Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան ևս մասնակցեց ցուցահանդեսին

2016 թվականի մարտի 4-6-ն անցկացված Առողջապահություն և դեղագործություն 2016 ամենամյա մասնագիտական առողջապահական էքսպոյին ի թիվս այլ կազմակերպությունների մասնակցեց նաև Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան:

Երիտասարդ բժիշկների սեմինարը

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպության անդամ բժիշկները անվճար բժշկական խորհրդատվություն իրականացրին ցանկացող քաղաքացիներին: Սա հնարավորություն էր ոչ ֆորմալ պայմաններում զրուցել մարդկանց հետ սեփական առողջության վերաբերյալ կարևորագույն խնդիրների մասին և հորդորել ժամանակին դիմել բժշկի:

Երիտասարդ բժիշկների սեմինարը

Ժամանակակից բժշկագիտության համար նշանակալի մարտահրավեր է անպտղության հիմնախնդիրը: Այս հարցի հնարավոր լուծմանն են միտված առողջապահական կազմակերպութոյւնների և գիտական կենտրոնների ջանքերը: Հայաստանի երիտասարդ բժիշկները ևս անմասն չեն հիմնախնդրից: Ցուցահանդեսի 2-րդ օրը տեղի ունեցավ գիտական սեմինար՝ Անպտղություն. Խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները խորագրով:

Երիտասարդ բժիշկների մասնակցությունը սեմինարին

Ընտանիքի անպտղության հանգամանքը հավասարապես պայմանավորված է թե՛ կնոջ, թե՛ տղամարդու գործոնով: Տղամարդու անպտղության բուժման ոչ վիրահատական մոտեցումները ներկայացրեց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Հատկապես վերջին ժամանակներում ճարպակալումը սկսում է նորանոր թիրախներ գրավել: Դրանով պայմանավորվում է մի շարք համակարգային հիվանդությունների առաջացումը: Անպտղության պատճառը ևս շատ դեպքերում հենց ճարպակալումն է: Ճարպակալման և անպտղության միջև կապը ներկայացրեց էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:

Էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը հանդես եկավ վահանաձև գեղձի և անպտղության միջև կապի վերաբերյալ զեկույցով: Կանանց անպտղության իմունոլոգիական կապի մասին էր կլինիկական օրդինատոր Եվա Չիչոյանի զեկույցը:

Սեմինարի ընթացքում հնչեցին ժամանակակից մոտեցումներ, տեսական նորարարություննեև և գործնականում ապացուցված դեպքերի լուսաբանումներ: Զեկույցների համադրումը կարելի է դիտարկել որպես անպտղության բուժման ու կառավարման ժամանակակից մոտեցումների համալիր, որը նշանակալի արդյունք կարող է ապահովել անպտուղ ընտանիքներին:

Առողջություն ամսագիր
www.healthmag.am