Միզապարկի քաղցկեղ

Ուռուցքաբանական հիվանդությունների շարքում բավական հաճախ հանդիպողներից է միզապարկի քաղցկեղը: Վիճակագրական տվյալները փաստում են, որ այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ: Հիվանդության առաջացման պատճառների, ընթացքի ու կանխարգելման հնարավորությունների մասին զրուցեցինք Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Վարուժան Շահսուվարյանից:

file_364_683363

-Բժիշկ Շահսուվարյան, ի՞նչ է միզապարկի քաղցկեղը:

Միզապարկի քաղցկեղը միզապարկի լորձաթաղանթի հիվանդություն է, միզապարկի լորձաթաղանթից առաջացող ուռուցք:

-Որքա՞ն հաճախ է միզապարկի քաղցկեղը հանդիպում Հայաստանում:

Ըստ կանցեր  ռեգիստրի տվյալների որը գործում է ՈՒԱԿ-ում   Հայաստանում տարեկան մոտ 470 միզապարկի քաղցկեղի նոր դեպք է գրանցվում:

Ո՞ր տարիքի մարդկանց մոտ է ավելի հաճախ ախտորոշվում միզապարկի քաղցկեղ:

Հիմնանակում միզապարկի քաղցկեղը և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ ախտորոշվում է 40-50 տարեկանից սկսած, սակայն վերջերս հիվանդացության դեպքեր ենք ունեցել նաև  18-30 տարեկանների շրջանում, ինչը, բարեբախտաբար,  հազվագյուտ երևույթ է:

-Որո՞նք են միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական  պատճառները և այն ռիսկի գործոնները, որ կարող են հանգեցնել քաղցկեղի:

Ռիսկի կարևոր  գործոն է գենետիկ նախատրամադրվածությունը: Քանի որ ծխողների մոտ մեզի միջոցով օրգանիզմից դուրս են բերվում  նյութեր, որոնք   երկար ժամանակ  մնալով ազդում են միզապարկի լորձաթաղանթի վրա և  բերում են բջիջների ուռուցքային փոփոխությունների, հետևաբար նշանակալի գործոն է ծխելու հանգամանքը: Եվ քանի որ տղամարդիկ ավելի հաճախ են ծխում, քան կանայք, հետևաբար նրանց մոտ զարգացման հնարավորությունն ավելի մեծ է: Ռիսկային են որոշ մասնագիտություններ, մասնավորապես՝ անիլինային ներկերի արտադրությունում  աշխատանքը: Տղամարդկանց օրգանիզմի անատոմիական առանձնահատկությունները ևս ունեն իրենց դերն այս հիվանդության առաջացման գործում, ինչի հետևանքով կանանց պարագայում միզապարկի առաջացման հավանականությունը 4-5 անգամ ավելի քիչ է: Մեծ նշանակություն ունեն միզապարկի քրոնիկական բորբոքային հիվանդությունները,տարիքը , 50-ից հետո ավելի հաճախ է հանդիպում, միզապարկի պարազիտային հիվանդությունները՝ շիստոսոմոզ, բիգարցիոզ:

-Որո՞նք են այն հիմնական ախտանշանները, որոնց պարագայում պետք է ուշադիր լինել և բաց չթողնել վաղ ախտորոշման հնարավորությունը:

-Ինչպես միզուղիների այլ հիվանդությունների դեպքում, միզապարկի քաղցկեղի դեպքում ևս առաջին ախտանշաններ կարող են լինել  հաճախամիզությունը, դժվարամիզությունը, արյունամիզությունը,այրոցի զգացողությունը միզուկում, ցավոտ միզարձակությունը:

-Ինչպե՞ս է ախտորոշվում միզապարկի քաղցկեղը:

-Ախտորոշումը կատարվում է լաբորատոր և գործիքային հետազոտությունների օգնությամբ: Առաջին հերթին պետք է կատարել մեզի ընդհանուր հեազոտություն, այնուհետև սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային շերտագրություն: Այս ամենին հաջորդում է ցիստոսկոպիան (միզապարկի  էնդոսկոպիկ քննությունը), ծավալային գոյացության առկայության դեպքում  կատարվում է  ուռուցքի ներմիզուկային մասնահատում: Վերջնական  ախտորոշում  դրվում է  հեռացված  հյուսվածքի ախտաբանաանատոմիական հետազոտությունից հետո:

-Միզապարկի քաղցկեղը տարատեսակներ ունի՞ է:

-Միզապարկի քաղցկեղը սկսվում է միզապարկի լորձաթաղանթից և քանի որ այն անցումաբջջային էպիթել է, հետևաբար հիմնականում  ախտորոշվում է՝ որպես անցումաբջջային քաղցկեղ: Սակայն որոշ դեպքերում  ունենում ենք ադենոմակարցենոմա, տափակ բջջային ուռուցք: Սրանց ընդհանուր թիվը չի գերազանցում միզապարկի քաղցկեղի դեպքերի 2%-ը:

-Զարգացման ի՞նչ փուլեր է անցնում միզապարկի քաղցկեղը:

-Միզապարկի դեպքում քաղցկեղի զարգացման փուլերը տարանջատվում են հետևյալ կերպ՝ մակերեսային և մկան-ինվազիվ: Մակերեսայինի մեջ մտնում է լորձային և ենթալորձային շերտի ախտահարումով դեպքերը, իսկ մկան-ինվազիվ ուռուցքները ախտահարում են միզապարկի մկանային հյուսվածքը:

-Ախտորոշումից հետո ի՞նչ փուլերով է ընթանում բուժումը:

-Միզապարկի քաղցկեղի տեսակների տարանջատումը կարևոր է, որովհետև բուժման տակտիկան մակերեսայինի և մկան-ինվազիվի  դեպքերում խիստ տարբեր է: Այսինքն, եթե ախտորոշվել է մակերեսային ուռուցք, ապա բուժումը օրգանապահպան է, և ուռուցքը հեռացվում էնդոսկոպիկ եղանակով հետագայում  անհրաժեշտ է լինում  ներմիզապարկային իմունաթերապիա:  Իսկ եթե ուռուցքը լորձաթաղանթային շերտից անցել է մկանային հյուսվածքներ, ապա կիրառվում  է արմատական վիրահատության տարբերակը: Ի՞նչ է սա նշանակում: Տղամարդկանց մոտ միզապարկը ամբողջությամբ հեռացվում է շագանակագեղձի և կոնքի լիմֆատիկ հանգույցների հետ միասին, իսկ կանանց դեպքում՝ միզապարկի հեռացումը ուղեկցվում է արգանդի, ձվարանների և արգանդափողերի ,  կոնքի լիմֆատիկ հանգույցների հետ միասին: Դա հնարավորություն է տալիս ստանալ լիարժեք առողջացում: Քանի որ  մեզը պետք է որևէ օրգանում կուտակվի, ապա հաջորդ քայլը նոր միզապարկի ձևավորումն է: Ողջ աշխարհում և մեր կլինկայում ևս ամենատարածված տարբերակը նոր միզապարկի ձևավորումն է բարակ աղիքից, սակայն նոր միզապարկ կարելի է ձևավորել մարսողական տրակտի այլ հատվածներից ևս: Այսինքն աղիքից ձևավորվում է միզապարկին նմանվող ռեզերվուար  (տարողություն), որին պատվաստում ենք երիկամներից եկող միզածորանները և միզուկը: Արդյունքում, նույնիսկ միզապարկի հեռացման նման ագրեսիվ միջամտությունից հետո, հիվանդը կարողանում է լիարժեք ազատվել քաղցկեղային  հիվանդությունից և ապրել որակյալ կյանքով: Սա պլաստիկ վիրահատություն  է և այս 2 գործընթացը՝ միզապարկի հեռացումը և նոր միզապարկի ձևավորումը,  կատարվում է մեկ վիրահատության միջոցով:

img_4470

-Հետվիրահատական շրջանում քիմիաթերապիա կիրառվու՞մ է:

-Եթե վիրահատությունից հետո չկան մետաստազներ, ապա մենք բոլոր դեպքերում չէ որ գնում ենք քիմիաթերապիայի ճանապարհով, և հիվանդները 5 տարի պարզապես գտնվում են հսկողության տակ: Որոշ ագրեսիվ ուռուցքների դեպքում քիմիաթերապիան ուղղակի անհրաժեշտություն է:

-Միզապարկի ուռուցքի դեպքում դեպի ո՞ր օրգան-համակարգերն են սովորաբար արձակվում մետաստազները, և ի՞նչ քայլեր են կիրառվում այսդեպքում:

-Միզապարկի քաղցկեղի դեպքում մետաստազներ  լինում են առաջին հերթին կոնքի լիմֆատիկ հանգույցներում, այնուհետև կարող  են լինել  թոքերում, լյարդում, ոսկրերում: Եթե հիվանդի մոտ առկա են մետաստատիկ ախտահարումներ, ապա վիրահատությունը կատարվում է խիստ ցուցումների դեպքում: Մետաստատիկ ախտահարման ժամանակ փրկողական վիրահատություն կատարվում է, եթե ունենք  արտահայտված ցավային համախտանիշ, որը հնարավոր չէ ճնշել ցավազրկողներով, կամ ունենք արյունահոսություն, որը կյանքի համար վտանգ է: Այսինքն՝ պետք է այդ պահին փրկել հիվանդի կյանքը: Այն դեպքերում,երբ կան մետաստազներ, հիվանդների հետ աշխատում են քիմիաթերապևտները և ճառագայթաբանները՝ ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ դրանից հետո:

-Հնարավո՞ր է կանխարգելել միզապարկի քաղցկեղը:

-Կանխարգելումը առաջին հերթին  վատ սովորություններից ձեռբազատվելն է, մասնավորապես՝ ծխելուց: Կանխարգելման տարբերակ է նաև միզելու ցանկության դեպքում հնարավորինս արագ բավարարել այդ պահանջը:  Եթե աշխատանքը կապված է գունանյութերի հետ, պետք է հնարավորինս պաշտպանվել դրանց ազդեցությունից՝ կրելով համապատասխան դիմակներ:

-Միզապարկի քաղցկեղը կարո՞ղ է լինել երկրորդային ուռուցք:

-Նման դեպքեր չեն բացառվում: Միզապարկի ուռուցքը կարող է լինել վերին միզուղիների շարունակական կամ երիկամի ավազանում առաջացած առաջնային ուռուցքից իմպլանտացիայի հետևանքով:

-Որքա՞ն հաճախ ենք ունենում հիվանդության կրկնություն:

-Մակերեսային քաղցկեղի պարագայում առողջացմումը  կազմում է 82%, այսինքն մնացած 18% դեպքերում հնարավոր է հիվանդության կրկնություն, որի բաժումը կախված է ուռուցքի ինվազիայի աստիճանից: