Դիմածնոտային անոմալիաներ՝ գայլի երախ

Պտղի զարգացման ի ծնե արատները հղիության ամենավտանգավոր բարդություններից են, որը պատճառ է հանդիսանում մանկական հաշմանդամության և մահվան: Զարգացման ի ծնե շեղումներով երեխայի ծնունդը միշտ մեծ ցնցում է ընտանիքի, ինչպես նաև լրջագույն հիմնախնդիր բժշկագիտության համար:

Վիճակագրությունը վախեցնում է, եթե եվրոպայում ԶԻԱ-ի հաճախականությունը կազմում է 1000 ծնունդից 3-4, ապա Ռուսաստանում, օրինակ, այն հասնում է 1000 ծնունդից 5-6 դեպքերի:

Ի ծնե արատներից են նյարդային համակարգի զարգացման, սիրտ-անոթային համակարգի, վերջույթների արատները, դիմածնոտային պաթոլոգիանները`նապաստակի շրթունք, գայլի երախ: Պտղի երարգանդային արատները աստիճանաբար նորանոր դրսևորումներ են ստանում՝ պայմանավորված վիրուսների մուտացիաներով և դրանց զարգացումներով, մարդկանց սովորությունների փոփոխություններով, քաղաքակրթության զարգացման ցուցանիշներով:

Քիմքի կամ վերին շրթունքի  բնածին ճեղքվածքները կամ, ինչպես ընդունված է ասել, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։

Նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, ինչպես բորոտներից։  Մինչդեռ ժամանակի ընթացքում այս վիճակերը հանգամանալից ուսումնասիրվեցին՝ որոշակիորեն կառավարելի դառնալով:

«Գայլի երախ» առաջանում է բերանի խոռոչի ոսկրային քիմքը ձեւավորող ոսկորների եւ գանգոսկրի՝ այսպես կոչված խոփոսկրի սերտաճման պրոցեսը կանգ առնելու դեպքում։  Արդյունքում քիմքի վրա առաջանում է ճեղքվածք։ Փափուկ հյուսվածքները նույնպես հեռանում են՝ երբեմն դիպչելով նաեւ շրթունքին։

Մտավոր տեսանկյունից հիվանդությունը չի ազդում երեխայի զարգացման վրա։  Իսկ ֆիզիկապես երեխան կարող է հետ մնալ իր հասակակիցներից զարգացման տեմպերով։ Ծննդաբերության ժամանակ նման երեխայի մոտ կարող են բարդություններ առաջանալ պտղամերձ հեղուկի՝ նրա շնչուղիներ թափանցելու պատճառով։ Նորածինը դժվար է շնչում, նա չի կարողանում ծծել, եւ այդ պատճառով  հետ է մնում քաշի մեջ։ Նման արատով երեխաները մնացած երեխաներից ավելի հակված են հիվանդանալու։ Նրանք ունենում են դիմածնոտային կմախքի, ատամնաշարի, լսողության հետ կապված խնդիրներ։

Այս հիվանդության ախտորոշումը հնարավոր է սահմանել դեռևս ներարգանդային վիճակում:

Կարևոր է իմանալ, որ երևույթի առաջացման գործում կարևոր է նաև ժառանգական գործոնը:

Գայլի երախի ախտորոշման գործում կարևոր դեր ունեն նաև ժամանակակից տեխնոլոգիաները: Դիմածնոտային համակարգչային շերտագրման միջոցով հնարավոր է ուսումնասիրել հիվանդության հագամանքները, ոսկրի ճեղքի տեսակն ու կատարել անհրաժեշտ չափումներ, դիտարկել ոսկրային և փափուկ հյուսվածքների տեղակայումը:

Քիմքի ճեղքվածքի վերացման առաջին վիրահատությունն արվել է երկու դար առաջ ֆրանսիացի ատամնաբույժի կողմից։ Ժամանակակից բժշկության տրամադրության տակ կան դիմածնոտային այս արատն ուղղելու մի քանի միջոցներ։

Դիմածնոտային այս թերությունը լիովին վերացվում է վիրահատության միջոցով։ Որոշ դեպքերում պահանջվում է կրկնակի կամ նույնիսկ մի քանի վիրահատություններ։ Երբեմն մնում է փոքր սպի, որը հետագայում շտկվում է պլաստիկ վիրահատությամբ։

Վիրահատական միջամտությունը սակայն, ճեղքված քիմքի շտկման միակ տարբերակը չէ:

Այլընտրանքային տարբերակ է ատամնաշարի համար նախատեսված ապարատների միջոցով դիմածնոտային ոսկրային հատվածի շտկումն ու անհրաժեշտության դեպքում աճեցումը:

Քիմքի ճեղքը մեծագույն հոգեբանական սթրես է թե երեխայի, թե ծնողների համար: Ուստի հիվանդության գրացման իսկ պահից մինչև լիարժեք բուժումն անհրաժեշտ է հոգեբանի խորրդատվություն և պարբերակա այցեր:

Քիմքի ճեղքի՝ գայլի երախի պարագայում մենք սովորաբար խոսում ենք վաղ մանկական տարիքում իրականացված շտկումների մասին: Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կան դեպքեր, երբ ծնողների անուշադրության, նաև որոշակի օբյեկտիվ պատճառերի հետևանքով երեխայի մոտ շտկողական միջոցառումներ չեն իրականացվում: Սա լրջագույն հոգեբանական հիմնախնդիր է, որն աստիճանաբար նոր հարթություններ է ներգրավում: Առավել մեծ տարիքում շտկողական միջոցառումները նկատելիորեն մեծ ծավալի աշխատանք են ենթադրում: