմաններից մեկն էլ հանգիստ քունն է: Սակայն երբեմն այն ուղեկցվում է մի շարք անհանգստություններով: Դրանցից մեկն էլ խռմփոցն է՝ քնած ժամանակ անգիտակցաբար արտահայտված ձայները, որոնք առաջանում են շնչուղիերի և օդի շփումից:

Խռմփոցի ձայներն ասոցացվում են տատիկ-պապիկերի քնի հետ: Դեռևս վաղ մանկությունից լսելի ու ճանաչելի են այդ ձայները: Թվում է, խռմփոցը սովորություն է, որը բնորոշ է մեծահասակներին: Սակայն սա բավական մակերեսային պատկերացում է:

Իրականում, սովորություն թվացող խռմփոցի հիմքում բավական լուրջ նյարդաբանական իրավիճակներ ու զարգացումներ են:  Շատերին թվում է, թե մարդիկ խռմփացնում են, երբ անհարմար դիրքով են քնած: Սակայն  քնի անհարմար դիրքը, որի ժամանակ շնչուղիներում աղմուկ է առաջանում, խռմփոցի միայն մեկ և տոկոսային հարաբերությամբ քիչ հանդիպող պատճառներից մեկն է:

Վիճակագրական տվյալների համաձայն, մարդիկ ինտենսիվ կերպով  և մշտապես խռմփացնում են մեծամասամբ քառասուն տարեկանից հետո: Սակայն խռմփոի էպիզոդներ ունենում են բոլորը՝ անկախ տարիքային սահմանափակումներից: Երեխաները ևս ունեն նմանատիպ դրվագներ:

Մանկական տարիքում երեխաներն ունենում են շնչուղիների և դիմածնոտային հատվածի  անոմալիաներ կամ հիվանդություններ: Հենց դա էլ փոքրիկների խռմփոցի հիմնական պատճառն է: Փոքրիկների դիմածնոտայի հատվածի մկանները թույլ են զարգացած և դեռևս չունեն անհրաժեշտ կայունությունը, հետևաբար շնչելիս օդի հոսքի ազդեցության դեպքում ձայներ են արտադրվում:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, խռմփոցի ավելի հակված են տղամարդիկ, քան կանայք: Ինչպես հայտնի է, մարդկանց նյարդահոգեբանան վիճակն իր արտահայտությունն է գտնում նաև վերջիններիս քնի որակի ու տեսակի վրա: Օրվա ընթացքի անհանգստություններն ու սթրեսներն անդրադառնում են նաև ընդհանուր նյարդային վիճակի վրա:

Ընդհանուր առմամբ, պարզ խռմփոցի հետևում կարող են թաքնված լինել  սրտանոթային համակարգի բավական լուրջ հիվանդություններ: Ամբողջ շնչառական համակարգն իր բաղկացուցիչ օրգաններով, ինչպես նաև դրանց անոմալիաներն ու հիվանդությունները կարող են դրսևորվել հենց խռմփոցի տեսքով: Մասնագետների  կարծիքով խռմփոցը ոչ թե պարզ սովորություն, այլ լրջագույն հիվանդագին վիճակների ու հիվանդությունների ազդանշան է: Հետևաբար, այս հարցում պետք է ուշադիր և հետևողական լինել ընտանիքի անդամների և հարազատների գիշերային քնի կատմամբ, ժամանակին հայտնաբերելու խռմփոցի առկայությունը:

Օրեր տևած խռմփոցի նկատմամբ  հետևողականությունը սեփական առողջության նկատմամբ  քաղաքակիրթ մոտեցում է: Բժշկական հետազոտությունների և խորհրդատվության արդյունքում պարզվում է մարդուն անանգստացնող և առկա իրական հիվանդությունը: Այս կապակցությամբ գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն է զգացվում:

Երբ հետազոտություները հայտնաբերում են խնդիրերը, սկսվում է բուժական փուլը: Կախված հիվանդության տեսակից ու աստիճանից, նշանակվում է համապատասխան բուժում: Դա կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես և  վիրահատական միջամտություն:

Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ պարզագույն սովորությունների ու ախտանշանների հետևում լրջագույն հիվանդություններ ու վիճակներ կարող են լինել: Հետևաբար, պետք է մշտապես ուշադիր լինել օրգանիզմի կողմից մեզ ցուցաբերվող նշաններին՝ կանխելու լրջագույն  հիվանդությունների հնարավոր զարգացումները: