Առասպելներ և իրականություն՝ ի՞նչ է իրականում քիմիաթերապիան

Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է: Այն նշանակվում է քաղցկեղային հիվանդությունների դեպքում, մետաստազների պրոֆիլակտիկայի, ուռուցքի՝ վիրահատության նախապատրաստման համար ձևափոխման նպատակներով, վիրահատական միջամտությունն արդյունավետ դարձնելու միտումով և այլն:

Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք բուժման այս չափազանց ընդհանրական անվանում ստացած եղանակի մասին: Սակայն փորձը, քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժում ստացած մարդկանց պատմություններն ու ապրումները ցույց են տալիս, որ մենք դեռևս բավարար տեղեկացված չենք այս երևույթի, դրա ընթացքի ու բարդությունների վերաբերյալ:
Քիմիաթերապիայի  բարդությունների և  կողմնակի ազդեցությունների մասին պատմում է ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան քիմիաթերապևտ Լիանա Սաֆարյանը։
14658280_1269537099755917_1525024396_n
Ի՞նչ է  քիմիաթերապիան և  ո՞ր դեպքերում է այն ցուցված։
-Քիմիաթերապիան չարորակ գոյացությունների բուժման մեթոդներից մեկն է   հատուկ դեղորայքային միջոցներով։  Ազդելով հիվանդի օրգանիզմի վրա՝ քիմիապրեպարատները քայքայում են  ուռուցքային բջիջները։ Այս ազդեցությունը պայմանավորված է սինթեզի կամ  նրա  ԴՆԹ-ի  ֆունկցիայի խախտմամբ։  Պրեպարատների ազդեցությնան տակ ուռուցքային բջիջն այլև չի բազմանում,  արդյունքում մահանում է։
Որո՞նք են քիմիաթերապիայի տեսակները։
-Տարբերակում ենք քիմիաթերապիայի մի քանի տեսակ։ Ադյուվանտ քիմիաթերապիա, որը կիրառվում է քաղցկեղի ակնհայտ բացակայության դեպքում, սակայն օգտագործվում է թաքնված մետաստազները կանխարգելելու  նպատակներով։ Նեոադյուվանտ քիմիաթերապիան  պացիենտին նշանակվում է անմիջապես վիրահատական միջամտությունից առաջ։ Քիմիաթերապիայի այս տեսակի օգնությամբ կարելի է զգալիորեն փոքրացնել առկա ուռուցքի չափերը, ինչը դրական ազդեցություն կունենա վիրահատության արդյունքների վրա։ Ինդուկցիոն քիմիաթերապիայի օգնությանն են դիմում, երբ առկա  ուռուցքը անհրաժեշտ է վերածել վիրահատելու համար օպտիմալ գոյացության։ Եվ վերջապես պալիատիվ քիմիաթերապիա, որն օգտագործվում է ուռուցքի բացահայտ առկաության դեպքում։
-Բազմիցս նշվել են  քիմիաթերապիայի կողմնակի բացասական ազդեցությունները, սակայն՝ բժշկագիտական զարգացումների շնորհիվ,  այսօր կարող ենք խուսափել որոշակի   բարդություններից։ Որո՞նք են կարևորագույն, հաճախ հանդիպող ու զուգակցվող առողջական վատթարացումները։
-Քիմիաթերապիայի բուժումն, իհարկե,  ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը, որոնք  նկատելի են, ի դեպ, նույնիսկ անվնաս թվացող բոլոր դեղորայքային պրեպարատների պարագայում։ Մարդկանց մեծ մասը կապում է  քիմիաթերապիան  մի շարք բացասական հետևանքների և բարդությունների հետ։ Այստեղ պետք է նշեմ սխալ ու իրարարմերժ տեղեկատվության գործոնը՝ հարևան-բարեկամների իրական  կյանքից վերցված   սարսափ առաջացնող պատմությունները, կամ համացանցում տեղ գտած հոդվածները։ Ճիշտ է, գոյություն ունեն մասնագիտական կայքեր, որտեղ կարելի է հստակ ինֆորմացիա գտնել, սակայն առանց համապատասխան կրթության կարելի է ավելի խճճվել ՝ թե՜ մասնագիտական բարդ  տերմիններից,  թե՜ բովանդակության բարդությունից ։
Քիմիաթերապիան նշանակվում է միայն բուժող բժիշկի կողմից և խիստ անհատական է։ Պրեպարատների ընտրությունն ու բուժման արդյունավետությունը կախված են քաղցկեղի տեսակից, փուլից, քրոնիկ հիվանդություններից, նախկինում նման բուժում կիրառված ընթացքից և  արդյունքներից։ Բուժման  սխեման կախված է բուժման կուրսի նպատակից, քանի որ որոշ դեպքերում քիմիաթերապիան նշանակում են քաղցկեղային բջիջների վերահսկման, հիվանդության նախանշանները մեղմելու կամ ամբողջությամբ վերացնելու նպատակով։ Մեծ նշանակություն ունի քաղցկեղի տեսակը․ կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի, հաստ աղիքի համար նախատեսված քիմիաթերապիայի սխեմաները խիստ տարբերվում են միմյանցից, և օրինակ՝ ստամոքսի քաղցկեղի տեսակները  թարգետ թերապիա է պահանջում (թիրախային բուժում)։ Եվ եթե որոշ  դեպքերում մազաթափություն կամ լյարդի ֆունկցիայի խանգարում կարող է նկատվել, ապա մյուսների ընթացքը կարող է անցնել այլ բարդություններով, կամ առանց բարդությունների (այդպես էլ է պատահում)։ Նշանակություն ունի նաև հիվանդի քրոնիկ կամ զուգակցվող հիվանդությունների առկայությունը։
-Սրտանոթային համակարգի խնդիրները հաշվի առնո՞ւմ եք բուժում նշանակելիս։
-Մինչև  քիմիաթերապիայի կուրսը սկսելը, պացիենտը պետք է ամբողջական հետազոտություն անցնի։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում էլեկտրոսրտագրության և էխոսրտագրության հետազոտությունների արդյունքներին։ Եթե նախկինում անամնեզում առկա են ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը կամ սրտանոթային համակարգի լուրջ բարդություններ են նկատվում, նշանակում ենք սրտաբանի կոնսուլտացիա և որոշում, թե որքանով է լուրջ խնդիրը և որքանով  լուրջ է  հետագայում կարդիոտոքսիկ պրեպարատների կիրառությունը։
-Որքանո՞վ է կարևոր հիվանդի տրամադրվածությունը: Ինչո՞վ են պայմանավորված հիվանդի հոգեկան անհագստությունները քիմիաթերապիայի ընթացքում։
-Շատ բան է կախված հիվանդի հոգեվիճակից և տրամադրվածությունից։  Ստանալով բացարձակ չտարբերվող բուժում՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են այն ընդունում։ Հաճախ հարազատները խնդրում են չասել հիվանդին իր հիվանդության մասին, որպեսզի նա վատ չտրամադրվի։ Այստեղ սթրեսսը և քիմիաթերապիայի մասին վատ լեգենդները կարող են լուրջ բարդություններ առաջացնել։ Ինչ վերաբերում է ինքնազգացողությանը՝ ոմանց մոտ բուժումը  կարող է փսխումներ, լուծ և մազաթափություն առաջացնել, ոմանք հոգեբանական խնդիրներ են ունենում, իսկ կան մարդիկ, որոնք դրական են տրամադրված, և չեն ունենում ոչ ֆիզիոլոգիական, ոչ էլ հոգեբանական խնդիրներ։
Բուժման ընթացքում ի՞նչ սննդակարգ է ցուցված։
-Հատուկ սննդակարգ սահմանված չէ, բայց կան ուռուցքային հիվանդություններ, որոնց բուժման ընթացքում ցանկալի է, որպեսզի սննդամթերքը՝ հատկապես բանջարեղենն ու միրգը,  անցնի ջերմային մշակում՝ երկրորդային ինֆեկցիաներից խուսափելու համար։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից քիմիաթերապիայի ռեժիմները կիրառելիս, հիվանդները քաշ են կորցնում, որը հնարավոր է վերականգնել կուրսերի միջև ընկած ընդմիջումների ընթացքում։ Սակայն այն հիվանդները, որոնք սնվում են բալանսավորված և ռացիոնալ, ավելի հեշտությամբ են դիմակայում կողմանկի ազդեցություններին։  Փորձում ենք սահմանափակել  յուղալի , ճարպոտ և դրսից բերված փաթեթավորված սնուննդը։ Կարևոր է օգտագործել դյուրամարս սնունդ՝ ապուրներ, պյուրե, հյութ։  Չի թույլարտվում թուրիջ, քանի որ այն բարձրացնում է քիմիաթերապիայի թունավորությունը։