Փորկապություն

Մարսողությունը մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության կարևորագույն բաղադրիչն է: Մեր ընդունած սնունդն ու հեղուկները պետք է անհրաժեշտ մշակում անցնեն համապատասխան օրգան-համակարգերում, թողնեն մեզ ահրաժեշտ նյութերը, վիտամիններն ու հանքանյութերը, ապա հեռացվեն օրգանիզմից: Այս գործընթացն իրականացնում է ստամոքսաղիքային տրակտը: Սակայն միշտ և բոլորին չի հաջողվում ունենալ առանց խնդիրների ու հիվանդագին վիճակների մարսողական և արտաթորման համակարգ:

Փորկապությունը բավական տարածված հիվանդագին վիճակ է: Այն ունի իր մի շարք դրսևորումները: Կարող է պատուհասել բոլոր տարիքներում՝ վաղ նորածնայինից մինչև խոր ծերություն: Տարբեր տարիքներում և ըստ սեռական պատկանելության այս վիճակն ունի իր առանձնահատկությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորկապություն է համարում այն վիճակը, եթե անկախ տարիքից 3-7 օրվա ընթացքում չեն գործում աղիները: Նշանակություն է տրվում նաև զուգարանում անցկացրած ժամանակահատվածին: Փորկապության պարագայում մարդն ունենում է աղիների անլիարժեք դատարկվածության զգացողություն, դեֆեկացիան ընթանում է ցավերով, դժվարությամբ, կղազանգվածը լինում է կոշտ:

Նորածնային տարիքում փորկապությունը թերսնուցման, կրծքով կերակրման պարագայում՝ մայրական կաթի որակի, բաղադրության դրսևորումն է: Տեղափոխությունները, եղանակային տատանումները, սննդային փոփոխությունները, ինչպես նաև այլ հիվանդությունները կարող են անդրադառնալ նորածնի աղիների ֆունկցիայի վրա՝ դառնալով փորկապության պատճառ:

Մանկական տարիքում վատ սնուցումը, նյարդային վիճակը, դիսբիոզը, սննդային խանգարումներն են փորկապության պատճառը:

Դեռահասության տարիքում փորկապության պատճառը հորմոնալ ֆոնի տատանումներն են, որոնք կարգավորվում են հասունացման տարիքի անցման հետ:

Փորկապությունը նաև հղիությունն ուղեկցող վիճակ է: Հղիության առաջին եռամսյակում այն հորմոնալ ֆոնի տատանումներով է պայմանավորված, երկրորդ, երրորդ եռամսյակներում՝ արգանդի ծավալի մեծացումը մեխանիկական ճնշման միջոցով սեղում է աղիները, ինչն էլ փորկապությամբ է դրսևորվում: Որպես կանոն, հղիության ընթացքում ընդունած դեղաբանական ձևերով վիտամիններն ու միներալները ևս նպաստում են փորկապությանը:

Հորմոնալ փոփոխությունները խթանում են նաև մենոպաուզայի ընթացքն ուղեկցող փորկապությունը:

Փորկապության հակված են մեծահասակները: Տարիքի հետ թուլանում է մկանային հյուսվածքի առաձգականությունը: Աղիների մկանային հյուսվածքը կորցնում է գալարակծկանքների ունակությունը, հետևաբար և՝ տուժում է աղիների ֆունկցիան ընդհանուր առմամբ:

Տևական պառկած հիվանդները ևս ունենում են ատոնիայի խնդիր:

Փորկապությունը՝ աղիների ոչ պատշաճ աշխատանքը կարող է լինել աղիների միկրոֆլորայի դիսբիոզի հետևանք:

Փորկապությունն անհապաղ բուժել է պետք: Չբուժված փորկապությունը մի քանի հիմնական վտանգ է պարունակում: Կարևոր է հանգամանքը, որ այս վիճակում կարող է օրգանիզմի ներքին թունավորման երևույթներ սկիզբ առնել: Մեկ այլ կարևոր գործոն է նաև հանգամանքը, որ փորկապության դեպքում անհրաժեշտ միկրոտարրերն ու վիտամինները չեն ներծծվում օրգանիզմ: Սա հավասարաչափ կարևորվում է երեխաների, հղիների պարագայում:

Վիճակագրական տվյալների համաձայն, փորկապությունը գլխացավից հետո, այն ամենատարածված հիվանդությունն է, որի պարագայում մարդիկ դիմում են դեղորայքային ինքնաբուժության: Կա թյուր կարծիք, թե աղիների աշխատանքը խթանող որոշ բուսական հիմքով դեղամիջոցներ լիովին անվտանգ են: Միևնույն ժամանակ, մասնագետները հիշեցնում են, որ ոչ բոլոր բույսերն են միանգամայն անվտանգ բոլոր դեպքերի համար: Դեղատներում առկա բուսական հիմքով լուծողական միջոցները բավական լուրջ հակացուցումներ ունեն, մասնավորապես հղիության ընթացքի համար: Տեղին է հիշեցնել, որ լուծողական միջոցների պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել աղիների ատոնիայի, ինչը պրակտիկորեն անվերականգնելի է:

Մասնագետները խորհուրդ են տալիս փորկապության վիճակը շտկել սննդային կարգավորմամբ: Մեծ նշանակություն ունի հեղուկների տեղին կիրառությունը՝ ուտելուց առաջ մեկ գավաթ ջուր, ի տարբերության սննդի ընթացքի ու ավարտի: Խորհուրդ է տրվում կիրառել թեփ, բջջանք պարունակող մթերքներ, չորամրգեր, նաև անհրաժեշտ է խուսափել ճերմակ ալյուրից թխված հացաբուլկեղենից:

Առողջություն ամսագիր