432 մարդ մասնակցել է հետազոտությանը

Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ։

Նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 19-ից 24-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ջանքերով, համագործակցելով ոլորտում աշատանքներ իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ, անցկացվել են հանրային միջոցառումներ հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացնելու, հետազոտվելը խրախուսելու նպատակով:

technician placing blood tubes in the laboratory centrifuge

technician placing blood tubes in the laboratory centrifuge

Եվրոպական շաբաթվա ընթացքում 432 մարդ օգտվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորությունից և ընդամենը 15-20 րոպեում իմացել իր կարգավիճակի մասին:

Նշենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ դրական կարգավիճակի մասին վաղ տեղեկանալը հնարավորություն է տալիս մարդուն հետևելու իր առողջությանը, ժամանակին դիմելու բուժման և խնամքի ծառայություններ, անհրաժեշտության դեպքում ստանալու բուժում և կանխելու վարակի փոխանցումն ուրիշներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանին նվիրաբերվել է երկրորդ շարժական բուժաշտորոշիչ կլինիկան, ինչի շնորհիվ ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններն ավելի հասանելի են դարձել հեռավոր մարզերի  գյուղական համայնքներում և փոքր քաղաքներում:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն կարելի է անցնել նաև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին, Հյուսիսային պողոտայում՝ սկսած ժ.15:00-ից: