Ճանաչել և կանխել բարդությունները՝ սկոլիոզ

Որքան էլ ժամանակակից բժշկությունը զարգանա, միևնույն է՝ դեռ կան հիվանդություններ, որոնց դեպքում բուժումը մասնակի է և ամենից արդյունավետ տարբերակը  հիվանդության կանխարգելումն է: Կանխարգելման համար էլ պետք է իրազեկված լինել: Ինչ մարդ պետք է իմանա սկոլիոզի մասին իր և իր երեխաների մոտ դրա զարգացումներն ու բարդությունները կանխարգելելու համար. պարզեցինք՝ զրուցելով ԱԼՏՄԵԴ վերականգնողական և ավանդական բժշկության կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Նորայրի Ավագյանի հետ:

_DSC8550

Ի՞նչ մարդիկ պետք է իմանան սկոլիոզի մասին:

Սկոլիոզը ողնաշարի կողմնային պտույտն է, որն այսօր ցավոք սրտի շատ տարածված է նաև երեխաների մոտ: Բայց դրա հետ մեկտել հենց երեխաների մոտ է այն հնարավոր հնարավորինս շտկել: Տարբերակում ենք սկոլիոտիկ հիվանդություն և սկոլիոտիկ կեցվածք հասկացությունները:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ կա սկոլիոտիկ կեցվածքի խնդիր:

Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն: Գոյություն ունեն որոշակի թեստեր, որոնք կարող են օգնության հասնել:

Այն ժամանակ, երբ երեխան կռանում է, ծնողը կարող է հետևից նայել ու համեմատել, արդյոք կողերը հավասար են, թե կան տարբերություններ:

Երեխայի մոտ սկոլիոտիկ կեցվածքի հետ կապված խնդրի ախտորոշման հարցում կարող է օգնել ևս մեկ հարցի պատասխան: Արդյոք երեխայի կոշիկի կրունկները մաշվում են հավասարապես:

Ընդհանրապես սկոլիոզի ախտորոշումը առաջնահերթ տեսողական է: Մարմինը պետք է գնահատել 3 դիրքում՝ ետևից, առջևից և կողքից: Կան մի շարք կետեր որոնք կհուշեն ծնողին արդյոք կեցվածքը ճիշտ է, թե՝ ոչ: Այդպիսի կետերից են ուսերը, թիակները, կոնքերը՝ սրբոսկրերի շրջանը, նստատեղի ծալքերը, ծնկատակը: Ահա այս գծերը պետք է զուգահեռ լինեն:

IMG_8151 (1)

Ի՞նչը կարող է նպաստել սկոլիոզի առաջացմանը, ու՞մ համար կարող է ռիսկային լինել հիվանդությունը:

Երեխաների դեպքում դա առաջին հերթին գենետիկան է, ոչ ճիշտ կեցվածքը,հարթաթաթությունը,  սպորտը և նույնիսկ բնավորությունը: Կանանց պարագայում խնդիր կարող են առաջացնել նաև պայուսակները, որոնք նրանք կրում են մեկ ուսի վրա: Քանի որ ծանր պայուսակը ուսից սահում է, ապա մարդը պայուսակը պահելու համար ուսը ավելի բարձր է պահում, մկանները լարվում են և զարգանում, ինչն էլ բերում է ողնաշարի ծռման:

Եթե երեխան սխալ դիքով  է նստում դասապատրաստման ժամանակ, կա սկոլիոզի զարգացման հավանականություն:

Սպորտի որոշակի ձևեր կարող են բերել մարմնի ասիմետրիայի, օրինակ թենիսը:

Սկոլիոզի պատճառ կարող է լինել նաև նյութափոխանակության խնդիրը՝ վիտամին D-ի և կալցիումի պակասը:

Եթե չենք կարողանում մեջքը ուղիղ պահել, արդյոք դա վկայում է այն մասին, որ մենք խնդիր ունենք:

Այո, իհարկե: Ցավում են մկանները և հոդերը:

Ինչպե՞ս են վարվում եթե պարզվում է որ երեխայի մոտ կա սոլիոտիկ հիվանդություն կամ կեցվածք:

Գոյություն ունի 2 մոտեցում: Մենք բժիշկներս ներկայացնում ենք կոնսերվատիվ մոտեցումը և, բացահայտելով խնդիրը, սկսում ենք ակտիվ միջամտել: Մինչև 18-20 տարեկանը երեխայի ոսկրային համակարգի աճը շարունակվում է: Եթե կա լուրջ խնդիր, երեխան պետք է կրի հատուկ սկոլիոտիկ կորսետ, պառկի հատուկ անկողնու մեջ, ինչը բավականին տհաճ է: Սա կոնսերվատիվ մոտեցումն է:

Մեր կլինիկայում մոտեցումը մի փոքր այլ է: Մենք գտնում ենք, որ պետք չէ սպասել մինչ երեխայի աճը կանգնի, այլ պետք է աճին զուգահեռ միջամտենք, հիմնականումում բուժական մերսման և կինեզոթերապիայի(բուժական մարմնամարզություն) միջոցով և շտկենք այդ փոփոխությունները:

_MG_9289

Հնարավո՞ր է կանխարգելել այս հիվանդության զարգացումը:

Պետք է անդադար հետևել երեխայի կեցվածքին: Պետք է բացառել բոլոր պայուսակները, որոնք կրում են մեկ ուսի վրա: Թույլատրելի են միայն թիկնապայուսակները:  Ցանկացած ծանրություն վերցնելու դեպքում այն բաշխել հավասարապես 2 ձեռքերի միջև:

Մարզաձևերի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվեք լողին, որը հնարավորություն է տալիս մարմինը ֆիզիկապես ճիշտ զարգացնել: