Սրտանոթային հիվանդություններ. բուժում և կանխարգելում

Սրտանոթային հիվանդություններից մահացությունն առաջին տեղն է զբաղեցնում բոլոր հիվանդությունների հետ համեմատությամբ: Միևնույն ժամանակ հենց սրտաբանությունն է բժշկության այն ուղղությունը, որն առաջինն է՝ պարբերական զարգացումներ ու ձեռքբերումներ  գրանցելու տեսանկյունից:  Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանի հետ զրուցեցինք Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ անելիքների վերաբերյալ:

Shahen_Norayri_Khachatryan

-Բժիշկ Խաչատրյան, Հայաստանում սրտաբանության ոլորտի ձեռքբերումները գնահատելիս անհրաժեշտություն ենք ունենում ընդհանրական համեմատություններ անցկացնել այս ասպարեզի միջազգային զարգացումների հետ: Համեմատական կարգով, ինչպե՞ս եք գնահատում սրտաբանությունը մեր երկրում:

— Վերջերս բավական <<մոդայիկ>> է դարձել Հայաստանը համեմատել համաշխարհային մասշտաբների հետ՝ մոռանալով, որ նույնիսկ սովորական պարամետրերով մենք չենք կարող համեատվել որևէ մասշտաբի հետ: Բժշկությունն ու առողջապահությունը տարբեր հասկացություններ են: Առողջապահությունը երկրի ունեցած հնարավորությունների սահմանում ազգաբնակչությանն ուղղված ծրագրերի իրականացումն է, որը ներառում է սոցիալական ոլորտը, բժշկությունը հասարակության համար հասանելի դարձնելու հնարավորությունը: Ցավոք, առողջապահական որոշակի  խնդիրներ անպայման անդրադարձ են ունենում բուժական խնդիրների վրա: Բուն բժշկությունը հիվանդին բուժելու արվեստն է,  ստեղծագործական մի բնագավառ, որի վրա ներգործում է և առողջապահության կազմակերպվածությունը: Ինչպես գիտենք, սրտանոթային հիվանդություններն ամենամահաբերն են: Միջազգային վիճակագրության մեջ տվյալ երկրի  սրտաբանական ծառայության ուղղակի արժևորման կրիտերիաներից մեկը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացության մակարդակն է: Մեր երկրում այդ թիվը բարձր է:

Քանկոր

-Այնուամենայնիվ, միջազգային կոնֆերանսներում արտերկրի բժշկական հանրությունը բազմիցս է նշում, որ հայաստանյան բժիշկների պրոֆեսիոնալիզմը բացառիկ է:

— Եթե դիտարկենք մասնագիտական իմաստով, Հայաստանում գործում են բժիշկներ, որոնք իրենց մտածելակերպով, պրոֆեսիոնալիզմով, տեխնոլոգիաների օգտագործման ձևով, որակավորմամբ քիչ են տարբերվում,  եթե անգամ չասենք, որ ավել են համաշխարհային կրիտերիաներից: Մենք շփվում ենք  աշխարհի բժիշկների հետ, և ի ուրախություն բոլորիս, եթե ոչ ավել, ապա պակաս չենք: Սակայն բուժական արդյունքները հետ են մնում: Այստեղ է,  որ  առողջապահական ծրագրերն իրենց ուղղակի ազդեցությունն ունեն բուժական արդյունքների վրա: Մեր և իրենց հնարավորությունները խիստ անհամեմատելի են: Բայց մենք կարողանում ենք տալ նույն արդյունքները՝ տասնապատիկ քիչ տեխնոլոգիական սարքավորումային հնարավորություններով:

-Սակայն, պետության կողմից առողջապահության քաղաքականությունում ևս կան որոշակի տեղաշարժեր:

-Հայաստանում վերջին տարիներին դրական քայլեր կան, մեր երկրի սուղ հնարավորությունների հետ միասին անընդհատ մեծանում է այս համակարգի հիվանդությունների բուժման համար հատկացված բյուջեն, նյութական հնարավորությունները, իսկ այդ հիվանդությունների համար  մեծ ծախսեր են անհրաժեշտ: Դրանից չեն կարողանում օգտվել հասարակության բոլոր խավերը: Զգալի է, որ պետության կողմից այդ իմաստով ներդրումներ են կատարվում, դա հնարավորություն է տալիս ավելի շատ մարդկանց ներգրավել: Պետք է փաստել, որ բնակչության վճարունակությունն է նվազել, դեր ունի նաև տարածաշրջանային ֆինանսական ճգնաժամը:

Քանկոր

-Սոցիալ-տնտեսական իրավիճակի ներգործությունն ինչպե՞ս եք գնահատում առողջապահության և մասնավորապես, սրտաբանության ոլորտի զարգացումների վրա:

-Սրտաբանության ոլորտում իրականացվող միջամտությունները, գործողությունները բավական նյութածախս են պահանջում, մարդիկ պարզապես հնարավորություն չեն գտնում բժշկի դիմելու:  Սա վտանգավոր է մի քանի հիմնարար ուղղություններով: Բուժանձնակազմը  մասնագիտական դեգրադացիայի է ենթարկվում քիչ աշխատանքի պատճառով: Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տարիներին որևէ կերպ չհիմնավորված կլինիկաներ են բացվում, որոնք թերի ծանրաբեռնված են աշխատում: Այսպիսով, մասնագետներն աշխատում են թերի զբաղվածությամբ, մի կողմից կլինիկաների առատությամբ, մյուս կողմից, սոցիալական վիճակի հետևանքով: Արդյունքում, լինում են մասնագետներ, որ լքում են երկիրը՝ վարձատրության, աշխատանքային պայմանների ու հնարավորությունների պատճառով: Ես համոզված եմ, որ իրենք չեն լքում երկիրը հայրենիքը չսիրելու հետևանքով: Պարզապես մեծ է տասնյակ տարիների սովորածը, փորձը, գիտելիքներն ու ձեռքբերումները չկորցնելու ցանկությունը: Հնարավոր է՝ կգան լուսավոր օրեր, երբ ավելի լավ պայմաններ կստեղծվեն, բնակչությունն ավելի լավ հնարավորություններ կունենա բուժման համար, բայց բժիշկներ պարզապես չեն լինի… Գիտեք, որքան ցավալի է, որ բժիշկը պատրաստ է հրաշքներ գործել, ամենաբարդ վիրահատություններ իրականացնել, մինչդեռ հնարավորությունները թույլ չեն տալիս:   Ես միտում չունեմ ընդհանուր առմամբ դժգոհություններ արտահայտել, պարզապես ուզում եմ, որ սատարենք միմյանց՝ որակներ չկորցնելու համար:  Մասնագետների վերականգնումը մեկ-երկու տարում չի լինում, տարիներ են անհրաժեշտ դրա համար:

Քանկոր

-Որո՞նք են այն հիմնական արժեքները, որոնք Ձեր կլինիկայի գործունեության հիմքում են:

-Մենք՝ բժիշկներս, կյանքեր ենք փրկում: Մարդու մահն անխուսափելի է, ամեն մի մահվան մեջ մեղավորներ են փնտրում՝ ի դեմս բժշկի: Մի կողմից՝ բժիշկները մտավորականության կարկառուն ներկայացուցիչներն են, մյուս կողմից, մեղադրանքների առաջին թիրախը: Երբ բժշկությունը դարձավ վճարովի, մենք նաև դարձանք ժողովրդի ատելին, որովհետև իրենց կյանքը փրկելու համար վճարում է պետք, ու այս ամեն ինչի մեջ փորձիր մասնավոր հիվանդանոց բացել, կատարել վիրահատություններ, որոնք շատ թանկ են, կատարել վիրահատություններ, որոնք, ցավոք, նաև մահով են ավարտվում, այսքանից հետո ահավոր դժվար է հարգանքը պահապանել: Ես, այս իմաստով, բախտավոր եմ, քանի որ միշտ գնահատված եմ եղել թե՛ հիվանդների, թե՛ կառավարության, թե՛ կոլեգաների կողմից,  թեև երբեմն զերծ չեմ եղել նաև հանիրավի քննադատությունից: Ես համարում եմ, որ Հայաստանում բժիշկ աշխատելը հիանալի սխրագործություն է, եթե իհարկե, բժիշկ ես մնում՝ այն չես  վերածում բիզնեսի, եթե մտածում ես, որ ամենօրյա աշխատանքում քո միսիան հիվանդ բուժելն է, ոչ թե բիզնեսը. ես հարգում եմ ինձ՝ այս ամենի համար:

Ինչքան խորը պիտի լինի հավատն մասնագիտական ունակությունների ու ակնածանքը մասնագիտության նկատմամբ, որ ես, որևէ բիզնես հեռանկար չհետապնդելով, հսկայական ֆինանսներ ներդնեմ՝ հիվանդանոց հիմնելու համար: Բիզնեսի իմաստով՝ սա միանգամայն չարդարացված ներդրում էր, իսկ ընդհանուր առմամբ՝ կյանքի իմաստ: Հետևաբար, ես պարտավոր եմ հիվանդանոցում այնպիս մթնոլորտ ստեղծել, որ իմ երիտասարդ կոլեգաները հիվանդ բուժելու  համար իդեալական պայմաններ ունենան: Ես կարող եմ ինքս իմ կլինիկան համարել Երևանի լավագույն սրտաբանական կլինիկաներից մեկը՝ տեխնիկական զինվածության, պայմանների, մասնագիտական բարձր որակավորման տեսանկյունից, և առավել ևս՝ վիճակագրական  բոլոր ցուցանիշներով:

Քանկոր

-Կլինիկայում բազմաթիվ երիտասարդ մասնագետներ են աշխատում: Ո՞րն է այն խորհուրդն ու գաղափարախոսությունը, որ փոխանցում եք նրանց:

-Միայն հիվանդ բուժել: Որպես կանոն, բժշկությունը դեռևս ուսանողական տարիներից լավ, բարեկեցիկ ապրելու հույս է տաիս երիտասարդներին: Ես, որպես տարիների բազմափորձ բժիշկ, կարող եմ ասել, որ, բժիշկը երբեք լավ չի  ապրում: Իհարկե հնարավոր է, որ կյանքի ինչ-որ էտապում, երբ դու ճանաչված բժիշկ ես, նյութական հնարավորություններ ես ունենում, սակայն ի համեմատություն քո ներդրած ջանքերի, դրանք չափազանց երկրորդային են երևում: Ուստի, այն մարդու համար, ով ընտրել է բժշկի մասնագիտությունը, պետք է միակ առաջնորդող միտքը աճի ու զարգացման պահանջը լինի, բուժելու և օգնելու անվերջ ցանկությունը:

Քանկոր

-Բժիշկ Խաչատրյան, այս ամենով հանդերձ, նկատելի և հստակ է նաև Ձեր կողմից իրականացվող հատուկ քաղաքականությունը՝ հասանելի բժշկություն ապահովել սոցիալական տարբեր խմբերի:

-Մենք իրոք կարևորում ենք այդ քաղաքականությունը և հանգամանորեն մտածել ենք հսկայական զեղչեր, միայն նրա համար, որ սրտի՝ կյանք փրկող  վիրահատությունը հասանելի լինի մարդկանց: Սոցիալական բավական բարդ իրադրությունում այս հնարավորությունն, իրոք, ժողովրդի համար լուսավոր հույսի կետ է: Մենք գերադասում ենք որպես բիզնես չդիտարկել ու գումար չաշխատել, փոխարենը այսպիսով մարդկան կյանք փրկել:  Մեր զեղչային քաղաքականությունը նպաստում է նաև սրտային հիվանդություններից մահացության վիճակագրության նվազմանը: Ինչպես հայտնի է, սրտանոթային համակարգի հիվանդությունները ծանրագույնն են համարվում, ունեն մահացության բարձր հավանականություն: Սակայն մեր կլինիկայում այդ ցուցանիշը 0,3-0,4 տոկոս է՝ ի շնորհիվ հասանելիության, անհրաժեշտ նորագույն սարքավորումների, բարձր պատրաստականության պրոֆեսիոնալ բժիշկների, որոնց նպատակը մարդուն բուժելն է:

ՀՀ ԱՆ գով. թույլտվ. N Ա-ԲՄ- 000024
Տրվ. «Քանկոր» սիրտ-անոթային ԲԿ ՍՊԸ-ին՝ 22.04.2015թ. No 982-Ա հրաման
Թույլտվ. գործ. ժամկետը՝ 22.04.2015-22.04.2016 թ.

Առողջություն ամսագիր