Ռեվիզիոն էնդոպրոթեզավորում՝ Նաիրի բժշկական կենտրոնում

Տեղի է ունեցել Նաիրի Կոքսա կլինիկայի բացման արարողությունը: Կլինիկան հիմնադրվել է  Նաիրի բժշկական կենտրոնի և ֆինլանդական Կոքսա կլինիկայի ջանքերով։  Ֆիննական Կոքսա կլինիկան Եվրոպայում էնդոպրոթեզավորման ամենախոշոր մասնագիտական կենտրոնն է համարվում:

Երկրորդային՝ ռեվիզիոն  էնդոպրոթեզավորումը Հայաստանում այսուհետ հնարավոր կդառնա ֆինն մասնագետների ներմուծած տեխնոլոգիայի շնորհիվ:   Հայաստանի մի շարք կլինիկաներում կատարվում է էնդոպրոթեզավորում, սակայն ժամանակի և հանգամանքների բերումով մշտապես առկա է լինում էնդոպրոթեզի փոփոխության խնդիրը: Մաշվածությունը, բորբոքային պրոցեսները էնդոպրոթեզի փոփոխման անհրաժեշտության հիմնական և անխուսափելի պատճառն են : Այսուհետ այս խնդիրը հաղթահարելի կլինի:

Կոքսա կլինիկայի տնօրեն Տարմո Մարտիկայնենի ներկայացմամբ՝ երկու տարի առաջ նրանք իրենց մոտ ընդունել էին Նաիրի կլինիկայի ղեկավարությանը, այն ժամանակ գաղափարն այն էր, որ հայ հիվանդներն էնդոպրոթեզավորման ուղարկվեն Կոքսա հիվանդանոց, ուր հիվանդներ են ուղարկում ամբողջ Եվրոպայից: Բայց հետագայում ֆինլանդական կլինիկայի ղեկավարությունը որոշել է, որ ավելի ճիշտ կլինի մասնագետներին Հայաստան ուղարկել և այդ ոլորտը  զարգացնել այստեղ` տեղում, տեխնոլոգիա ներդնելով և կրթելով անձնակազմին:  «Հայաստանում ցանկություն կա զարգացնելու այդ ոլորտը, այդ պատճառով ավելի ճիշտ էր այդ ամենն այստեղ հիմնել», — ասաց նա:

DSC_0915

Հայկական կողմից նախագծի ղեկավար Միքայել Մանուկյանը  նշեց, որ  երբ առաջին անգամ այցելել են Կոքսա կլինիկա, տեսել են որակապես լրիվ այլ վիրահատություններ, հիվանդներին լիովին այլ մոտեցում:  «Մենք տեսանք, որ հիվանդներն այնտեղ դուրս են գրվում վիրահատությունից մի քանի օր անց, որ նրանք ցավ չեն զգում: Մենք տեսանք, թե ինչ պրոթեզներ եւ տեխնոլոգիաներ են օգտագործվում այնտեղ, մինչդեռ  Երեւանում այն ժամանակ այդպիսիք չկային: Հենց այդ ժամանակ որոշում կայացրեցինք համագործակցել Կոքսա կլինիկայի հետ եւ այստեղ` Երևանում մասնաճյուղ բացել»:

DSC_0932

Միքայել Մանուկյանի խոսքով, այստեղ` տեղում հայ հիվանդներին կվիրահատեն Ֆինլանդիայից մասնագետները այնքան ժամանակ, մինչեւ հայ օրթոպեդները լիովին կմասնագիտանան։ «Կոքսա կլինիկան ստանձնում է որակի կառավարումը», — նշեց նա:

Խոսելով այն մասին, թե Հայաստանում շատ են արդյոք էնդոպրոթեզավորման կարիք ունեցողները, Միքայել Մանուկյանը պատասխանեց, որ Ֆինլանդիայի բնակչությունը 5 մլն է, Կոքսայում տարեկան 3300 պրոթեզավորում է արվում: Հայաստանում բնակչությունը 3 մլն է, բայց տարեկան մոտ  200 պրոթեզավորում է արվում: Այսուհետ, նրա խոսքով, այդ պրոցեդուրայի համար արտասահման մեկնելու կարիք չի լինի: Ինչ վերաբերում է գներին, դրանք, նրա խոսքով, զգալիորեն ցածր կլինեն եվրոպականներից: Բժ. Մանուկյանը, պայմանագիր է կնքվել ամերիկյան Zimmer BIOMET իմպլանտներ արտադրողի հետ, որի շրջանակում Նաիրի Կոքսան հույս ունի համեմատաբար մատչելի գների բարձրորակ իմպլանտներ ստանալ: Ֆիրման միաժամանակ բուժանձնակազմի համար թրեյնինգներ կանցկացնի:

DSC_0929

Երեւանում կլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև Կոքսայի հիմնադիր և Տամպերե Համալսարանի Բժշկական դպրոցի ղեկավար Մատտի Լեհտոն և Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Հայաստանյան եւ ֆինլանդական բուհերը, Նարիմանյանի խոսքով, մտադիր են համագործակցել տեղի մասնագետների` ֆիննական տեխնոլոգիայով որակավորման բարձրացման ուղղությամբ:  «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր գիտության վրա հիմնված տեխնոլոգիաները, կրթությունն ու բժշկական գործունեությունն հնարավոր չէ պատկերացնել մեկն առանց մյուսի»: