Անօվուլյացիա. Կնոջ անպտղության ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը

Ինչպես հայտնի է՝ անպտղությունը հղիության բացակայությունն է մեկ տարվա ընթացքում առանց հակաբեղմնավորիչների օգտագործման կանոնավոր սեռական կյանքով  ապրելու պայմաններում: Գոյություն ունեն <<կնոջ և տղամարդու  անպտղություն>> հասկացությունները, երբ զույգերից մեկի մոտ հայտնաբերվում են որոշակի հիվանդություններ կամ խանգարումներ:

Բացի այդ, կա նաև, այսպես կոչված, համակցված անպտղություն, երբ խնդիրներ առկա են և՛ կնոջ, և՛ տղամարդու մոտ:

Ռուզաննա Ճզմաչյան

Կնոջ անպտղությունն իր հերթին բաժանվում է մի քանի տեսակների, որոնցից առավել հաճախ հանդիպում է էնդոկրին անպտղությունը, որի դեպքում դիտվում են ձվազատման խանգարումներ:

Նորմալ դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ ձվարաններում մեծանում են մեկ կամ, հազվադեպ, երկու ֆոլիկուլներ, որոնք, հասնելով որոշակի չափերի, պայթում են. այս երևույթը կոչվում է օվուլյացիա:

Այդ ժամանակ ֆոլիկուլի մեջ զարգացած ձվաբջիջը դուրս է գալիս և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ և հանդիպում է սերմնաբջջին, և այստեղ էլ կատարվում է բեղմնավորումը: Իսկ ձվազատված ֆոլիկուլի տեղում զարգանում է, այսպես կոչված, դեղին մարմինը, որն արտադրում է համապատասխան հորմոններ հետագա հղիության զարգացման համար:

Ի՞նչ է անօվուլյացիան: Դա հենց ֆոլիկուլի աճի և ձվազատման խանգարումներն են դաշտանային ցիկլի ընթացքում, որոնք և հանգեցնում են անպտղության:

Անօվուլյացիան լինում է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական:

Ո՞րն է ֆիզիոլոգիական անօվուլյացիան:

Դա ձվազատման բացակայությունն է նորմայում, օրինակ դեռահասության տարիքում գտնվող  աղջիկների մոտ կամ արդեն դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ: Բացի այդ, նորմայում ձվազատումը բացակայում է հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում, երբ կինը երեխային կերակրում է կրծքով: Սովորաբար կրծքով կերակրող կանանց մոտ ձվազատման գործընթացը վերականգնվում է ծննդաբերությունից վեց ամիս անց:

o-PREGNANCY-TEST-facebook

Բայց լինում են դեպքեր, երբ այն վերականգնվում է ավելի շուտ, և դրանով է բացատրվում այն փաստը, որ կինը կարող է հղիանալ նույնիսկ ծննդաբերությունից երկու ամիս հետո:

Անօվուլյատոր ցիկլեր նորմայում կարող են դիտվել նաև այն ժամանակ, երբ կինը գտնվում է սթրեսի մեջ, կամ երբ կինը փոխում է  կլիմայական պայմանները: Սակայն վերը նշված բոլոր ֆիզիոլոգիական անօվուլյացիաները ժամանակի ընթացքում ինքնուրույն վերականգնվում են:

Իսկ ո՞րն է պաթոլոգիական անօվուլյացիան:

Պաթոլոգիական են համարվում քրոնիկ անօվուլյացիաները, որոնք հանգեցնում են անպտղության: Այս դեպքում արդեն առկա են դաշտանային ցիկլի ռեգուլյացիայի կայուն խանգարումներ: Որպես առաջնային պատճառ կարող են լինել ձվարանների տարբեր հիվանդություններ, որոնցից առավել հաճախ հանդիպում է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը, որը շատ լայն տարածում ունի մեր կանանց մոտ: Պաթոլոգիական անօվուլյացիաները լինում են նաև երկրորդային, օրինակ, կենտրոնական նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ, երբ տեղի են ունենում որոշ հորմոնային խանգարումներ, որոնք և հանգեցնում են անօվուլյացիայի:

Ինչպե՞ս կարելի է ախտորոշել անօվուլյացիան:
Կլինիկորեն այն սովորաբար արտահայտվում է դաշտանային ցիկլի խանգարումներով:

Ավելի հաճախ լինում են դաշտանի ուշացումներ, կամ նույնիսկ դաշտանի բացակայություն: Բայց անօվուլյատոր ցիկլերի ընթացքում կարող են լինել նաև տարբեր ինտենսիվության արնահոսություններ: Բացի այդ, անօվուլյացիաներին բնորոշ են որոշակի հորմոնային խանգարումներ, որոնք օգնում են բժշկին ախտորոշման և հետագա բուժման տակտիկայի հարցերում:

Անօվուլյացիային նաև կարելի է ախտորոշել գերձայնային հետազոտության միջոցով, երբ դինամիկ հսկողության ժամանակ բացակայում է ֆոլիկուլի աճը և ձվազատման գործընթացը:

Բացի վերը նշվածներից, գոյություն ունեն հատուկ, այսպես կոչված, օվուլյացիայի թեստեր, որոնց միջոցով նույնպես կարելի է հետևել ձվազատման գործընթացին:

Որոշ կանանց մոտ ձվազատման օրերին կարող են լինել տարբեր ինտենսիվության ցավեր փոքր կոնքի խոռոչում, այդ օրերին կինը կարող է ունենալ լորձային արտադրություն արտաքին սեռական ուղիներից: Այս ախտանիշները որոշակիորեն կարող են խոսել ձվազատման մասին:

Երբ արդեն ախտորոշվել է ձվազատման խանգարում, անմիջապես պետք է սկսել բուժումը, որի սկզբնական փուլում իրականացվում է հորմոնային խանգարումների վերականգնում, եթե դրանք առկա են տվյալ իրավիճակում:

Դրանից հետո նշանակվում են օվուլյացիան խթանող դեղամիջոցներ, որոնք բազմաթիվ են և բավական արդյունավետ: Գոյություն ունեն օվուլյացիան խթանող դեղամիջոցների նշանակման բազմաթիվ տարբերակներ, որոնք հնարավորություն են տալիս գրեթե ցանկացած անօվուլյատոր ցիկլում ստանալ դրական արդյունք, այսինքն՝ ստանալ դրական արդյունք, մենք ստիպված ենք լինում կնոջն ուղարկել լապարոսկոպիկ վիրահատության, որից հետո  կոնսերվատիվ բուժման էֆեկտը բարձրանում է:

Այսօր վերարտադրողական բժշկության զարգացման շնորհիվ անպտղության բուժման արդյունքները բավական լավատեսական են, և անպտուղ կանանց մեծ մասը հնարավորություն ունի վայելելու մայրության բերկրանքը:

Ռուզաննա Ճզմաչյան
Պտղաբերության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ

Առողջություն ամսագիր