Ապահովագրված չէ ոչ ոք. դեպրեսիա

Դեպրեսիաները պատուհասում են մարդուն՝ հարվածելով աշխատունակությանը, հոգեկան հավասարակշռությանը, կյանքի որակին: Ժամանակի ընթացքում դեպրեսիաները հոգեբանական թեթև խնդիրներից կարող են վերածվել հոգեկան առողջությանն իրական սպառնալիքի՝ պահանջելով տևական ու հիմնավոր մասնագիտական բուժում և վերականգողական ժամանակահատված:

Դեպրեսիան հոգեկան ընկճվածության, ծայրահեղ հիասթափության, աշխարհի ու մարդկանց հետ անհամաձայնության զգացողությունն է…

Դեպրեսիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ չկա որևէ մեկն, ով կյանքում գոնե մեկ անգամ չի ունեցել դեպրեսիայի էպիզոդ:

Դեպրեսիվ խանգարման վիճակը հատկապես բնորոշ է 21-րդ դարի մարդուն:  Մշտական գերլարված առօրյան շատերի նյարդային համակարգն է վնասում:  Այն մարդիկ, ովքեր նվազ սթրեսակայուն են կամ ունեն թույլ նյարդային համակարգ, ի վերջո, տառապում են դեպրեսիայից:

Շատերը չեն էլ ենթադրում, որ մշտական գերլարված վիճակը կարող է հանգեցնել նմանատիպ հոգեբանական խնդրի:

Տրամադրության անկումը, հետաքրքրությունների և հաճույքի զգացողության կորուստը, եռանդի պակասը, ակտիվության նվազումը, գերհոգնածության զգացողությունը դեպրեսիայի առաջնային ախտանշաններն են: Դեպրեսիվ խանգարումների խորացման ու կայունացման մասին են վկայում ուշադրության և կենտրոնանալու ունակության թուլացումը, ինքավստահության և ինքնագնահատականի նվազումը, մեղավորության և ինքնանվաստացման մտքերը, ապագայի նկատմամբ մռայլ և հոռետեսական պատկերացումները: Այս ընթացքում խանգարվում է  քունը, մարդը դադարում է օրեր շարունակ հանգիստ քնել: Շատերն են հրաժարվում սննդից, վատ ախորժակը կամ դրա իսպառ բացակայությունը լրացնում են դեպրեսիվ խանգարումների  ախտանշանների շարքը:

Այլևս անհետաքրքիր ու անիմաստ են թվում այն ամենն, ինչը նախկինում  հաճելի էր, ցանկալի: Այնուհետև ի հայտ են գալիս այնպիսի  հուզական խանգարումներ, ինչպիսիք են թախիծը,  դժբախտության զգացումը: Ներկան  ներկայացվում է որպես մռայլ իրականություն, իսկ անցյալը՝ անուղղելի  սխալների շարան:  Շատերն են գերհոգնած  և անեռանդ:  Պակասում է էներգիան ու ամենատարրական  ցանկությունները: Մարդիկ չեն ուզում գնալ աշխատանքի, կենցաղային գործեր անել: Շատերն անխնամ են ու չեն հետևում իրենց արտաքինին:

Դեպրեսիվ  խանգարումների արդյունքում մարդը տևական ժամանակ ընկնում է խորը ընկճվածության, ծայրահեղ ու անվերջանալի թվացող հուսալքվածության փուլ: Այս ժամանակահատվածում, թվում է, թե կյանքում որևէ դրական ու նշանակալի իրադարձություն տեղի չի ունենում, ամեն ինչ պատված է բացասականի շղարշով: Մարդը դառնում է անտարբեր, դադարում է ապրել, զգալ կյանքի ռիթմը: Աստիճանաբար նկատվում է մեկուսացում, ինքամփոփ վիճակն անդառնալի է թվում:

Դեպրեսիվ խանգարումներն իրենց հետ կարող են բերել նաև մի շարք սոմատիկ հիվանդություններ: Մշտական ընկճվածության, տխրության ու մելանխոլիայի զգացումը հանգեցնում է տևական սթրեսների: Ինչն էլ իր հերթին բերում է տարատեսակ հիվանդությունների զարգացման հնարավորության: Գլուխ են բարձրացնում շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, խթանվում է անգամ  օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ հակումը:

Հատկանշկան է, որ դեպրեսիվ խագարումները կարող են հանդիպել բոլոր տարիքի ու սեռի մարդկանց մոտ: Չնայած որ ամենադեպրեսիվ տարիք է դիտարկվում վաղ դեռահասությունից մինչև քսան տարեկանն ընկած ժամանակահատվածը: Դեռահասների ութսուն տոկոսը տառապոմ է դեպրեսիայից: Դեպրեսիաներ են ունենում քառասունին մոտ տարիքի, չկայացած և անիրականացած երազանքներ ունեցող մարդիկ:

Վիճակագրական տվյալների համաձայն, դեպրեսիվ խանգարումների նկատմամբ առավել ընկալունակ են կանայք: Դեպրեսիաներից ապահովագրված չեն կանայք հղիության ընթացքում: Այս ընթացքում է, որ նրանց հոգեբանական վիճակն անմիջականորեն անդրադառնում է պտղի զարգացման ու առողջության վրա՝ հետագայում դառնալով  հոդեհուզական ու սոմատիկ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ:

Մասնագետները վստահ են, որ դեպրեսիվ խանգարումներն, իրենց ողջ բարդությամբ, հնարավոր է կանխարգելել: Դա առավելապես պայմանավորված է հոգեբանական տեսանկյունից կոփման հնարավորությամբ: Այս հարցում կարևոր նշանակություն ունի երեխայի ընտանեկան դաստիարակությունը: Վաղ մանկությունից խորհուրդ է տրվում երեխայի մեջ համբերություն, հանդուրժողականություն, ինքնավստահություն սերմանել: Այն երեխաները, ովքեր ուրախ, կենսախինդ,  արկածներով ու վայելքներով համեմված մանկություն են ունեցել,  հեշտությամբ կհաղթահարեն դեռահասության և հասունության շրջանի դեպրեսիվ փուլերը: Իսկ այն ընտանիքները, որտեղ մշտապես տիրում  լարվածության  ու անհանդուրժեղականության մթնոլորտ, որտեղ երեխան մեծանում է սեփական Ես-ի թերարժեքության, անհանդուրժողականության ու ատելության միջավայրում, մեծ է հավանականությունը, որ կհասունանան սթրեսների ու դեպրեսիաների նկատմամբ ոչ դիմացկուն երեխաներ:

Երբ առկա է դեպրեսիվ խանգարման վիճակը, կարևոր է  դրա դեմ անմիջապես պայքարը: Նախնական փուլում դեպրեսիաների դեմ կարելի է պայքարել ոչ մասնագիտական մոտեցումներով: Մեծագույն նշանակություն ունի իրավիճակի գիտակցումն ու ինքնակառավարումը: Կիտրոնով թեյը,  մուգ, դառը  շոկոլադը,  ուրախ ընկերական միջավայրը ամենաիսկական բնական հակադեպրեսանտներն են:  Խորհուրդ է տրվում այս ընթացքում խուսափել մենակությունից, այցելել ուրախ վայրեր, լինել դրական մարդկանց միջավայրում:

Սակայն լինում են դեպքեր, երբ մարդն ինքն ի զորու չէ պայքարել դեպրեսիայի դեմ: Անհրաժեշտություն է առաջանում  դիմել մասնագետների: Սա հարցի ամենաօբյեկտիվ ու արմատական լուծումը կարող է լինել, որը կօգնի խուսափել հնարավոր բարդություններից: