Քունը և մարդու առողջությունը

Սեմինար թերապևտների և նյարդաբանների համար

Այս տարվա մարտի 18-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քնի համշխարհային օր (World sleep day): Այս օրվա նպատակն է վեր հանել քնի տարբեր խանգարումները, բարձրաձայնել մասնագիտական ոլորտում առկա խնդիրները և նպաստել ոլորտի զարգացմանը: Այս օրվա թիրախավորված անդրադարձը քնի կարևորությանը և քնի խանգարումներին, հնարավորություն է տալիս բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, ինչպես հասարակության լայն շերտերում, այնպես էլ տարբեր մասնագետների շրջանում:

_DSC4483

Այս տարի Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ) հերթական անգամ միացավ միջազգային մասնագիտական զարգացումներին, և կազմակերպեց սեմինար՝ «Քունը և մարդու առողջությունը» թեմայով: Սեմինարը նախատեսված էր առաջնային օղակի բժիշկների համար` մասնավորապես թերապևտների և նյարդաբանների: Այս միջոցառմանը մասնակցեցին մոտ 120 մասնագետներ Երևանից և հանրապետության տարբեր այլ քաղաքներից: Սեմինարին հրավիրված էր հատուկ հյուր` Շվեդիայի Ուփսալայի համալսարանի քնի խանգարումների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Յան Ուլֆբերգը: Նա հանդես եկավ դասախոսությամբ, որը նվիրված էր անհանգիստ ոտքերի համախտանիշին, որը տարածված խնդիր է Հայաստանում: Բանախոսը  հատկապես անդարադարձավ վերջերս զարգացում ստացող հիպօքսիայի դերակատարմանը՝ ՈՒիլիս-Էքբոմի հիվանդության հետ կապված:

Դասախոսություններով հանդես եկավ նաև ՔԽՀԱ նախագահ, նյարդաբան-սոմնոլոգ Սամսոն Խաչատրայնը:  Նա ներկայացրեց ընդհանուր ակնարկ ժամանակակից քնի բժշկության հիմնախնդիրների մասին, տեսանյութով ցուցադրեց Հայաստանում՝ մասնավորապես “Սոմնուս” քնի և շարժողական խանգարումների կլինիկայում գրանցված հետաքրքրական կլինիկական դեպքերը, ինչպես նաև անդրադարձավ ՀՀ-ում առկա քնաբանության խնդիրներին կապված այս կամ այն քնի պաթոլոգիայի ախտորոշման և բուժման մեթոդների բացակայության կամ անհասանելիության հետ: Մեկ այլ դասախոսություն նվիրված էր անահանգիստ ոտքերի համախտանիշի (Ուիլիս-Էքբոմի հիվանդության) դեղորայքային բուժման ժամանակակից ապացուցողական ուղեցույցներին: Թոքաբան, քնի խանգարումների մասնագետ Մարինե Պետրոսյանն էլ իր ելույթի ընթացքում խոսեց քնի շնչառական խանգարումների մասին և ոչ ինվազիվ վենտիլյացիայի կիրառման առանձնահատկություններին դրանց ժամանակ: Կլինիկական հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը ներկայացրեց  անքնության ժամանակ զուգահեռ ընթացող հոգեբուժական խանգարումները՝ մասնավորապես դեպրեսիան և տագնապային խանգարումները, անքնության ոչ դեղորայքային բուժման ժամանակակից մեթոդները՝ քնի հիգիենան և անքնության կոգնիտիվ-վարքային թերապիան և դրանց կիրառումը պրակտիկայում:

Սեմինարի մասնակիցները, որքան էլ որ նրանց համար այս թեմաները նորույթ էին, սակայն ակտիվ ներգրավված էին, հետաքրքիր հարցեր էին ուղղում դասախոսներին: Հուսով ենք այս սեմինարը կծառայի իր նպատակին. մասնագետներն առավել ակտիվ կանդրադառնան քնի խանգարումներին և դրանց կարևորություն կտան իրենց ամենօրյա պրակտիկայում:

Լիլիթ Ղահրամանյան

“Քնի խանգարումների հայկական ասոցիացիա”