Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները

«Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողովին մասնակցել ցանկացողների թիվը մեծ էր։ Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգների, ուլտրաձայնային հետազոտության և այլ մասնագետների շրջանում, և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր։ Մի կողմից նրանք ցանկություն ունեին ունկնդրելու աշխահում ճանաչում ունեցող մասնագետներին, մյուս կողմից` ինչպես իր խոսքում նշեց Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` ավելի արդիական հարց, քան պերինատոլոգիան է` անհնար է պատկերացնել։ Նրա մեկնաբանմամբ իր ղեկավարած հանձնաժողովի անունն ինքնին խոսում է այն մասին, որ առանց առողջ սկզբի դժվար է ապահովել ընդհանուր առողջապահություն։

13412118_1758238267750628_6627746602986307091_o

Ոջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շեշտեց, որ մայրություն և մանկության առողջության պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության և առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունքում վերջին տարիներին մեր երկրում արձանագրվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազում, ցածր քաշով նորածինների ապրեցման տասնապատիկ մեծացում, ինչպես նաև նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացում:

13445393_1758237887750666_6763077329989210809_n

Բոլոր բանախոսները հպարտությամբ նշեցին, որ օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան և Թայլանդը ճանաչվեցին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը հաղթահարած երկրներ և արժանացած հավաստագրերի։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը նշեց, որ Հայաստանն օրինակելի երկիր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում։ Այս ձեռքբերումը երկար տարիների համակարգված ու քրտնաջան աշխատանքի արդյունք է, որում, անշուշտ, իրենց կարևոր ներդրումն ունեն հղիությունը վարող ու ծնունդ ընդունող մասնագետները։

13450777_1758238174417304_7529052901332764399_n

Նշենք, որ պերինատոլիգայի արդիական խնդիրների վերաբերյալ համագումարում զեկուցումներով հանդես կգան ԱՄՆ-ի Կորնելի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակը, Յան Դոնալդ բժշկական գերձայնային հետազոտությունների միջհամալսարանական դպրոցի տնօրեն, պերինատալ բժշկության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Ազիմ Կուրյակը, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԲԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դավիդ Մակացարիան, նույն ամբիոնի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն: Հավելենք, որ Ֆրենկ Չերվենակը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում հեղափոխական մոտեցման հեղինակ է դարձել` առաջ քաշելով պտուղը դեռ ներագանդային կյանքում որպես պացիենտ ընդունելու մոտեցումը։

13443214_1758237911083997_6420627288842772476_o

Պերինատալոգիան բժշկության համեմատաբար երիտասարդ ու հեռանկարային ճյուղերից է և որպես բժշկության նոր բնագավառ հաստատագրվել է 1978 թվականին։ Ժամանակակից պատկերացումներով պերինատոլոգիան մանկաբարձության խոշոր բաժիններից է, որն ուսումնասիրում է պտղի զարգացումը, ապահովում մոր, պտղի ու նորածնի առողջության պահպանումը:

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը կարևորեց, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտում առկա վերջին ձեռքբերումներին։