Օրթեզները հենաշարժողական համակարգի հիվանդությունների դեպքում

Հենաշարժողական համակարգի մի շարք հիվանդույթունների դեպքում պահպանողական, ինչպես նաև վիրահատական բուժումների դեպքում անհրաժեշտություն է լինում կիրառել օրթոպեդիկ պարագաներ: Ժամանակակից բժշկագիտությունը բազմաթիվ նորարարություններ ու նոր մոտեցումներ ունի հենաշարժողական համակարգի պատշաճ ֆիքսումն ապահովելու համար:

«Կումուրյան պոդիատրիկ կլինիկայի» բժիշկ՝ օրթոպեդ-մեխանիկ Ռուբեն  Ավդալյանը ներկայացնում է օրթեզների կիրառման ոլորտները և առանձնահատկությունները:

Ռուբեն Ավդալյան

-Ի՞նչ օրթեզը և ո՞րն  է դրա  կիրառման ոլորտը:

-Օրթեզները հենաշարժական ապարատի համար նախատեսված արտաքին ֆիքսող, ապածանրաբեռնող՝ ծանրաբեռնվածությունը թեթևացնող,  շտկող հարմարանքներ են:

Լինում են տարբեր տիպի, դրվում են տարբեր մակարդակների վրա, ունենում են օրթոպեդիկ և նյարդաբանական նշանակություն: Այսպիսով՝ գոյություն ունեն ոտնաթաթի, սրունքի, ազդրի, կոնքի, ողնաշարի և պարանոցի համար նախատեսված օրթեզներ:  Այս օրթեզներից յուրաքանչյուրը առանձին բժշկական հիմնախնդիր է լուծում:

Ի՞նչ խնդիրներ կարող են լուծել օրթեզները:

-Ընդհանուր առմամբ, օրթեզների կիրառությունը բավական լայն է: Ոտնաթաթի օրթեզները կիրառվում են ոտնաթաթի լայնակի կամ երկակի հարթաթաթության, ոտնաթաթի ոսկրային ձևափոխությունների ժամանակ, սրունքի օրթեզները լինում են ապածանրաբեռնող, ֆիքսող՝ կախված նյարդաբանական կամ օրթոպեդիկ խնդրից: Ծնկի օրթեզները դրվում են, օրինակ ծնկի վրահատությունից հետո, խաչաձև կապանների, մելիցքի, օրատրալ կապանների վնասվածքների դեպքում: Սրունքի, ազդրի, թաթի կոտրվածքների դեպքում որոշակի ալտերնատիվ հենարան ստեղծելու շնորհիվ ապածանրաբեռնվում է վերջույթը: Ողնաշարի օրթեզները դրվում են C-աձև, S- աձև սկոլիոզների դեպքում, ողնաշարի ողերի միմյանց նկատմամբ շրջապտույտի, կիֆոզների, հիպերլորդոզների դեպքում

Օրթեզները օգտագործվում են հետևյալ մի շարք հիվանդությունների դեպքում: Դրանցից են՝ կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումները (մանկական ուղեղային կաթված, պոլիոմիելիտի մնացորդային երևույթներ, ողնուղեղային վնասվածք, պերիֆերիկ նյարդերի և նյարդարմատների վնասվածք և այլն), տարբեր օրթոպեդիկ ախտաբանությունների (ոտնաթաթի լայնակի կամ երկայնակի հարթաթաթություն, բնածին ծուռթաթություն, կոնքազդրային հոդախախտ, օստեոմիելիտ, ողնաշարի տրավմաներ և դեֆորմացիաներ, հետվիրահատական վիճակներ :

-Օրթեզների կրման հարցում կա՞ն որոշակի սահմանափակումներ կախված սեռից կամ տարիքից:

-Գրեթե ոչ: Օրթեզները կիրառվում են վաղ մանկական տարիքից, օրինակ կոնքազդրային հոդերի հոդախախտերի դեպքում, մինչև ծերության տարիք, երբ նունիսկ վիրահատությունները ցուցված չեն: Այն դեպքում, երբ կա հենաշարժողական համակարգի հիմնախնդիր, սակայն տարիքային, ինչպես նաև այլ՝ հարակից հիվանդություններով պայմանավորված վիրահատության հակացուցում, օրթեզները միակ ելքն են մնում: