Սննդային ալերգիա՞, թե հիստամինի անտանելիություն

Ալերգոլոգի պրակտիկայում հաճախ կարելի է լսել այս գանգատները՝ ամեն ինչից ալերգիա ունեմ, ինչ ուտում եմ «ալերգիա է առաջացնում» ։ Սակայն փոքր-ինչ քննելուց հետո պարզ է դառնում, որ որոշ դեպքերում գանգատները, որոնք նույնն են ինչ-որ սննդային ալերգիայի ժամանակ,   կախված են սննդի քանակից՝ շատ ուտելուց արտահայտվում են, սակայն մինչև որոշակի քանակն անհետևանք է լինում։ Այս ամենը բացատրվում է հիստամինի անտանելիությամբ։

meat_wine_sliced_70864_1920x1080

Որոշ սննդամթերքների մեջ պարունակվում է մեծ քանակությամբ հիստամին, երբեմն այն առկա է թարմ մթերքի մեջ, երբեմն էլ՝ կուտակվում է խմորման և վատ պահպանման ժամանակ։ Հիստամինը կարևոր միջնորդանյութ է և առանցքային դեր է կատարում ալերգիկ ռեակցիաների համար։  Ալերգիկ ռեակցիաների ժամանակ հիստամինը ձերբազատվում է պարարտ բջիջների կողմից։ Այն օրգանիզմում շատ արագ մեթիլացվում է (հիստամին-N-մեթիլտրանսֆերազայի միջոցով) կամ օքսիդանում է դիամին օքսիդազա ֆերմենտի միջնորդությամբ։ Հենց վերջինի բացակայության կամ քիչ ակտիվության պատճառով էլ սննդի հետ օրգանիզմ մտած հիստամինը երկար ժամանակ  մնում է ակտիվ վիճակում և բերում ալերգիկ երևույթների առաջացման։ Այս խնդրի ժամանակ բնական է, որ չեն հայտնաբերվում սննդի հանդեպ սպեցիֆիկ IgE՝ այսինքն ալերգոթեսթերը ստացվում են բացասական։ Սակայն քանի որ ներկա պահին Հայաստանում չկա դիամին օքսիդազայի ակտիվության գնահատման թեսթ, կլինիցիստները ստիպված են առաջնորդվել բոլոր տարբերակները ժխտելու սկզբունքով։ Ինչպես միշտ շատ կարևոր է հետևողականորեն հավաքված անամնեզը և սննդի օրագիրը, որը պիտի վարի պացիենտը։ Որպես խնդրի լուծում առաջարկվում է հատուկ հիստամինով աղքատ սննդակարգ, իսկ որոշ դեպքերում դիամին օքսիդազա հավելանյութերի տեսքով։

Հիստամինով հարուստ մթերքների ցանկը՝

  • Ալկոհոլ,
  • Պահածոյացված սնունդ,
  • Հնեցված պանիր,
  • Ծխեցված մսամթերք,
  • Ծովամթերք՝ ծովախեցգետին, երկփեղկանիներ,
  • Լոբազգիներ՝ սոյա, լոբի, ոլոռ,
  • Ընդեղեն,
  • Շոկոլադ և կակաոյի հիման վրա պատրաստված սննդամթերք,
  • Քացախի տարբերակներ,
  • Պատրաստի սնունդ,
  • Դիամին օքսիդազայի արգելափակիչներ
  • Սև թեյ,
  • Էներգետիկ ըմպելիքներ,
  • Կանաչ և մատե թեյեր: