PRP մեթոդ, կամ թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկում

Ժամանակակից բժշկությունն օր -օրի զարգանում է, իր  զարգացման ճանապարհին բացահայտում ամենատարբեր մոտեցումներ  ու մեթոդները,  որոնց հիմքում դեղորայքային բուժում չէ: Այդպիսի մեթոդներից մեկը  ԹՀՊ կամ PRP մեթոդն է, որը հիմնված է մեջ օրգանիզմի վերականգնողական ֆունկցիայի պոտենցիալը մեծացնելու և այն օգտագործելու հիման վրա: Ո՞ր դեպքերում է մեթոդը կիրառելի՝ ներկայացնում է «Կումուրյան պոդիատրիկ կլինիկայի»  բժիշկ՝ օրթոպեդ-վնասվածքաբան Տիգրան Ռաֆայելի Աղաբաբյանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԹՀՊ մեթոդը:

ԹՀՊ մեթոդը որոշակի հիվանդությունների բուժման հարաբերականորեն նոր մեթեդ է: Հապավումը անգլերեն է PRP՝ Platelet Rich Plazma, ինչը բառացիորեն թարգմանվում է հետևյալ կերպ. թրոմբոցիտներով հարուստ պլազմա: Մարդու օրգանիզմը ցանկացած խնդրի դեպքում ունի որոշակի մեխանիզմներ՝ ընդհանուր կամ մասնավոր, որոնցով պայքարում է հիվանդության դեմ: Մեր արյունը բաղկացած է ձևավոր տարրերից և պլազմայից: Արյան ձևավոր տարրերից մեկը, ինչպես հայտնի է, թրոմբոցիտներն են, որոնց բնորոշ է աճի գործոնը և որոնք օգնում են մեր օրգանիզմին արագացնել վնասված հյուսվածքների վերականգնումը: PRP մեթոդը հիմնված է այդ աճի գործոնի պոտենցիալը օգտագործելու վրա: Մասնավորապես,  հիվանդից վերցվում է արյուն, դրանից առանձնացվում են թրոմբոցիտները: Այնուհետև կալցիումի իոնների միջոցով թրոմբոցիտները ակտիվացվում են, ինչպես դա տեղի է ունենում նաև մեր օրգանիզմում, և ներարկվում են հիվանդի խնդրահարույց հատված:

PRP-1

Ո՞ր դեպքերում է ցուցված մեթոդի կիրառությունը:


ԹՀՊ մեթոդը կիրառվում է բժշկության բազմաթիվ բնագավառներում: Այն սկսել են կիրառել Միացյալ Նահանգների դիմածնոտային վիրաբույժները, այնուհետև ԹՀՊ մեթոդը ավելի լայն տարածում է գտել: Ինչ վերաբերում է օրթոպեդիային, ապա ԹՀՊ մեթոդը օգտագործվում է քրոնիկ բնույթ ունեցող, ձգձգվող վիճակներում, օրինակ ՝ ջլերի կապանների վնասումների դեպքում, երբ բուժման ընթացքը կարծես թե ինչ-որ մի փուլում կանգ է առել, առկա են մնայուն ցավեր: Մենք, ներարկելով թրոմբոցիտների մեծ կոնցենտրացիայով արյուն, օգնում ենք օրգանիզմին ավելի արագ ապաքինվել: Այս մեթոդը օգտագործվում է նաև արթրոզների ժամանակ, այլ կերպ ասած, հոդերում աղերի կուտակման դեպքում: Իհարկե հոդերում ոչ մի աղ էլ չի կուտակվում: Իրականում խնդիրն այն է, որ մեր ոսկրերի ծայրերը պատված են մի  հյուսվածքով՝ աճառով, որը հեշտացնում է ոսկրերի շփումը: Աճառը, լինելով շատ նեղ մասնագիտական հյուսվածք, ունի վերականգնողական շատ թույլ ֆունկցիա: Տարիների ընթացքում աճառը մաշվում է և մերկացնում է ոսկրերը, որոնց շփման գործակիցը շատ ավելի մեծ է, և, հետևաբար, հիվանդի մոտ առաջացնում է ցավ: Այս շփումը բերում է հաճախ կրկնվող բորբոքային վիճակների, ոսկրերի գերաճի, որոնք էլ ռենտգենի ժամանակ  երևում են որպես այսպես կոչված աղային կուտակումներ: Ցավոք, այսօր բժշկությունն  ունի աճառը վերականգնելու շատ փոքր հնարավորություններ, և ԹՀՊ մեթոդը այս առումով շատ խոստումնալից է: Հոդի մեջ ներարկելով հիվանդի արյունից ստացած աճի գործոնները՝ մենք խթանում ենք նոր աճառի առաջացումը և եղած աճառի որակի բարձրացումը:  Մեթոդը կիրառվում է նաև ջլերի կապանների քրոնիկ վնասումների և ցավերի դեպքում, կիրառելի է սպորտային բժշկության մեջ, երբ կա արագ վերականգնման անհրաժեշտություն, քանի որ սպորտային տրամաբանությունը մի փոքր այլ է, կան խիստ ժամանակային սահմանափակումներ: ԹՀՊ մեթոդը լայն տարածում ունի պրոֆեսիոնալ սպորտսմենների մոտ, օրինակ թենիսիստ Ռաֆայել Նադալը բուժվում է հենց այս մեթոդի օգնությամբ:. Նույնիսկ գոյություն ունի թենիսիստի արմունկ վիճակը, որի ժամանակ արմունկում բորբոքային պրոցես է ընթանում և այստեղ ևս ԹՀՊ մեթոդը շատ արդյունավետ է: Նշանակություն չունի՝ խոսքը գնում է մկանի մասին, ջլի, թե ոսկրային հյուսվածքի, այս մեթոդը ի զորու օգնել ցանկացած դեպքում, քանի որ նշված աճի գործոնները ունիվերսալ են:

Ո՞ր դեպքում ԹՀՊ մեթոդը կիրառելի չէ:

Մեթոդը, հիմնված լինելով սեփական արյունը ներարկելու գործոնի վրա, բավական անվտանգ է, բայց այնուամենայնիվ, ցանկալի չէ դրա կիրառումը  ինֆեկցիաների և չարորակ նորագոյացությունների դեպքում:

Կումուրյան կենտրոնում կիրառվում է ԹՀՊ մեթոդը և ո՞ր հիվանդությունների դեպքում:

Կումուրյան կենտրոնում մեթոդը կիրառվում է արթրոզների դեպքում, աքիլեսյան ջլի դեպքում: