Երբ ցավում է մեջքը

Իմ մեջքը ցավում է: Այս չափազանց ընդգրկուն արտահայտությունը կարելի է լսել ցանկացած տարիքի, ցանկացած սեռի և սոցիալական խմբի ներկայացուցչից:

Ողնաշարը մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը: Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանկան ֆունկցիա ողնուղեղի ու հնարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40 %-ը։

back

Թիկունքում ի հայտ եկած ցավի պատճառների մեջ հաճախ հանդիպողն օստեոխոնդրոզն է: Օստեոխոնդրոզը ողնաշարի ոսկրերի և միջողնային աճառային սկավառակների առաձգականության և դիմացկունության կորստի հետևանքով առաջացած վիճակն է: Փոփոխված սկավառակներով ողների միացման հատվածներում առաջանում են ոսկրային գերաճումներ` օստեոֆիտներ: Այդ ելուստները ֆիզիկական բեռնվածության ժամանակ սկավառակների հետ միասին տեղափոխվում են միջողնային անցքերի լուսանցքի մեջ, ճնշում են այդտեղով անցնող նյարդարմատները և ցավ են առաջացնում:

Հաջախ օստեոխոնդրոզի ժամանակ նման տեղափոխություն լինում է մարմնի, գլխի կտրուկ շարժումների, մեջքի մկանների կծկանքի, ասենք վնասվածքի հետևանքով, մարմնի սառեցման, օրինակ` սառը ջրում երկարատև մնալիս, խոնավ գետնին նստելիս, թունավորումների և այլ դեպքերում:
Շատ տարածված է գոտկատեղի հատվածի հիվանդության այնպիսի մի սուր ձև, ինչպիսին լյումբագոն է: Մեջքի ցավերն այնքան ուժգին են լինում, որ առանց բուժման հնարավոր չէ, որ դրանք անցնեն: Անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը, առաջին օրերին անհրաժեշտ է անկողնում մնալ: Անկողինը պետք է լինի կոշտ:

Թիկունքում ցավերի ի հայտ գալու դեպքում չպետք է մոռանալ ամենագլխավորը` բուժումն սկսելուց առաջ նախ խորհրդակցել բժշկի հետ: Հիվանդագին գործընթացների ախտորոշումը հաճախ դժվար է նույնիսկ մասնագետների համար: Երբեմն խորհուրդ է տրվում կատարել լրացուցիչ հետազոտություն:
Երբ հիվանդության սուր շրջանն անցնում է, սովորաբար նշանակում են մերսում, մանուալ թերապիա կամ բուժական ֆիզկուլտուրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարժությունների երկու համալիր, որոնք խորհուրդ է տրվում կատարել միայն հիվանդության քրոնիկական ձևերի դեպքում և այն ժամանակ, երբ սուր ցավերը մեղմել են:

Բավական հաճախ է մեջքի շրջանում ցավերի պատճառը ողնաշարի ճողվածքը լինում:  Դրա առաջացման հիմնական պատճառը միջողնային նյութափոխանակության խանգարումն է: Գենետիկական նախատրամադրվածության  ու տարիքային կազմափոխության հետևանքով նվազում է ջրի թափանցումը միջողնային սկավառակի միջուկ: Սովորական օստեոխոնդրոզը  այս հիվանդության առաջացման հավանականությունը  մեծացնում է 10 անգամ: Ողնաշարային, միջողնային ճողվածքը վնասված սկավառակի տեղախախտումն է , սահմանից դուրս գալը, ինչի հետևանքով ճզմվում է նյարդը` առաջացնելով անտանելի ցավ: Այս կամ այն աստիճանի ողնաշարային ճողվածքով տառապում է ողջ բնակչության  1/4-ը: Այս հիվանդության հետևանքով  խաթարվում է ողնաշարի շարժունությունը, երբեմն հիվանդության զարգացման պատճառ են դառնում վնասվածքներն ու վարակները:

Հիվանդը գրեթե միշտ բողոքում է մեջքի ցավից: Հիմնականում այն առաջանում է դեռևս պատանեկան տարիքից սկսած.   հիվանդը բողոքում է չափավոր ֆիզիկական ծանրությունից, աշխատասեղանի մոտ կամ անկողնում` անհարմար դիրքից:

Նստանյարդաբորբը՝ իշիաս ևս ամենահաճախ հանդիպող հիվանդությունների շարքում է   Այս հիվանդության պատճառները սուր և քրոնիկական վարակիչ հիվանդությունները, թունավորումները, վնասվածքներ են։

Լինում է՝

  • առաջնային, նյարդի վրա վնասակար գործոնների (մրսածություն, վարակ) անմիջական ազդեցությունից,
  • երկրորդային, նյարդը շրջապատող օրգանների ախտահարումից։

Հիվանդության հիմնական ախտանշանը նստատեղի տարբեր բնույթի և տևողության ցավերն են:

Մասնագետները կարծում են, որ ողնաշարի հատվածում նկատվող ցավերի մեծամանությունը  ոչ միայն  նյարդաբանական, այլ նաև՝   հոգեբանական հիմք ունեն: Բավական հաճախ են մարդիկ նյարդային ու տևական անհանգիստ վիճակներից, սթրեսներից հետո ունենում նաև մեջքի ցավեր:

Պետք է նշել, որ ողնաշարային ու մեջքի ցավերը մեծապես ազդում են մարդու աշխատունակության, տեղաշարժման, հետևաբար և ամբողջ կյանքի որակի վրա: Հետևաբար դրանք լրջագույն ուսումնասիրության և բուժման կարիք ունեն:

Հիվանդության հիմնական բուժումը սկսվում է տևական ու հիմնային ախտորոշումից: Պետք է հանգամանորեն անամնեզ՝ հիվանդության պատմութոյւն հավաքել, որոշել հնարավոր հիվանդությունը: Այնուհետև գալիս է գործիքային հետազոտությունների դիմելու ժամանակը:

Երբ արդեն հայտնի է հիվանդության հստակ ախտորոշումը, սկսվում է բուժումը:

Հատկանշական է, որ բժշկությունն այս պարագայում դիմում է ոչ թե ցավային համախտանիշը մեղմելու, այլև դրա պատճառները բուժելու հնարքին:

Իհարկե, նշանակվում են նաև ցավազրկող դեղամիջոցներ:

Երբեմն ողնաշարային ցավերի բուժման հնարավոր միակ տարբերակը վիրահատական միջամտութոյւնն է լինում:

Թե վիրահատական թե կոնսերվատիվ բուժումների դեպքում բավական մեծ նաշանակութոյւն է տրվում կինեզիոթերապևտիկ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներին:

Մասնագետները միաբերան փաստում են, որ ողնաշարային ամենատարբեր հիվանդությունների բուժման կարևորագույն նախապայմանը առողջ և չափավոր ծանրաբեռնված կենսակերպն է: Այս հարցում նույնքան կարևոր է ինչպես շարժուն կյանք վարելը, սպրոտով զբաղվելը, այնպես էլ ճիշտ սննդակարգի որդեգրումը: Միայն այսպիսով է հնարավոր ապահովել մկանակապանային, մկանաոկրային համակարգի պատշաճ սնուցումն ու զարգացումը: