Հայ հոգեուռուցքաբանության Ասոցիացիայի մասնակությունն առաջիկա գիտաժողովին

Անկախության 25-ամյակին նվիրված «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին»  գիտաժողովի համակազմակերպիչն է Հայ հոգեուռուցքաբանների Ասոցիացիան։
Թե ի՞նչ է հոգեուռուցքաբանությունը, ինչպե՞ս է այն ինտեգրվում մեր առօրյան և որքանո՞վ  է  օգտակար ու արդյունավետ քաղցկեղի դեմ պայքարող հիվանդի և նրան բուժող բժիշկի համար, մանրսմասնում է Հայ հոգեուռուցքաբանների Ասոցիացիայի նախագահ, Երևանի Պետական Համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն՝ Դավիթ Գևորգյանը։

12647077_1236641176350550_3138028204104323738_n

Ի՞նչ է ուսումնասիրում հոգեուռուցքաբանությունը։
— Սա բնագավառ է , որը գտնվում է հոգեբանության, ուռուցքաբանության և սոցիոլոգիայի միջակայքում։ Այն ուսումնասիրում է ինչպես քացկեղի ազդեցության մեխանիզմը հիվանդի հոգեկան առողջության վրա, այնպես էլ հոգեբանական և սոցիալական գործոնները՝  այդ թվում նաև սոցիալական փոխհարաբերությունները հիվանդի , նրա ընտանիքի և  բժիշկի միջև։ Այստեղ կարևորում ենք հոգեբանական այն գործոնները, որոնք առաջանում են ուռուցքային հիվանդություններից․ հիվանդի հուզական ռեակցիաները հիվանդության բոլոր փուլերում, ընտանիքի անդամների և հիվանդի մասին հոգ տանող անձանց վերաբերմունքը,  ինչպես նաև հոգեբանական , վարքագծային և սոցիալական գործոնները, որոնք՝ քաղցկեղային հիվանդություններով պայմանավորված,  կարող են ազդել հիվանդության ընթացքի  և մահացության վրա։
Ինչպե՞ս  է  այս ուղղությունը ընկալվում հասարակության կողմից։ Ո՞րն է ամենամեծ բարդությունը։
— Բնականաբար, սա նոր զարգացումների արդյունք է, և  ինչպես ամեն նոր բան, այն դժվարությամբ է ընկալվում հասարակության կողմից ։ Հիմնականում ամենամեծ բարդությունը հենց մարդկանց գիտակցման խնդիրն է ՝ այն պարզ պատճառով,  որ ուռուցքաբանությունը  և այդ տեսակ բոլոր երևույթները  շատ վախեցնող են, և մարդիկ չեն ուզում դիպչել դրան, քանի դեռ այն չի դիպչել իրենց։   Մենք սովոր ենք՝  եթե ուռուցքաբանություն, ապա միայն բժշկություն։ Ցավոք,  շատ բժիշկներ  դեռ այդպես են մտածում։   Մեզ մոտ բժիշկների համար այդ դիրքորոշումն ու գիտակցությունը շատ դժվար է ։ Իհարկե, ոչ ոք չի հերքում,  որ ուռուցքային հիվանդությունների  բուժման և ուռուցքաբանության ոլորտի գլխավոր դերն ու գործոնը՝ բժշկությունն է, բայց  50-60 տարվա բազում հետազոտություններն ապացուցում են,   որ հոգեկան գործընթացների դերակատարումը՝ թե՜ բուժվողների,  և թե՜ արդեն  բուժվածների կյանքում  քաղցկեղն էական նշանակություն ունի ։ Սակայն, ուրախությամբ  պետք է նշեմ, որ շատ մասնագետներ  ընդունում , մասնակցում և աջակցում են մեզ, և այսօր մենք ունենք շատ մեծ համագործակցության դաշտ։
— Հոգեուռուցքաբանության ուղղություններից առանձնացնում եք երկուսը՝ հիվանդի և մասնագետի հետ աշխատանքը։  Որի՞ն եք մեծ նշանակություն տալիս։
-Նշեցիք երկու կարևորագույն կողմերը, սակայն իրականում կա նաև երրորդ կողմը՝  աշխատանք հիվանդի մտերիմների հետ, քանի որ բոլորիս հայտնի է, որ քաղցկեղը միայն հիվանդի  մոտ չէ գալիս՝ այն խոցում է ամբողջ ընտանիքը։  Աշխատանքը մտերիմների և ընտանիքի անդամների հետ  նույնպես հոգեուռուցքաբանության կարևորագույն խնդիրներից է , և  նույնպես շատ կարևոր է։
Երբ մարդը բժիշկից լսում է դատավճիռ թվացող ախտորոշումը, պարզապես կորցնում է վերահսկողությունը։ Նրա հոգեկան — հուզական ապրումները կարող են վնասել  ինչպես իրեն, այնպես էլ իր մտերիմներին։ Հոգեուռուցքաբանը, որի օգնությունը կարող է կարևորագույն դերն ունենալ հիվանդի և նրա ընտանիքի առողջ բանականության, տրամադրության և հոգեկան հավասարակշռության հարցում, ուղեկցում  և հսկում է այդ պրոցեսը մինչև  ապաքինում  (կամ, ցավոք սրտի, մինչև մահ), երբեմն էլ  ավելի երկար՝ շարունակելով  աշխատանքը նաև մտերիմերի հետ: Պացիենտին և իր ընտանիքի  անդամներին մոտիվացնելը  նույնպես նպաստում է վերականգնման և առողջացման ընթացքին։ Բացի դասական աջակցղության ձևերից (հաղորդակցում, սատարում, քաջալերանք և այլն ) սա ինչ-որ իմաստով մեդիացիա է՝ բժիշկի, հիվանդի և նրա միջավայրի հետ կապը պահպանելն է։ Այս պարագայում շատ կարևոր է նաև սոցաշխատողների ներգրվաումը։
Դեպրեսիվ ախտանիշների առկայությունը կարող է նվազեցնել քաղցկեղով հիվանդների ապրելիությունը , և հնարավոր է, որ գլխավոր գործոնն այս դեպքում  սեփական անձի նկատմամբ հոգատարության պակասն է։ Այստեղ կարևոր է օգնել պացիենտին ընդունել իրեն վերաբերվող ինֆորմացիան և իմաստավորել  այն ամենն, ինչ կատարվում է իր հետ։ Ի վերջո կյանքի որակը երբեք քանակը չէ՝ կյանքի որակը դա ապրած այն ժամանակն է, որտեղ մարդ եղել է, և ոչ թե վախեցել, տառապել․․․
Որո՞նք են պացիենտի վախերը։
— Ցավ, տառապանք,  կորուստ, մահ՝  կարևորագույն քառյակն է, որի հետ մենք օգնում ենք առճակատվել , և դա բարդ աշխատանք է առաջին հերթին պացիենտի համար, քանի որ պետք է հաշվի առնել շատ առանձնահատկություններ։ Նորություն չէ, որ շատ մարդիկ, իմանալով իրենց ախտորոշումը, պարզապես փակվում են և սկսում տառապել։   Բժիշկ, միջին բուժանձնակազմ, սոցաշխատող, հոգեբան՝  սա այն մինիմումն է, որն անհրաժեշտ է,  իսկ թիմային աշխատանքը բավականին լուրջ գործընթաց է, որը, հավատացեք, լուրջ դրական արդյունքների է բերում։
Մասնագետների  հետ աշխատելու անհրաժեշտությունն ինչպե՞ս է ընդունվում բուժաշխատողների  կողմից։
-Բացառիկ կարևոր եմ համարում բուժանձնակազմի  հետ աշխատանքը   նախ իրազեկման տեսանկյունից, քանի որ մենք չենք կարող անել մի աշխատանք, որի գլխավոր դերակատարը տեղյակ չէ , թե ինչ ենք մենք առաջարկում։ Հաճախ բժիշկը պարզապես չգիտի , որ դա իրեն անհրաժեշտ է և  երբեմն ոչ թե չի ուզում աշախատել հոգեբանի հետ, այլև պարզապես չի գիտակցում, թե ինչպես  իր  ծանր աշխատանքը հետագայում կանդրադառնա իր հոգեվիճակին։ Բժիշկի պրակտիկ աշխատանքի ընթացքում որոշ ժամանակ անց  սկսում են  ի հայտ գալ անձնային  և հուզական փոփոխությունները։ Սա այսպես կոչված «հուզական այրման»  համախտանիշն է, որը  համար մեկ խնդիրն է, քանի որ ամեն անգամ  բախվելով սուր հուզական կոնտեքստների,  մարդը սկսում է սառեցնել ընկալունակությունն այս կամ այն երևույթի նկատմամբ։ Բնականաբար, պաշտպանական բնազդն է այստեղ աշխատում։ Արդյունքում անձը դառնում է որոշակի իմաստով դեհումանիզացված, դաժան, սառնասիրտ, նյարդային, երբեմն էլ  թվում է, թե նա անտարբեր է իր հիվանդի նկատմամբ։ Հետզհետե խնդիրներ են առաջանում աշխատավայրում, անձնական կյանքում և այլն․․․ Այս գիտությունը նման դեպքերի համար առաջարկում է հստակ մշակված ծրագիր, որը պարզապես դեռ ամբողջությամբ չի ինտեգրվել  մեր մշակույթ։ Բայց աշխատում ենք, գնում ենք առաջ, տեսնոմ ենք, որ արձագանք կա և ՜բժիշկների  և՜ հիվանդների կողմից։
Որքանո՞վ եք կարևորում գիտաժողովին մասնակցությունը։
-Կոնֆերանսը մեծ հարթակ է, որտեղից կարելի է  երկխոսել երիտասարդ բժիշկների հետ , հնչեցնել «Հոգեուռուցքաբանությունը»՝ հասանելի դարձնել լսողությանը՝ թե մասնագետների, և թե մասնակիցների ։ Ի վերջո,  սա պարզապես բառակապակցություն չէ, այլ լուրջ և կարևորագույն  աշխատանք։ Հարկ եմ համարում նշել, որ մենք մեծ աշխատանք պիտի կատարենք այս բնագավառը ընկալելու և ընդունելու կարծրատիպերի հարցում։ Նաև կխոսենք մեր կատարած աշխատանքի և դրա հաջողությունների ու արդյունավետության մասին,  կներկայացնենք մեր ասոցիացիայի նպատակները,  որից մեկն արդեն ընթացքի և ապրոբացիայի մեջ է՝  Երևանի պետական համալսարանում  «պալիատիվ հոգեբանություն» առարկան, որը ոչ միայն Հայաստանում է առաջինը, այլ նաև ամբողջ աշխարնում, և բավականին շարժ է նկատվում արդեն մասնագետների և ուսանողների կողմից։