«Դու մենակ չես»․ Եվրոպա Դոննա Հայաստան

Շուրջ երկու տարի է Հայաստանում գործում է «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի Իտալիայի  Կոալիցիայի Հայաստանյան ներկայուցչությունը, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում։ «Եվրոպա Դոննա» ընկերությունը համախմբել է աշխարհի 47 երկրները, որոնց թիվը վերջերս համալրեց նաև Հայաստանը։
Կազմակերպության գործունեության, նախագծերի, կատարած աշխատանքների և առաջիկա պլանների մասին պատմում է  «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի կոալիցիայի  հայաստանյան ազգային ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանը։

arm_3926
-Ե՞րբ է ստեղծվել «Եվրոպա Դոննա Արմենիան»։

-«Եվրոպա Դոննա Արմենիան» ստեղծվել է 2015թ. հունվարին և Եվրոպա Դոննա Կրծքագեղձի Քաղցկեղի Կոալիցիայի Հայաստանյան ներկայացուցչությունն է: Կազմակերպությանն անդամակցում են ևս  46  երկրներ և բոլորս միասին պայքարում ենք կրծքագեղձի քաղցկեղի՝ 21-րդ դարի չարիքի դեմ:
Եվրոպական փորձը, եվրոպական մտածելակերպը, հիվանդության դեմ պայքարը և մոտեցումները  էապես տարբերվում են, սակայն կարևոր դեր ունեն մեր բնակչության  համար:

-Ի՞նչ  սկզբունքներ և քաղաքականություն ենք որդեգրել և ի՞նչ փորձ ենք ձեռք բերել Եվրոպայից այս ոլորտում։

-Եվրոպական կազմակերպություններն, ի տարբերություն մեզ, իսկապես կայացած են բոլոր առումներով: Այնտեղի ներկայիս խնդիրները մեզ համար պարզապես «երազանք» են․  մեր երկրում  քաղցկեղը հայտնաբերվում է բավական բարդացած վիճակներում և վերջին փուլերում` բուժումը դարձնելով ավելի երկարատև ու  բարդ: Սա, իհարկե, սոցիալական խնդիր է և, ինչու չէ, նաև մենթալիտետի։ Եվրոպայի փորձն, իհարկե, արդյունավետ է,  սակայն՝ ոչ լիովին կիրառելի մեզ մոտ,  քանի որ պետք է հաշվի առնել ազգային բազմաթիվ առանձնահատկությունները, ավանդույթները, մտածելակերպը, որը հատկապես խանգարում է երիտասարդ պացիենտներին,  որոնք թե՜ վախի,  թե՜ շրջապատի կարծիքը հաշվի առնելու խնդիրներին բախվելով, ամաչում են բարձրաձայն խոսել կրծքագեղձի խնդիրների մասին` հատկապես  երբ խնդիրն իրենց է վերաբերում:

14947786_10211278416983055_882587452853969380_n

-Ինչո՞ւ հենց «կրծքագեղձի քաղցկեղ», չէ որ այլ ուղղություններում ևս բազմաթիվ են խնդիրները։

-Ցավալի հարց է ինձ համար, քանի որ  ժամանակին ես էլ եմ խնդիրներ ունեցել, և հենց իմ բժշկի հետ հանդիպումը բախտորոշ դեր ունեցավ այս հարցում: Կրծքագեղձի քաղցկեղը մեր հիմնական ուղղությունն է,  սակայն մեր գործունեությունը, մեր եռանդն ու նվիրվածությունը,  վստահ եմ,   այս ուղղությամբ միայն չի սահմանափակվի: Այս հարցը բարձրաձայնելով և մշտապես աշխատելով կանանց հետ՝  կարող ենք նվազեցնել բարդացած դեպքերի քանակը, կարող ենք ստիպել մեր կանանց սիրել իրենց և ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։
Մշտապես պացիենտների հետ լինելը,  պացիենտների և իրենց ընտանիքի անդամների հետ զրուցելը  ավելի, քան ծանր է։ Երբեմն օրեր շարունակ  աչքիս առաջ են լինում, բայց,արցունքները թաքցնելով, առաջ եմ  շարժվում, ու գիտակցում, որ պետք է ավելին անել, ավելի շատ օգնել` երբեմն  պարզապես կարեկցելով և մխիթարելով  նրանց:

arm_3643

-Ինչպե՞ս ծնվեց   Հայաստանյան  ներկայացուցչություն  ստեղծելու գաղափարը:

-Կազմակերպության գաղափարը դեռևս 2009-ին եմ ունեցել, սակայն իրականություն դարձավ միայն 2014թ-ին՝  շնորհիվ իմ սիրելի ընտանիքի և ընկերների, որոնք մշտապես ինձ աջակցում են բոլոր հարցերում:  Մեր կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ լինելով պացիենտական կազմակերպություն  շատ երիտասարդ անդամներ ունի։ Ի դեպ, մեծ աջակցություն են ցուցաբերում մեր շարքերում գտնվող  տղամարդիկ, որոնք  խորապես նվիրված են կազմակերպությանը:

-Ինչպե՞ս եք  պատկերացնում, կամ, միգուցե տեսնում մեր երկրում  պացիենտ-բժիշկ,  ՀԿ-պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունները

-Չափազանց կարևոր հարց է, և շատ փոփոխություններ է պահանջում։ Անհրաժեշտ է թիմային աշխատանք, որտեղ ներառված կլինեն բոլորը՝ բժիշկները, միջին բուժանձնակազմը, հասարակական կազմակերպությունները, պացիենտի ազգականները։ Կարծես թե փոքր, սակայն հստակ քայլերով շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։
Պացիենտը միշտ էլ խոցելի է, հատկապես երբ խնդիր ունի և դիմում է բժշկի: Չեմ կարող չնշել նաև  բժիշկների խոցելիությունը: Մեր երկրում չկա որևէ կանոնակարգ, որով, օրինակ, կարգելվի պացիենտի հետ կոպիտ և ոչ պատշաճ վերաբերմունքը  և հակառակը՝  որ պացիենտն իրեն  իրավունք չվերապահի  բժշկի նկատմամբ  կոպիտ  և անբարո վերաբերմունք:
arm_4853

Ո՞րն է  Եվրոպա Դոննայի առաքելությունը  և հատկապես ի՞նչը  կառանձնացնեիք  Ձեր  կատարած աշխատանքներից։

-Առաքելությունն իսկապես մեծ է` զգալիորեն նվազեցնել  ուշ հայտնաբերվող դեպքերի թիվը, որպեսզի  մեր երկրում, ինչպես բոլոր զարգացած երկրներում,  կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվի առաջին փուլում, և մենք էլ ունենանք 100% արդյունք:
Կատարած աշխատանքներից կառանձնացնեմ մարզային այցելությունները, բարեգործական համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ողջ հասույթը  տրամադրվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց բուժմանը , հեծանվաերթը, իրազեկման տարբեր միջոցառումները, որոնք իսկապես տալիս են ցանկալի արդյունքներ:
Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջերս  գերմանացի մի պրոֆեսորի կողմից  ՈՒՁՀ(սոնոգրաֆիայի) սարքավորումներ  նվեր ստացանք, և դեղագործական ընկերություններից մեկի շնորհիվ սարքերն այժմ այստեղ են և շուտով անվճար կծառայեն մեր կանանց համար:

-Ձեր նախաձեռնությամբ  նոյեմբերի 26-ին կկայանա «Դու մենակ չես» խորագրով առաջին պացիենտական ֆորումը Հայաստանում։ Ո՞րն է ֆորումի նպատակը և ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Ֆորումի ընթացքում նախատեսված են բժշկական զեկույցներ քաղցկեղի առաջացման, բուժման ժամանակակից մեթոդների, գենետիկակական նախատրամադրվածության վերաբերյալ, նաև քաղցկեղը հաղթահարած  պացիենտների զեկույցներ։ Կքննարկվի  բժշկական ոլորտի լուսաբանումը և ԶԼՄ-ների ներգրավվածության   կարևորությունը։ Կանդրադառնանք  հոգեբանական և իրավաբանական հարցերի քննարկմանը։ Ֆորումի նպատակն է համախմբվել, միավորվել,  միասին պայքարել քաղցկեղի դեմ, հստակ տեղեկատվություն հասցնել մեր հասարակությանը, կոտրել կարծրատիպերը,  փորձել փարատել առասպելները  և ասել մարդկանց , որ քաղցկեղը դատավճիռ չէ, և կյանքն այսքանով չի ավարտվում։

-Դուք բավականին հաճախ եք շրջագայում, ո՞րն է Ձեր ամենասիրած վայրը։

-Իհարկե Եվրոպան սքանչելի է, բայց ամենից շատ սիրում եմ իմ ծննդավայր Վանաձորը, նրա անտառներից մեկի գողտրիկ անկյունը, որի հետ կապված են մանկությանս լավագույն հուշերը և…հոգիս մշտապես այնտեղ է:

— Ըստ Ձեզ,  ո՞րն է  Ձեր անձնական առաքելությունը , ինչպիսին է ապագայի տեսլականը՝  ընտանիք,  ճամփորդություններ, թե, ի վերջո, կարիերա։

-Միանշանակ ընտանիք, միանշանակ սիրելիներ, որոնց հետ անցկացրած  ամեն վայրկյանն անգին  է ինձ համար: Շատերն են իմ մեջ տեսնում աշխատանքի հավիտյան նվիրյալ, սակայն շատ քչերը գիտեն, որ ամենակարևորն ինձ համար մշտապես սիրելի մարդկանց հետ լինելն է:  Իսկ  գործունեության այն  ուղղությունը (այն  կարիերա չեմ կարող անվանել, քանի որ կարիերան  ինձ համար էական նշանակություն չունի ), որը կապված է պացիենտների, մարդկանց օգնելու հետ, շատ կարևոր է ինձ համար: Ընտանիքն ու ստանձնած առաքելությունը , կարծում եմ, տարբեր հարթակներ են ՝ իրարից անկախ, երբևէ իրար չխանգարող, սակայն որոշ դեպքերում միմյանց լրացնող:

-Երիտասարդ, գեղեցիկ, միշտ ժպտադեմ…. Ինչպիսի՞ն եք տանը, դրսում և , հատկապես, որպես ղեկավար ինչպիսի՞ն եք  հասարակական կազմակերպությունում։

-Երբ տանն եմ, սիրում եմ պատրաստել։ Գնահատում եմ ձեռքի աշխատանքը և ինքս երբեմն գեղեցիկ իրեր եմ պատրաստում։  Աշխատանքից և տանից դուրս ուրախ, սակայն սովորական մի աղջնակ եմ՝ ուրիշներից ոչնչով չտարբերվող։  Իսկ ՀԿ-ում, որտեղ հսկա  պատասխանատվություն է դրված ուսերիս, կողմնորոշվելու և որոշում կայացնելու ծանրբեռնվածություն… այդտեղ իսկապես բարդ է, սակայն ղեկավար չեմ, չեմ սիրում այդ բնորոշումը, պարզապես բոլորս  ընկերներ ենք և բոլորս մի կարևոր և երկար ճանապարհ պիտի անցնենք:

Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը

Հավանաբար ժպիտը, թեև այն վարպետորեն քողարկում է հոգու ներաշխարհը, սակայն գրեթե միշտ բացում է դռները: Անկեղծությունը, որ, սակայն, ամենակարևոր մարդկանց հետ ու ամենակարևոր պահերին երբեք չի ստացվում լիարժեք կիրառել: