Ի՞նչ է թրոմբոէմբոլիան և ի՞նչ հետևանքներ ունի այն

Մեր կենսագործունեությունն ապահովող կարևորագույն համակարգը անոթայինն է: Եթե պատշաճ չէ այս համակարգի ֆունկցիան, կարող են ի հայտ գալ  ֆիզիոլոգիական այնպիսի վիճակներ, որոնք կսպառնան բոլոր օրգան-համակարգերի գործունեությանը: Նմանատիպ հիմնախնդիր է թրոմբոէմբոլիան:  Այն կարող է սպառնալ մարդկանց՝ անկախ տարիքից: Սա մի հիվանդագին վիճակ է, որը, ոչ մասնագիտական աջակցության պայմաններում, կարող է ճակատագրական դառնալ:

Թրոմբոէմբոլիան արյունատար անոթի խցանումն է թրոմբով, որը ինչ-ինչ պատճառներով անջատվել է անոթի ամբողջականությունից և ընկել է արյան ընդհանուր հուն:

dt_140403_blood_clot_800x600

Վիճակագրական տվյալները փաստում են, որ այս հիվանդագին վիճակին հակված են կանայք՝ վերարտադրողական տարիքում, ինչպես նաև տարբեր անոթային և այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողները միջինից բարձր տարիքում: Տղամարդկանց պարագայում մատնանշվում է 55-ից բարձր տարիքը: Եթե կանանց պարագայում հորմոնալ տեղաշարժերն են թրոմբի գոյացման հիմնական պատճառը, ապա տղամարդկանց հիվանդացությունը պայմանավորվում է մեծամասամբ անառողջ կենսակերպով, հատկապես՝ ալկոհոլի և ծխախոտի չարաշահմամբ:

Թրոմբոէմբոլիան անոթների էմբոլիայի ամենահաճախ հանդիպող տեսակն է: Այս վիճակին, որպես կանոն, նախորդում են թրոմբոզը, թրոմբոֆլեբիտը, աորտայի անևրիզմը, վասկուլիտը, աթերոսկլերոզը և այլ հիվանդություններ, հորմոնային ֆոնի հաճախակի փոփոխությունները, արյան հոսքի դանդաղումն ամենատարբեր պատճառներով:

Վիճակագրությունը փաստում է, որ ամենից հաճախ թրոմբային գոյացություններ ի հայտ են գալիս արյան մեծ հոսքում, ինչն էլ մեծագույն ռիսկ է թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի զարգացման համար:

Գլխուղեղային անոթների  թրոմբոէմբոլիան արտահայտվում է իշեմիկ կաթվածի առաջացմամբ: Այս պարագայում ի հայտ է գալիս ողնուղեղի անոթների կաթված՝ զգայունության կորստի կամ կաթվածի տեսքով, վնասվում են նաև երիկամների, փայծաղի, լյարդի  անոթները, դառնում այդ օրգանների ինֆարկտի պատճառ:

Մագիստրալ անոթների սուր անանցանելիությունը  բնորոշվում է սրտի զարկերի նվազմամբ և բացակայությամբ, ջերմաստիճանի նվազմամբ, սուր ցավերով, վերջույթների վնասմամբ ու շարժունակության անկմամբ: Թրոմբոէմբոլիան արտահայտվում է իշեմիկ հյուսվածքների այտուցով: Բավական հաճախ թրոմբոէմբոլիան է գանգրենայի առաջացման հիմնական պատճառը:

 

Սրտային անբավարարության, ինչպես նաև սրտի հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացման հարցում մեծ դերակատարում ունի թրոմբոէմբոլիան:

Թոքային զարկեերակի թրոմբոէմբոլիան թոքերի զարկերակային հունի հանկարծակի խցանումն է թրոմբով, որն առաջանում է երակային ցանցում, աջ փորոքում,   կամ աջ նախասրտում, կամ էլ այլ նյութով, որը թափանցել է թոքային անոթային համակարգ: Որպես կանոն, այն կազմված է ճորպի, ոսկրածուծի մնացուկներից, ուռուցքային բջիջներից: Արդյունքում դադարում է թոքային հյուսվածքի արնամատակարարումը:  Թոքային էմբոլի ամենահաճախակի պատճառներն են՝ ստորին վերջույթների խորանիստ երակների, աջ նախասրտի կամ փորոքի թրոմբերը։ Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի զարգացման հիմնական պատճառն է։ Ամենավտանգավոր տեղակայումը ստորին սիներակի ավազանն է։ Համեմատաբար հազվադեպ պատճառ է սրտի աջ հատվածների թրոմբը: Այս թրոմբները վտանգավոր են նաև այն պատճառով, որ դրանք սովորաբար կլինիկորեն չեն արտահայտվում։ Թրոմբները, որոնք ամբողջովին խցանում են երակը, հազվադեպ են հանդիսանում թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի պատճառ։

Թրոմբոէմբոլիկ վիճակի պարագայում, երբ ախտահարվում է թոքային հյուսվածքը, հիվանդները նշում են ցավ կրծքավանդակում, արյունախխում, հևոց, տախիկարդիա, թաց խզզոցներ, մարմնի ջերմության բարձրացում։ Ցավերը ի հայտ են գալիս զարգացումից 2-3 օրը, պայմանավորված են ռեակտիվ պլևրիտով, հեղուկի կուտակման դեպքում ցավերը մեղմանում են կամ անհետանում, եթե ներգրավվում է ստոծանեական պլևրան՝ կարող է նկատվել սուր որովայնի համախտանիշ։

Կարևոր է հիշել, որ թրոմբոէմբոլիան ոչ թե հիվանդություն, այլ հիվանդագին վիճակ է, որը կարող է ախտահարել բոլոր օրգան-համակարգերը: Միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ այն մեկ օրում չի առաջանում: Բավական հաճախ այն հնարավոր է լինում կանխարգելել՝ ժամանակին վերացնելով և բուժելով առկա հիվանդությունները: Սա կանխարգելման լավագույն հնարավորությունն է:

Հատկապես հղիության ընթացքում թրոմբի նկատմամբ հակվածություն ունեցող կանայք պետք է կրեն հատուկ զուգագուլպաներ, որոնք ապահովում են աստիճանական ճնշում և կարող են բարելավել արյան հոսքը: Հակառակ պարագայում զարգացումներն անխուսափելի են:

Թրոմբոէմբոլիայի ախտորոշման նկատառումներով իրականացվում են մի շարք հետազոտություններ, այդ թվում լաբորատոր փորձաքննություններ: Սակայն վերջնական ախտորոշումը սահմանվումէ  համակարգչային շերտագրման արդյունքների հիման վրա:

Բավական հաճախ թրոմբոէմբոլիայի բարդությունները հոսպիտալացման, ավելին վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ թերապիա կազմակերպելու պատճառ են:

Մինչև ինտենսիվ թերապիայի սահմանումը, թրոմբոէմբոլիկ վիճակը կարող է շտկվել դեղորայքային միջամտությամբ:

Դեղորայքային բուժումը շարունակվում է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքից դուս գրվելու պարագայում:

Շատ դեպքերում բուժումը վիրահատական է: Յուրաքանչյուր օրգան-համակարգի թրոմբոէմբոլիա ունի իր բուժման առանձնահատկութոյւնները: Որոշները պարզապես չեն կարող բուժվել առանց վիրահատման:

 

Մասնագետները համոզված են, որ թրոմբոէմբոլիայի առաջացման հարցում մեծ է մարդու վարած կենսակերպի նշանակությունը: Այս առումով կարևորվում է առողջ ապրելակերպի սահմանումը: Վիճակագրական տվյալները փաստում են, որ առողջ կենսակերպ վարողների մոտ հիվանդագին վիճակի հայտնաբերման հավանականությունը կրկնակի անգամ քիչ է: Ի հակակշիռ դրա՝ այն մարդիկ, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում, ունեն սննդային անառողջ սովորություններ՝ սննդակարգում մեծ տեղ են հատկացնում մասնավորապես աղի  ուտելիքներին, տապակած սննդամթերքը գերադասում են շոգեխաշածին, ավելի հաճախ են հակված թրոմբի և հետևաբար թրոմբոէմբոլիկ բարդությունների:

Ժամանակակից բժշկագիտությունը նորանոր մոտեցումներ է սահմանում հիվանդությունն ու իր բարդությունները ժամանակին ախտորոշելու, հնարավորինս հեշտ բուժում ապահովելու ուղղությամբ: Սակայն աշխարհի տարբեր ծայրերում բժիշկները շարունակում են մեծագույն նշանակություն տալ կանխարգելիչ գործողություններին: