Գերհոգնած մանկություն

Ժամանակն առաջ է գնում լույսի արագությամբ, ոչինչ չենք հասցնում, օրն ավարտվում է սկսվելուց անմիջապես հետո, ժամերը չեն հերիքում… զգացողություն, որը քաջածանոթ է յուրաքանչյուրին: Հոգեբանների խոսքով, մեր ժամանակների մարդը մրցավազքի մեջ է ինքն իր և շրջապատող յուրաքանչյուրի հետ: Ավելին իմանալ, ձգտել, դառնալ, գրավել, ներխուժել… այսպիսին ենք մենք ու մեր հավակնությունները: Սա դիրքորոշում է, գաղափարախոսություն: Բնական է, որ այս գաղափարախոսությունը տարածվում է նաև երեխաների վրա: Ծնողներն իրենց համար սահմանում են այն բոլոր չափանիշները, որոնց պետք է հասնեն ու անցնեն իրենց երեխաները: Իսկ թե որքանով է դա իրատեսական, հարցի մյուս կողմն է:

Mankakan-gerhognacutyun
Այն, որ մեր օրերում դպրոցական ծրագրերն անհարկի ուռճացված, բարդացված, ծանրաբեռնված են, այլևս ակտուալ չէ քննարկելը: Պատշաճ մակարդակի դասապատրաստումը, դպրոցական ծրագրի բոլոր պահանջներին համապատասխանությունը գերագույն ջանքեր է պահանջում: Միջին հաշվարկներով, ամենակազմակերպված երեխան 4 ժամ տրամադրում է բոլոր դասերի պատրաստմանը:

Ֆակուլտատիվ կոչվող՝ դասերից հետո դպրոցական առարկաների կրկնակի պարապմունքը, շատերի համար է կենսական անհրաժեշտություն: Սրանք կրկնակի, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են, որի նպատակն իրականում բարի է՝ թերացումների հաղթահարում: Սա լրացուցիչ 3 ժամ է խլում երեխայից:

Ցանկալի է, որ շարքային դպրոցահասակը մշակութային որևէ ուղղությամբ ևս կիրթ լինի՝ դաշնամուր, ջութակ, պար… հիանալի է, մինդեռ երեխայի գեղագիտական զարգացումը, ֆիզիկական ու մտավոր ջանքերից զատ, ևս 3 ժամ է խլում:

Սպորտն առողջություն է, էներգիա սպառելու և ստանալու կարևորագույն աղբյուր յուրաքանչյուր դպրոցահասակի համար: Սա օրական շուրջ 1000 կիլոկալորիա և ևս 2 ժամ է խլում երեխայից:

Այսպիսով, դպրոցի դասերի ավարտին երեխան ևս 7-10 ժամ դեռևս անելիք ունի: Հիշենք, որ այս ողջ ընթացքում նա իր ձեռքից բաց չի թողնում գաջեթները, ըստ հետաքրքրության ուղղվածության հետևում հիմնականում սիրելի աստղերի, սպորտային իրադարձությունների զարգացմանը: Սոցիալական ցանցերն ևս երեխաների առօրյայի բաղկացուցիչն են: Ինֆորմացիոն հեղեղն ամբողջանում է հոգեհուզական ներազդեցություններով: Դեռահասային ինտրիգներ ու հուզականություն, նաև՝ անձնական հավակնությունների զարգացում և արտահայտվածության սրացումներ: Այսպիսին է մերօրյա երեխաների մեծամասնության ընդհանրական բնութագիրը՝ հոգեկան ու ֆիզիկական զբաղվածության առումով:

Եթե երեխան գերծանրաբեռնված է
Նա ժամանակ չունի մտածելու, սեփական եզրահանգումներն անելու, ինքն իր համար կարևոր ու անկարևոր սկզբունքներ տարբերակելու: Այս պարագայում ինքնավերլությունն ու շրջակա միջավայրի գնահատումն անհնար են: Երեխայի ուշքումիտքը զբաղված է պարզապես հասցնելու, չուշանալու, ժամանակացույցից հետ չընկնելու մտքով: Ամենակարևորը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից երեխաները հետ են մնում իրենց տարիքային հետաքրքրություններից, խաղերից ու շփումներից: Սա սոցիալական տեսանկյունից չափազանց մեծ թերացում է:

Գերծանրաբեռնված երեխան թուլանում է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումներով: Ընկնում է դիմադրողականությունը, տարբեր հիվանդություններն ավելի հաճախ են պատուհասում: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս կամ քնկոտություն, կամ՝ անքնություն, անհանգիստ քուն: Մանկական տարիքն ու դեռահասությունն այն ժամանակահատվածն են, երբ առողջ քունը կարևոր է նյարդային համակարգի ամրապնդման ու առողջության համար: Ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել անհանգստության, անգամ նյարդային խանգարումների ու նեվրոզների, դեպրեսիաների: Հաճախ է նկատվում մարսողության խանգարում, թերսնուցում, ախորժակի բացակայություն: Ի վերջո, գալիս է մի ժամանակահատված, երբ երեխաները պարզապես քարշ են տալիս իրենց ծանրաբեռնվածությունը՝ առանց դրա նպատակն ու արժեքը գիտակցելու: Հետաքրքրական է, որ նույն զգացողությունն ունեն և նրանց ծնողները: Այս վիճակը երկար շարունակել պարզապես չի կարելի: Մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել երեխաների ծանրաբեռնվածության ծավալը, բաշխել դրանք առավել նպատակային: Բոլորովին պարտադիր չէ, որ երեխաները միանգամից սկսեն տիրապետել ամեն ինչի: Կարևոր է մշակութային,սոցիալական, սպորտային-ֆիզիկական, գիտական դիսցիպլինար հմտությունների ու գիտելիքների համակարգված ու մշակված յուրացումը: Խորհուրդ է տրվում 3-5 տարվա ըտրվածքում կանոնակարգել երեխների զբաղվածությունն ու դրա ծավալները, յուրաքանչյուր 1-2 տարին հատկացնել մեկ կամ առավելապես երկու ուղղվածության: Հակառակ դեպքում հոգեպես ու ֆիզիկապես անառողջ, գերհոգնած երեխաներին բարձր գեղագիտությունն ու մուլտիդիսցիպլինար կրթությունը չեն կարող երջանկացնել:

Առողջություն ամսագիր