Վերականգնելով լսողությունը

Արդեն շուրջ տասներկու տարի է Armenian International Medical Fund-ի նախագահ և բարերար Սալպի Ագարակյանի հովանու ներքո Հայաստանում կատարվում է լսողության խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասկաների կոխլեար իմպլանտացիա՝ խխունջային ներպատվաստում։ Փոխօգնության կենտրոնի նախագահ Ինեսսա Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ս․Ագարակյանի և վիրահատված երեխաների ծնողների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծնողներին հուզող բազմաթիվ հարցեր, ամփոփվեցին վերջին տարիների արդյունքները և քննարկվեցին հետագա աշխատանքները։
Այս տարի Էրեբունի Բժշկական կենտրոնում վիրահատվեցին ևս 7 չլսող երեխաները։
1478620597952

-Տիկին Ագարակյան, ե՞րբ ծնվեց Հայստանում այս ծրագիրը իրականացնելու գաղափարը։
-Հայաստանում ծրագիրն իրականացնելու գաղափարը ծնվեց 1999 թվականին։ Այն ժամանակ 1,5 տարեկան մի փոքրիկի բժշկական թղթեր ինձ ցույց տվեցին, և անհրաժաշտ էր այդ երեխային վիրահատել։ Սակայն Հայաստանի բժշկական կենտրոնները դեռ տեխնիկապես հագեցած չէին այս բարդ վիրահատությունը կատարելու համար։ Շատ դժվար էր ծրագիրը ստեղծել Հայաստանում, և նախապատրաստական աշխատանքները մի քանի տարի տևեցին։ 2003 թվականին մենք մի թիմ ստեղծեցինք, շրջեցինք բոլոր հիվանդանոցնեում և ընտրեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնը։ Քիթ-կոկորդ-այանջաբանական բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև սուրդոմանկավարժները վերապատրաստվեցին արտասահմանում, և Լոս Անջելեսի հայ համայնքի շնորհիվ որոշակի գումար հավաքելուց հետո 2004 թ․ առաջին անգամ Հայաստանում վիրահատվեցին առաջին 3 չլսող երեխաները։ Այսօր նրանք հասուն պատանիներ են։ Նրանք պարզ և մաքուր խոսք ունեն, անկաշկանդ շփվում են․․․հուզիչ է, իհարկե ․․․ուրախանում եմ շատ․․․
Ինչպե՞ս եք կարողանում հայթայթել գումարը։
-Դժվար է , իհարկե․․․սակայն բարի գործի համար մարդիկ պատրաստ են։ Ես , այսպես ասած, կամուրջն եմ՝ Հայաստանի և Լոս Անջելեսի հայ համայնքի միջև։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդիկ վստահում են ինձ և գիտեն, որ փոխանցած նույնիսկ հինգ դոլարը ծառայում է երեխաների վիրահատության համար։ Գումար փոխանցած մարդիկ ամենատարբեր խավի, կարգավիճակի և սոցիալական շերտի մարդիկ են, և ամեն լուման գնահատելի է, և արդյունքն ակնհայտ է։
Կան երեխաներ, որոնց (տարբեր պաճառներով ) վիրահատությունը չի օգնի։ Ինչպե՞ս եք վարվում այդ դեպքում։
-Քանի որ գումարը սահմանափակ է, և մենք մեզ չենք կարող է թույլ տալ ծախսել այն միայն մեր ցանկությամբ, փորձում ենք վիրահատել այն երեխաներին , որոնց արդյունքները դրական կլինեն։ Այստեղ կարևոր է ժամանակ չկորցնելը, քանի որ ժամանակ և գումար ծախսել անարդյունավետ վիրահատության վրա և անտեսելով այն երեխային, որը հաստատ կլսի վիրահատությունից հետո, հասկացեք, պարզապես չի կարելի։
Ինչպե՞ս եք կարողանում ճիշտ խոսքեր գտնել և ասել ծնողին, որ իր երեխային վիրահատությունը չի օգնի:
-Շատ դժվար է․․․այս պահին կա մի երեխա, որին վիրահատությունը չի օգնի․․․ Ճիշտ է , ծնողին վերջին հույսից զրկելը սխալ է, սակայն այսքան ջանք թափել այսքան գումար տրամադրել և արդյունք չստանալ․․․ կարծում եմ դա էլ է սխալ։ Բարդ է, բայց․․․ի՜նչ արած։
Ձեր նախաձեռնությամբ արդեն մոտ 100 երեխա է վիրահատվել այս տարիների ընթացքում, և բազմաթիվ ծնողներ երախտապարտ են Ձեզ և երջանիկ։
 Ես այսօր տեսնում իրենց երջանիկ աչքերը, հիշում եմ գրեթե բոլոր բալիկներին։ Այսօրվա հանդիպումը ևս մի ապացույց է , որ հայ ծնողը ուժեղ է և անսահման շնորհակալ։ Հայ մայրը պատրաստ ամենաբարդ ճանապարհը անցնել՝ իր երեխային առողջ և երջանիկ տեսնելու համար։ Եվ հավատացեք, եղել են նույնիսկ դեպքեր, երբ մենք պատրաստ ենք եղել երեխայի վիրահատության ամբողջ ծախսը վերցնել մեր ուսերին , սակայն ծնողը որոշակի գումար ունենալով չի թաքցրել այն, և ասել է, թե որքան է նրան պակասում։ Հայ ծնողը նաև հպարտ է։
Ուզում եմ անպայման նշել Փոխօգնության կենտրոնի նախագահ Ինեսսա Հարությունյանի և այստեղ աշխատող սուրդոմանկավարժների անգնահատելի աշխատանքի կարևորությունը։ Մեր համագործակցությունը շարունակական է և մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք միասին։