Որդուս «տարոսը» բոլոր երեխաներին

Բարեգործությունը հնագույն ժամանակներից ծնունդ առած մի երևույթ է, իսկ բարերար կամ բարեգործ լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ։ Չգիտես  ինչու` մեզ մոտ բարերար հասկացությունը ասոցացվում է Հայաստանից դուրս ապրող և այնտեղ կայացած մարդկանց հետ։  Առողջության Կամուրջ բարեգործական կազմակերպության հիմնադիր Անահիտ Բարսեղյանը գիտի, թե ինչ է մանկական քաղցկեղը  և այսօր  փորձում է մեղմացնել և կիսել այդ բարդագույն իրավիճակում հայտնված ծնողների և քաղկեղով հիվանդ երեխաների  ճանապարհը։

10599292_725659050841872_4562164258829953493_n
-Անահիտ, Դուք հասարակ մարդ եք՝ միջին վիճակագրական քաղաքացի,  ինչպե՞ս  եք հասցնուն օգնության ձեռք մեկնել, այն էլ՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին։
—  Տարեկան մոտ 100 երեխա հիվանդանում է տարբեր քաղցկեղային հիվանդություններով։ Թվում է , թե թիվն այդքան էլ մեծ չէ, սակայն այն զգալի գումարներ է պահանջում։ Եթե ունես ցանկություն, ապա կգտնես և՛ ժամանակ, և՛ միջոցներ ։ Այս օգնությունը տարբեր մարդկանց աջակցությամբ է կազմակերպվում ։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ սկսած ուսանողի նվիրաբերած  500 դրամից, ավարտած  մեծահարուրուստի (որն, ի դեպ, չի ցանկանա նշել իր անունը) մեծ ներդրումով, օգնության ենք հասել արդեն ութսուն երեխայի։ Բավականին մեծ է ապահովված մարդկանց օգնությունը, և տարիների ընթացքում տեսնում եմ, որ շատերն են ցանկանում մասնակցել երեխայի բուժման գործընթացին,   ցանկանում  են կարևոր գործ արած լինել իրենց կյանքում, չէ՞ որ  չկա ավելի թանկ ու կարևոր բան, քան մարդու կյանքը փրկելը՝ հատկապես եթե խոսքը երեխայի մասին է։
— Ինչպե՞ս եք ընտրում երեխաներին, ինչպե՞ս եք գնահատւմ դեպքի  հրատապությունը։
— Բժիշկի օգնությամբ։ Ամեն հիվանդություն ունի իր պրոտոկոլը, որտեղ հստակ նշանակվում է դեղորայքի խումբը, և դա հաստատելուց հետո  բժիշկն արդեն  գիտի, թե որ երեխային է պետք բուժել հրատապ։  Դեղեր կան, որոնք գրանցված չեն Հայաստանում , և ստիպված ենք գնել կրկնակի, եռաքի արժեքով։  Քանի որ շատ են մարդիկ , որոնք եկել են շրջաններից և անգամ  պատկերացում չունեն այդչափ գումարների մասին և , ընդհանրապես,  մոլորված են,  չգիտեն, թե ուր գնալ և ում դիմել, այստեղ բժիշկը սկսում է ակտիվացնել բոլոր տարբերակները, սեղմել բոլոր կոճակները, որպեսզի երեխան առաջին հերթին ստանա որակյալ բուժում։  Բժիշկները գիտեն, թե որ երեխային է պետք առաջնահերթ  օգնել։
-Ինչպես հասկանում եմ, Ձեզ բժիշկներն են դիմում։
— Հիմնականում դիմում են բժիշկները, սակայն մեր մասին շատերն արդեն  գիտեն, և արդեն բուժված երեխաների ծնողներն էլ միմյանց ինֆորմացիա փոխանցելով, դիմում են են  մեզ։ Բացի այդ, ունենք կայք և ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբերաբար տեղեկացնում ենք այս կամ այն դեպքի մանրամասները։
— Քանի՞ տարի է, որ օգնում եք քաղցկեղով հիվանդ երեխաներին ,  և որտեղից առաջացավ այդ միտքը։
— Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում չորս տարի առաջ։ Երբ բուժվեց իմ տղան, ես որոշեցի կիսել այս ճանապարհը ինձ նման  ծնողների հետ, որպեսզի օգնեմ նրանց։ Մասնագիտությամբ սոցիոլոգ եմ, և կյանքի բերումով ստացվեց այնպես, որ երկար տարիներ աշխատել եմ հիվանդանոցում, որպես կլինիկական սոցիալական աշխատող և ես գիտեմ, թե ինչի կարիք ունեն թե՜ բժիշկը, թե՜ հիվանդը ։ Սակայն, երբ գնում ես հիվանդանոց որպես պացիենտ, պատկերը բոլորովին այլ է։ Տղայիս բուժումը սկսել ենք այստեղ, սակայն ուռուցքը կրկնվեց և ինձ այլևս հույս չէին տալիս, և մենք բուժումը ստիպված եղանք շարունակել ԱՄՆ -ում։ Շատ արագ հավաքվեց գումարը։ Եթե գումարի որոշ մասը պակասեր, մենք պարզապես չէինք կարող սկսել բուժումն այնտեղ։
-Ինչպե՞ս կարողացաք հավաքել ԱՄՆ-ում բուժվելու համար գումարը։
— Մեզ շատ օգնեցին մեր ընկերները, գումարի ¼, որն իսկապես մեծ գումար եր, նվիրեց Վիվասելի տնօրեն Ռալֆ Իրիկյանը, և որոշակի բազա ունենալուց հետո մենք մի փոքր հանգիստ էինք։  Սակայն հետագայում պարզվեց, որ բուժումը առանց ամբողջական գումարը փոխանցելու  պարզապես չեն սկսի։ Մեզ սկսեցին օգնել մեր ընկերները՝ հանելով գումարներ իրենց բիզնեսներից, կամ պարզապես տալիս էին այն, ինչ ունեին․․․
Այսօր տղաս առողջ է ։ Այս տարի մեր վերջին հետազոտույուններն անցանք ԱՄՆ-ում․․․
Ամենակարևորն այս աշխատանքի մեջ չուշացնելն է, քանի որ կան երեխաներ, որոնք պարզապես ժամանակ չունեն սպասելու։ Եթե այդ գումարը անհրաժեշտ է վաղը, ուրեմն պետք է հասցնել այն։ Հարկավոր է ունենալ որոշակի ռեսուրս, որպեսզի միշտ պատրաստ լինես, քանի որ ցանկացած պահին բժիշկին  կարող դեղորայք անհրաժեշտ լինել։ Եվ մենք պիտի հասցնենք այդ դեղորայքը։
Այսպես՝ ունենալով որոշակի գումար, որը հավաքվել էր որդուս բուժման համար և որի անհրաժեշտությունն այլևս չկար, ես որոշեցի նվիրաբերել այն հիվանդ երեխաներին՝ ստեղծելով «Առողջության Կամուրջ» հիմնադրամը։ Հետագայում ԱՄՆ-ում բացվեց  Bridge of Health հիմնադրամը, որը կապող օղակ է Հայստանի և ԱՄՆ-ի միջև , և որի միջոցով գումար ենք հավաքում Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների համար։ Երեխաների քանակը բավականին մեծ է բոլոր կլինիկաներում, և մենք փորձում ենք հնարավորինս շատ  օգտակար լինել իրենց։ Այդ օգնությունը ոչ միայն ֆինանսական է, այլ նաև  հոգեբանական, քանի որ,  թե նվեր, թե հագուստ տանելիս, թե ջերմ վերաբերմունքից , և թե հիվանդանոցներում բարեգործական համերգներ կազմակերպելիս, տեսնում ենք երեխաների ուրախությունն ու երջանկությունը։
 -Ակնհայտ է, որ հիմնադրամներն այսօր շատ բարդությունների են բախվում։ Ի՞նչ խոչընդոտների առաջ եք կանգնել Դուք։
-Խոչընդոտներ կան ամեն ոլորտում՝ դրանք ժամանակավոր են կամ լուծելի, սակայն ես չեմ հասկանում, թե ինչու չեն գրանցում անհրաժեշտ դեղորայքը։ Իրականում, Հայաստանում չկա այդպիսի մի ընտանիք, որտեղ չի եղել քաղցկեղով հիվանդ։ Գուցե շուկան փոքր է, գուցե ձեռնտու չէ այդ պրեպարատների գրանցումը կոմերցիոն տեսանկյունից, սակայն այդ դեղորայքն իսկապես անհրաժեշտ է․ սա է , թերևս ամենամեծ խոչընդոտը։   Կարծում եմ, սա անբարեխիղճ  աշխատանքի հետևանք է, չէ՞  որ «դարի չարիքը» ցանկացած մեկին կարող է հյուրընկալել ․․․
-Եղե՞լ  են դեպքեր, երբ  պարզապես չեք հասցրել օգնել։
-Երբ նոր էի բացել հիմնադրամը, և գումարը շատ քիչ էր, բժիշկներին խնդրում էի, որ միայն լավ պրոգնոզով երեխաներին տրամադրենք գումարը։ Չափազանց նուրբ հարց է, բայց  ինձ համար շատ կարևոր էր,  որ իմ և գումար տրամադրած մարդկանց ջանքերը  ապարդյուն չլինեին։ Հետագայում, երբ Ամերիկայի խումբը միացավ մեզ, ես ավելի ազատ էի գումարի հարցում։ Այսօր պատկերն այլ է՝ մենք նույնիսկ հոգում ենք մարդկանց սննդի և հագուստի կարիքները․ հեռավոր գյուղերից եկած մարդիկ, հավատացեք, նույնիսկ սննդի և տրանսպորտի  գումար չունեն, էլ ի՞նչ դեղորայքի մասին կարող է լինել խոսքը։
Եղե՞ լ  են պահեր, երբ հուսահատվել եք և չեք ցանկացել շարունակել այս գործը։
-Ոչ, միանշանակ՝ ոչ։ Մենք պատրաստ ենք օգնել բոլորին, իսկապես բոլորին, սակայն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է արտասահման ուղարկել՝ տրանսպլանտացիա կամ վիրահատություն կատարելու համար, իսկ մենք այդպիսի մեծ գումար չենք ունենում։ Սակայն մի դեպք է եղել, որն այստեղ անհնար էր բուժումն իրականացնելը,  երբ տեսա այդ աղջնակին՝ կապույտ աչքերով և դեղին վարսերով հրեշտակին․․․պարզապես չկարողացա կողքով անտարբեր անցնել։ Գիտեք, տղայիս դեպքից հետո  այս ամենին վերաբերվում եմ որպես աշխատանքի, և հիմնականում շփվում եմ ծնողների հետ, որպեսզի բացառեմ էմոցիոնալ դաշտը։ Բայց այդ աղջնակը․․․ Մաշկի քաղցկեղ էր նրա մոտ, և հարկավոր էր ուղարկել արտասահման։ Մենք օգնեցինք իրեն։ Տոմսերը գնեցինք, ԱՄՆ-ում միացան մեր ընկերները, օգնեցին թե՜ գումարով, թե ՜ կացարան տրամադրելով։ Այսօր նա չորս տարեկան է  և մանկապարտեզ է հաճախում։
Փորձությունն հենց այնպես չի գալիս․․․ երևի թե ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է ընթանում․․․ և երբ բախվում ես հիվանդության հետ դեմ առ դեմ, հասկանում ես, որ կյանքին պետք է այլ աչքով նայես, եզրակացություններ անես։ Ես հասկացա, որ այս ամենն ինձ հնարավորություն տվեց փրկել  շատ երեխաների կյանքերը։ Գուցե սա տղայիս  «տարոսն» է․․․որովհետև իր համար հավաքված գումարը սկսեց փոխանցվել ուրիշ երեխաներին։