Սրտի կաթվածի նախանշանները

Սրտամկանի ինֆարկտը սուր հիվանդություն է, որը պայմանավորված է սրտի պսակային անոթների արյան մատակարարման բացարձակ անբավարարության հետևանքով սրտամկանում մեռուկացման օջախների զարգացմամբ։

Կան մի քանի հիմական ու հարաբերական նախանշաններ, որոնք կարող են վկայել սրտամկանի ինֆարկտի մասին: Մաշկի գունատությունը և խոնավությունը, եղունգների հունի և շրթունքների կապտությունը, ձեռքերի և ոտքերի մատների սառնությունը վկայում են սրտամկանի ինֆարկտի ժամանակ ուժգին ցավի առկայության մասին: Ցավի ուժգնությունը ընդգծում է զարկերակային բարձր ճնշումը, վախի զգացումը, տագնապը, անհանգիստ վարքը: Ցավն ունի հեղձուկային բնույթ, նկատելի է նաև ծանրություն, ճնշում, սեղմում կրծոսկրի հետևում, կրծքավանդակի ազատ շարժումների սահմանափակման զգացողություն: Որոշ դեպքերում սրտամկանի ինֆարկտի դեպքում գերիշխող է ոչ թե ցավային համախտանիշը, այլ հեղձուկի զգացողությունը: Սա բնորոշ է հատկապես տարեց հիվանդներին: Այս պարագայում հիվանդներն ունենում են հևոց, հեղձուկ, շնչելիս անհարմարություն է նկատվում, իրավիճակը նմանվում է ասթմայի նոպայի:

Heart

Մասնագետները փաստում են՝ միշտ չէ, որ սրտամկանի ինֆարկտն ունենում է միևնույն նշանները: Ուստի պետք է ուշադիր լինել, և նույնանման զգացողությունների պարագայում դիմել շտապ բուժօգնության ՝բացառելու հնարավոր բարդությունները: Ի վերջո միայն բժշկի զննությամբ, հիվանդի գանգատների ամբողջականության համադրմամբ և էլեկտրասրտագրության միջոցով է հնարավոր սահմանել վերջնական ախտորոշումը:

Ինֆարկտի ախտորոշման պարագայում մասնագիտական բուժումը չբարդացած դեպքերում ներառում է ցավի վերացում, առիթմիաների կանխում, սրտամկանի մեռուկացած օջախների սահմանափակում: Բարդացած դեպքերում բուժումը պետք է իրականացվի ինտենսիվ թերապիայի սկզբունքների համաձայն: