10 պատճառ, թե ինչու օրգանիզմը «չի ընդունում» ատամնային ներտունկները / իմպլանտները

Իմպլանտները մարդու ատամների արհեստական արմատներն են, որոնց վրա ատամնաբույժ-օրթոպեդը հետագայում պետք է կառուցի ատամի պսակը: Դրանք պատրաստված են  տիտանի հատուկ համաձուլվածքից: Մարդկային օրգանիզմը  տիտանը որպես օտար մարմին չի «տեսնում», հետևաբար այս նյութի նկատմամբ օրգանիզմի իմունային համակարգը չի գործում, ընդունակ չէ «մերժել» այն: Այն մտավախությունը, թե օրգանիզմը շատ հաճախ կարող է «չընդունել»   ատամնային իմպլանտները, ինչպես նաև դրանից բխող՝ ատամնային իմպլանտացիայի նկատմամբ  վախը խիստ չափազանցված է:

DSC_9877

Փորձենք ներկայացնել իմպլտանացիայի հնարավոր ձախողման իրական պատճառները՝

  1. Վիրահատական պրոտոկոլից շեղում
  2. Օստեոինտեգրացիայի ընթացքի խախտում
  3. Ոսկրային հյուսվածքի վիճակի անտեսում
  4. Իմպլանտների գերծանրաբեռնում
  5. Նյութափոխանակության չլրացված խախտումներ
  6. Բերանի խոռոչում ինֆեկցիոն պրոցեսների անտեսում
  7. Թերի որակով իմպլանտներ
  8. Թերի պատրասված պսակներ կամ կամուրջներ
  9. Վնասակարար սովորությունների թերագնահատում
  10. 0,01%

Մինչև այս ամենը քննարկելը, հիշենք, որ մարդկային օրգանիզմը գերհզոր մի համակարգ է և ինքնուրույն կարող է հաղթահարել այս բոլոր կետերը, բայց, ավաղ, վիճակագրությունն այնուամենայնիվ իմպլանտի մերժման դեպքերի մասին է վկայում:

  1. Վիրահատության պրոտոկոլ

Ցանկացած վիրաբուժական միջամտության ժամանակ առաջնային դեր ունի  վիրահատության մաքրությունը, ինչի խախտման դեպքում կարող է առաջանալ ոսկրային վերքի բորբոքում և իմպլանտի կորուստ։ Բժիշկը պարտավոր է պահպանել նաև ագրեսիվության նվազեցումը ոսկրի մեջ իմպլնատի համար անցք ստեղծելու ընթացքում՝ գործիքների ճիշտ հերթականությունը պահպանելով։ Հակառակ դեպքում, մենք կունենանք ոսկրային հյուսվածքի այրվածք կամ իմպլանտի թերի ֆիքսացիա, որը կարտահայտվի իմպլանտացիայից հետո առնվազն 15 օրվա ընթացքում։

  1. Իմպլանտների օստեոինտեգրացիան/սերտաճումը։

Շատ բժիշկներ շտապում են, շատ պացիենտներ շտապեցնում են, իսկ իմպլանտն ունի կրիտիկական շրջաններ (15-45 օրը) և սերտաճման ժամկետ (2 — 12ամիս), որոնք անտեսելը պարզապես «հանցանք» է։ Վիրահատական միջամտությամբ իմպլատների տեղադրմանը հաջորդում է ոսկրերի ներաճման փուլը: Իմպլանտի մակերեսին որոշակի անհարթություններ կան, դեպի որոնց էլ ժամանակի ընթացքում սերտաճում է ոսկորը: Սա ամենակարևոր փուլն է: Սերտաճման ընթացքի վրա կարող են ազդեցություն ունենալ այդ ժամանակահատվածում կրած հիվանդությունները՝ ընդհանուր ինֆեկցիաները, տեղային բորբոքային պրոցեսները, տարբեր, օրինակ քիմիաթերապևտիկ, որոշ հակամակարդիչ դեղամիջոցների ընդունումը:

3 Ոսկրային հյուսվածքի վիճակի անտեսում

Ինչպես գիտենք, մարդու ոսկրերը կազմված են սպունգանման և կորտիկալ հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ամրությունը, անոթավորման առանձնահատկությունները: Սպունգանման հատվածում օստեոինտեգրացիան առավել արդյունավետ և արագ է ընթանում, քան կորտիկալ հատվածներում, քանի որ առկա առատ անոթավորումը նպաստում է դեպի իմպլանտ ոսկրի սերտաճմանը, սակայն հնարավոր չէ հստակ առաջնային անշարժացում։ Իսկ կորտիկալ հատվածում առաջնային ամրացումը համեմատաբար ամուր է, սակայն ինտեգրացիան դանդաղում է, քանի որ պրակտիկորեն բացակայում է միկրոանոթավորումը։ Ցանկացացած իրավիճակի համար նախատեսված է յուրահատուկ տեխնիկա, որին պետք է տիրապետի իմպլանտոլոգը։

4. Իմպլանտների գերծանրաբեռնում/բիոմեխանիկա

Երբեմն, որոշ վիրաբույժ-իմպլանտոլոգներ նախատեսում են մեկ կամ մի քանի իպլանտներին կառուցել թույլատրելիից ավելի ատամներ՝ որոշակի ատամների քանակի համար տեղադրելով անհրժեշտից քիչ իմպլանտներ։

Չնայած՝ սա նվազեցնում է բուժման արժեքը, սակայն ժամանակի ընթացքում տեղադրված իմպլատները չեն դիմանում ատամների օգտագործման ծանրաբեռնվածությանը: Շատ դեպքերում, շրջանցվում են ոսկրային հյուսվածքի սակավ հատվածները, որտեղ իմպլանտացայից առաջ ցուցված է կատարել ոսկրային հյուսվածքի ավելացում/պատվաստում: Ավաղ, ոչ բոլորն են տիրապետում այդ տեխնիկային և նախընտրում են պարզապես շրջանցել այդ հատվածները՝ ստեղծելով ծանրաբեռնվածության բաշխման խիստ անբարենապաստ իրավիճակ:

  1. Նյութափոխանակության չլրացված խախտումներ

Ներկայումս իմպլանտների տեղադրման համար չկան բացարձակ հակացուցումներ՝ բացի իմպլանտացիայի վայրում ուռուցքների առկայությունը։

Շատ տարածված կարծիք է, որ շաքարային դիաբետը «թույլ չի տալիս» տեղադել ատամնային իմպլանտներ։ Սակայն, էնդոկրինոլոգի՝ արյան մեջ շաքարի մակարդակի շտկումից հետո, այն հնարավոր է արդյունավետ կերպով իրականացնել:

Մեծ նշանակություն ունի օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակությունը, մետաբոլիզմը, և հատկապես կալցիումի յուրացումը, ինչը կարևոր է ոսկրերի պատշաճ խտության, ամրության ապահովման հարցում:  Ուշադրության կենտրոնում են կանայք դաշտանադադարից հետո, որոնց առանձնահատուկ մոտեցում է սահմանվում:

Վահանաձև գեղձի խնդիրները նույնպես հանգեցնում են ոսկրային հյուսվածքի գոյացման խանգարման։ Նյութափոխանակությանը վերաբերող այս և այլ խնդիրները սարսափելի չեն, և նրանց շտկումից հետո իմպլանտացիան հնարավոր է: Սակայն ատամնաբույժ-իմպլանտոլոգը պետք է տեղյակ լինի խնդիրների մասին՝ դրանք նախապես շտկելու համար:

6. Ինֆեկցիաներ բերանի խոռոչում

Գոյություն ունի բերանի խոռոչի հարաբերական և բացարձակ ստերիլության աստիճան, որին բժիշկը պետք է հասնի իմպլանտացիան իրականացնելուց առաջ: Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է, որ իմպլանտների տեղադրումից առաջ պացիենտը չունենա բերանի խոռոչում որևէ վարակի աղբյուր՝ պարզ թվացող կարիես, քրոնիկ բորբոքային լնդաբորբեր, պարոդոնտիտներ։ Մինչև իմպլանտացիան պետք է վերացնել բոլոր ինֆեկցիոն օջախները:

Implants

7. Իմպլանտների որակը /«նկուղում պատրաստված»

Գոյություն ունեն տարբեր արժեքի և որակի իմպլանտներ: Պետք է հիշել, որ իմպլանտի տեղադրումը բավական բարդ ու լուրջ գործընթաց է և պետք չէ «խնայողություններ անել» այս հարցում: Պետք է վստահել միայն բժշկին՝  իհարկե հետաքրքրվելով ընդհանուր գնային և որակական առաջարկներով: Արժե զարմանալ կամ խուսափել այն իմպլանտների դեպքում, որոնք ակնհայտ տարօրինակ ցածր գին ունեն: Հիշենք, որ բժշկի աշխատանքը միտված է լավագույն արդյունքի, յուրաքանչյուր բժիշկ մեծագույն ցանկություն ունի իր պացիենտին տեսնել լիարժեք առողջ և բուժված, և ամեն ինչ կանի՝ հնարավորինս առանց հետվիրահատական բարդությունների անցկացելու պացիենտի վիրահատությունը: Սեփական ժամանակն ու պացիենտի առողջությունը հավասարապես բարձր գնահատելով՝ յուրաքանչյուր բժիշկ իր պացիենտին կառաջարկի լավագույն իմպլանտի տարբերակը՝ տվյալ դեպքի համար:

Ատամնաբուժական շուկայում վերջերս հայտվել են տարօրինակ ծագման ատամնային իմպլանտներ, կտրուկ ցածր գնով, անհայտ որակի։ Արտասահմանում նրանք հայտնի են flash-implants անվան տակ։ Ակնհայտ է դրանց անորակությունը, հետևաբար՝ անիմաստ է անգամ հնարավոր վտանգների մասին բարձրաձայնելը:

  1. Թերի պատրաստված պսակներ կամ կամուրջներ

Ատամների իմպլանտները տեղադրելուց հետո, անհրաժեշտ է նրանց վրա պատրաստել,  պսակներ կամ կամրջաձև կառույցներ։Լիարժեք կատարած վիրաբուժական փուլից հետո, թերի պատրաստաված վերլնդային ցանկացած կառույց կարող է ցավալի արդյունքի հանգեցնել, անգամ՝ հասցնել իմպլանտի կորստի։

Ամրացնող ցեմենտի ավելցուկները լնդագրպանիկում, շապիկի կախված եզրերը,  անհամաչափ ծանրաբեռնվածությունը մեկ իմպլանտի վրա, փոքր իմպլանտների վրա մեծ շապիկները, քանակով քիչ իմպլանտներին շատ շապիկները, ինչպես նաև մի շարք այլ նրբությունների անտեսումը կարող է հանգեցնել իմպլանտի կորստին:

9. Վնասակար սովորություններ

Ծխելը, բերանի ոչ պատշաճ հիգիենան, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործումը ամենատարածված վնասակար սովորություններն են։ Ծխախոտի օգտագործումը իմպլանտացիայի հաջող ավարտի հավանականությունը նվազեցնում է երկու անգամ։ Վերջինս բացատրվում է նրանով, որ նիկոտինի և այլ նյութերի ազեցության հետևանքով տեղի է ունենում նոր գոյացող ոսկրային հյուսվածքի արյունատար անոթների երկարատև սպազմ, ինչը բերում է սնուցման խանգարման, արդյունքում, չի կարող գոյանալ լիարժեք ոսկրային հյուսվածք։

  1. 0,01%

Սա մոտավոր վիճակագրական  թիվ է, որը ներկայացնում է ատամնային իմպլանտների անխուսափելի մերժումը օրգանիզմի կողմից, ինչը պայմանավորված է իմունային համակարգի աշխատանքի առանձնահատկություններով։ Շատ բժիշկներ իրենց գործունեության ընթացքում այդպես էլ չեն հանդիպում այս երևույթին։

Ատամնային իմպլանտների մասին բավական թյուր կարծիքներ կան: Շատերին թվում է, թե դրանք խթանում են այլ համակարգային, նաև ուռուցքային հիվանդությունների զարգացումն ու առաջացումը: Տեղին է հիշեցնել, որ իմպլանտների հումքը բավական ամուր ու չեզոք է, օրգանիզմի հետ որևէ   փոխազդեցության մեջ չի մտում:  Ամենակարևորը, մասնագիտական գրականության մեջ որևէ ուսումնասիրությամբ կամ գիտափորձով ապացուցված կամ պարզաբաված չէ այս կապը:

Լևոն Գալստյան
Դիմածնոտային վիրաբույժ

Առողջություն ամսագիր