Երբ վնասվում է վահանաձև գեղձի ֆունկցիան

Հաճախ լինում է այնպես, որ ավելորդ հոգնածության, նյարդային վիճակի, փորկապության, մազաթափության և մի շարք այլ խնդիրների պատճառով մենք դիմում ենք տարբեր մասնագետների, և չենք էլ պատկերացնում, որ մեր բոլոր խնդիրների պատճառը միայն մեկն է՝ վահանաձև գեղձը և դրա հորմոնների խանգարումները: Ի՞նչն է վկայում վահանաձև գեղձի խանգարումների մասին, ինչպե՞ս դրանք կանխարգելել և ի՞նչ անել, եթե դրանք արդեն փաստ են,  կպատմի Հայ – Ամերիկյան առողջության կենտրոնի էնդոկրինոլոգ, Երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Գրետա Մուրադյանը:

Որո՞նք են հիմնական հորմոնալ խնդիրները, որոնք սպառնում են կնոջը:

Քանի որ Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի և մեր ո՛չ ջուրը, ո՛չ օդը հարուստ չեն յոդով, այդ իսկ պատճառով մեզ մոտ  բավական շատ են յոդդեֆիցիտային հիվանդությունները, որոնք դեռահասների մոտ արտահայտվում է մի տեսակի խնդիրներով, դաշտանադադարի տարիքի կանանց մոտ՝ այլ տիպի խնդիրներով: Հորմոնալ շեղումներից բավականին շատ են նաև ձվարանների պոլիկիստոզի հետ կապված խնդիրները: Բնականաբար այս խնդիրը և վահանաձև գեղձի խնդիրները կապված են միմյանց հետ: Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող կանանց  60-70 %-ի մոտ նկատվում է նաև մաստոպատիա և մի շարք այլ գինիկելոգիական խնդիրներ: Բոլոր նշված խնդիրները վերանում են երբ վերականգնվում է վահանաձև գեղձի ֆունկցիան:

5799_1147464338627120_2479084635177153671_n

Վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից է աուտոիմուն թիրեոիդիտը (Խաշիմոտոյի հիվանդություն)։ Աուտոիմուն թիրեոիդիտը՝վահանաձև գեղձի հյուսվածքի աուտոիմուն գենեզի քրոնիկական բորբոքում է, երբ առաջանում են հակամարմիններ վահանաձև գեղձի բջիջների նկատմամբ, որոնք վնասում են և քայքայում գեղձի ֆոլիկուլները և ֆոլիկուլյար բջիջները։ Հիվանդությունը հանդիպում է 15-20 անգամ ավելի հաճախ կանանց շրջանում, քան տղամարդկանց, ինչը կապված է X – քրոմոսոմի խանգաման և էստրոգենների ազդեցությունից լիմֆոիդ համակարգի վրա։ Հիվանդների տարիքը 40-ից 50 տարեկան է, թեև վերջին շրջանում հիվանդությունը հաճախացել է երիտասարդների և երեխաների մոտ:

Ո՞ր նախանշաններն են վկայում վահանաձև գեղձի հորմոնալ խախտումների առկայության մասին:

Պացիենտները նշում են ընդհանուր թուլություն, կարող է նկատվել մազաթափություն, փորկապություն, քաշի ավելացում, ընդհանուր նյարդային գերլարված վիճակ, մաշկի չորություն, առավոտյան ժամերին ձեռքերի, կոպերի այտուցներ, լեզվի վրա ատամների հետքեր, ինչը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում է մնում ավելորդ հեղուկ, որն էլ առաջացնում է լեզվի այտուց: Սրանք վահանաձև գեղձի թերֆունկցիայի նշաններն են: Սակայն, կարող են և որևէ գանգատ չնշել:  Գերֆունկցիայի նախանշանները հակառակն են։ Ակնհայտ է նաև վահանաձև գեղձի թիրեոտրոպ հորմոնի և պրոլակտին հորմոնի միչև եղած կապը։ Երկուսն էլ արտադրվում են հիպոֆիզի նույն բջիջների կողմից և շատ հաճախ, երբ կինը նշում է արտադրություն կրծքագեղձերից, դա կարող է կապված լինել վահանաձև գեղձի ոչ ճիշտ աշխատանքի հետ։ Երկար չբուժման պարագայում զարգանում և խորանում են կրծքագեղձերի խնդիրները։

Ինչո՞վ են վահանաձև գեղձի խանգարումները վտանգավոր:

Վտանգավոր են նրանով, որ եթե խնդիրը մնա բարձիթողի վիճակում, ապա կարող են հանգույցներ առաջանալ, մեծանալ, կարող են նկատվել անօվուլյատոր ցիկլեր, որը բերում է անպտղության, կրձքագեղձի և կանացի օրգանների հիվանդությունների խորացման: Քանի որ վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են ողջ օրգանիզմի ճարպային, ածխաջրատային և սպիտակուցային փոխանակությանը, ապա ամբողջ օրգանիղմի հոմեոստազը կխանգարվի: Վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են նաև արյան ստեղծման գործընթացին, այս առումով կիջնի հեմոգլոբինի մակարդակը և այլն:

Ի՞նչը կարող է բերել վահանաձև գեղձի հորմոնալ խանգարումների:

Ոչ ճիշտ սնունդը, գենետիկ նախատրամադրվածությունը, ոչ ճիշտ և ոչ ժամանակին արված պրոֆիլակտիկան: Օրինակ Հայաստանի պայմաններում յոդային պրոֆիլակտիկան պարտադիր է: Վահանաձև գեղձի պարագայում կարևոր է առողջ ապրելակերպը, զբոսանքը մաքուր օդին, ստրեսներից խուսափումը, յոդով հարուստ սնունդի օգտագործումը, տարին գոնե մեկ անգամ ծովափնյա հանգստի մեկնելը:

Վահանաձև գեղձի հորմոնային խանգարումների պարագայում որո՞նք են ռիսկային խմբերը:

Ըստ վիճակագրական տվյալների վահանաձև գեղձի խանգարումների 5-ը 1-ի հարաբերակցությամբ ավելի հակված են կանայք: Իսկ տարիքային տեսանկյունից այս խախտումները ավելի բնորոշ են ռեպրոդուկտիվ տարիքի կանանց, այսինքն  18-45 տարեկաններին:

Ինչպե՞ս կարելի է խուսափել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից:

Խուսափել անհնար է, բայց կարելի է դրանք թեթևացնել, ինչի համար անհրաժեշտ է ժամանակին դիմել բժիշկին: Այս դեպքում դեղորայքը կնշանակվի փոքր չափաբաժիններով, ինքնազգացողության լավացում կնկատվի արագ:

Ինչպե՞ս են ախտորոշվում վահանաձև գեղձի խանգարումները:

Առաջին հերթին բժիշկի կոնսուլտացիան, որի մեջ մտնում է անամնեզի հավաքում, պալպացիա՝ պարանոցի շոշափում, պացիենտի վիճակի գնահատում, որից հետո բժիշկը ուղղորդում է սոնոգրաֆիկ հետազոտության և համապատասխան լաբորատոր անալիզների (հիմնականում դա թիրեոտրոպ հորմոնն է, ազատ T3, ազատ T4 և հակամարմինների որոշումն է արյան մեջ)։ Բնակչության 10-15%-ի մոտ այդ հակամարմինները կարող են մեկուսացված բարձր լինել, ինչը բոլորովին չի վկայում խնդրի առկայության մասին, եթե իհարկե սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքները վկայում են այն մասին որ ամեն ինչ նորմալ է, նաև եթե հիվանդը հղի չէ, քանի  որ մնան դեպքում տվյալները մի փոքր այլ են: Եթե թիրիոտրոպ հորմոնըի թույլատրելի չափը 0,4-ից 4-ն է, ապա հղիի դեպքում այս ցուցանիշը չպետք է գերազանցի 1,5-ը, որպեսզի հետագայում չանդրադառնա պտղի վրա: Յոդը կարևոր է նաև դեռահասների սեռական զարգացման համար, այդ պատճառով ես խորհուրդ կտամ, որ նրանք ևս հետազոտվեն:

Դեռահասների դեպքում վահանաձև գեղձի խանգարումները ունե՞ն  որոշակի առանձնահատկություններ, թե՝ ոչ:

Ընդհանուր առմամբ ոչ, քանի որ վահանաձև գեղձի խանգարումները, օրինակ հիպոթիրիոզը (թերֆունկցիան) լինում է նույնիսկ բնածին: Եթե մայրը բավարար չափով չի ստացել անհրաժեշտ հորմոնները հղիության ընթացքում, ապա այդ վիճակը փոխանցվում է նաև պտղին: Նման երեխաները միշտ պետք է ստանան թիրեոտրոպ հորմոնով փոխարինող թերապիա, որպեսզի նրանց աճն ու զարգացումը չտուժի:

Հնարավոր է ամբողջությամբ լուծել վահանաձև գեղձի հետ կապված խանգարումները:

Այո, եթե իհարկե պացիենտը ժամանակին է դեմել բժիշկի:

Հաճախ նշում են,  որ յոդ կարելի է ստանալ սննդից: Ո՞ր սննդամթերքներն են ավելի շատ յոդ պարունակում:

Յոդով հարուստ են հնդկաձավարը, կաղամբը, բրոկոլին, դդմիկը, լոբին, սմբուկը, ծովային ձուկը, յոդացված աղը, ընկույզը, ֆեյխոան։

Երեխաների դեպքում ինչպե՞ս կանխարգելել վահանձև գեղձի խնդիրները:

Օգտագործել յոդով հարուստ սնունդ, ծովամթերք, ցանկալի է ծովափնյա հանգստը, որպեսզի երեխաները գոնե արևից և օդից յոդ ստանան: