Սննդային սահմանափակումներ՝ ալերգիայի ժամանակ

Ալերգիայի ժամանակ սննդակարգի սահմանափակումը պետք է լինի լիարժեք  և անպայման միտված լինի հիվանդության արտահայտման նվազմանը: Այն պետք  է պարունակի 2800 կկալ՝ 150 գրամ սպիտակուց, 200գ ածխաջուր և 150 գ ճարպ: Նման սննդակարգը պետք է հստակ ընտրված լինի, որպեսզի հագեցած լինի անհրաժեշտ քանակի վիտամիններով: Խորհուրդ է տրվում շատ օգտագործել թույլատրելի մթերքները՝ մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր: Աղի պարունակությունը ևս անհրաժեշտ է սահմանափակել:  Սահմանափակման ենթակա են նաև թթու, կծու և խիստ համեմված սննդամթերքները: Ալկոհոլային ցանկացած խմիչք պետք է բացառել:

Օրվա ռացիոնից անհրաժեշտ է բացառել հետևյալ մթերքները.

  • Ցիտրուսներ (նարինջ, մանդարին, թուրինջ, կիտրոն և այլն),
  • Ընկուզեղեն (հունական, նուշ, պնդուկ, գետնանուշ),
  • Ձուկ,ծովամթերք և ձկնամթերք (թարմ և աղով մշակված ձուկ, ծովախեցգետին, խեցգետնակերպեր, պահածոներ, ձկնկիթ),
  • Թռչնամիս (բադ, սագ, հնդկահավ, հավ և այլն),
  • Ձու,
  • Ծխեցրած մթերքներ,
  • Կարմիր բողկ, ծովաբողկ,
  • Լլիկ, սմբուկ,
  • Սունկ,
  • Ելակ, գետնամորի, սեխ, անանաս, ձմերուկ, կարմիր և նարնջագույն այլ մթերքներ,
  • Շոկոլադե պատրաստվածքներ,
  • Սուրճ,
  • Մեղր,
  • Կաթ,
  • Թթխմոր և հրուշակեղեն:

Ցանկալի է բացառել այնպիսի մթերքների կիրառությունը, ինչպիսիք են մանանեխը, պղպեղը, սխտորը, քացախը, մայոնեզը, կծու սոսուսները, տոմատի մածուկը, պահածոները և մարինադները:

Սևան Իրիցյան Ալերգոլոգ, իմունոլոգ

Սևան Իրիցյան
Ալերգոլոգ, իմունոլոգ

Կարելի է օգտագործել ստորև թվարկված մթերքները՝ միայն թարմ վիճակում՝ առավելագույնը մեկ օր սառնարանում մնալու պարագայում:

  • Մսեղենը՝ տավարի և ճագարի ոչ յուղոտ, շոգեխաշած միս, տավարի լյարդ,
  • Ապուրներ՝ մանրաձավարով, տավարի մսի երկրորդական արգանակով, բանջարեղենով,
  • Զեյթունի և արևածաղկի բուսայուղեր,
  • Խաշած կարտոֆիլ,
  • Վարսակի փաթիլներ, հնդկաձավարի և բրնձի շիլաներ,
  • Կաթնաթթվային պատրաստվածքներ՝ Նարինե մածուն, յուղազրկված թթվասեր և կաթնաշոռեր, (ցանկալի է տեղական արտադրության և պահպանման կարճ ժամկետով):
  • Բանջարեղեն՝ վարունգ, սամիթ, մաղադանոսմ կաղամբ, դդմիկ, գլուխ սոխ, ծաղկակաղամբ՝ չտապակված վիճակում,
  • Մրգեր և հատապտուղներ՝ սալոր, տանձ, խնձոր, հաղարջ,
  • Թեյ
  • Շաքար,
  • Չթեփահանված ալյուրից պատրաստված հացամթերք:

Հաշվի առնելով նման սննդակարգի խիստ սահմանափակումները՝ պետք է հստակ լինեն ցուցումները: Սննդային ալերգիաների ժամանակ ալերգենի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է բացառել նաև տվյալ ալերգենը պարունակող սննդամթերքները:  Կարևոր է հիշել, որ խստիվ հակացուցված է արդյունաբերական մշակում անցած, ներկանյութեր և սննդային հավելանյութեր պարունակող մթերքների կիրառումը:

Սևան Իրիցյան
ալերգոլոգ, իմունոլոգ