Կանխելով սեռավարակները

Տարբեր բարդության վարակիչ հիվանդությունները մշտապես ուղեկցում են մարդկությանը` ժամանակ առ ժամանակ սպառնալով հասարակության լայն շրջանակներին: Որպես կանոն, դրանք վնասակար են և հարվածում են ոչ միայն կյանքի որակին, այլ իրենց ազդեցությունն են ունենում գենետիկ մակարդակում: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունները այդ թվում են:

romantic-couple-watching-each-other (1)
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից ապահովագրված չէ և ոչ ոք:

Սեռավարակներ համարվում են այն հիվանդությունները, որոնք մեկ մարդուց մյուսին են փոխանցվում հիմնականում սեռական ճանապարհով: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է ինֆեկցված արյան հետ շփումից կամ ուղղահայաց ճանապարհով մորից պտղին:
Սեռավարակները հանդիսանում են հասարակական առողջապահության համար շատ կարևոր խնդիր: Բուժաշխատողները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սեռավարակներին դեռահասների մոտ, որովհետև դեռահասները բախվում են սեռավարակներով վարակման առավել բարձր վտանգի:
Մասնագետների կարծիքով, դեռահասների մոտ հետևանքներն ավելի լուրջ են, քան մեծահասակների մոտ, քանի որ դրանք կարող են իրենց անմիջական ազդեցությունն ունենալ ողջ կյանքի ընթացքում` դառնալով լրջագույն վտանգ մարդու վերարտադրողականության համար:

Չորս ամենատարածված սեռավարակներն են` խլամիդիոզը, հոնորեան, սիֆիլիսը և տրիխոմոնոզը:
Մասնագիտական դիտարկումների համաձայն, սեռավարակները հայտնաբերվում են բավական ուշ: Դա ունի ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալական մի շարք պատճառներ: Հատկապես այն մարդկանց պարագայում, ովքեր անկանոն սեռական կյանքով են ապրում, հաճախ չեն գիտակցում և չեն ուզում ընդունել իրենց վարակված լինելու հնարավորությունը: Այնուամենայնիվ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի ախտանշանների առկայությանը` հնարավորինս վաղ հայտնաբերելու հիվանդացությունը: Կանանց պարագայում հեշտոցային, տղամարդկանց պարագայում միզուկից արտադրությունը, սեռական օրգանների հատվածում խոցերը, որովայնի ստորին հատվածում ցավերը կամ աճուկային ավշային գեղձերի մեծացումը կարող են որևէ սեռավարակի ախտանշանը լինել:

Նշված սեռավարակներն արդյունավետ ենթարկվում են կանխարգելման և բուժման` անհրաժեշտ հակաբիոտիկների և ստանդարտացված բուժման ուղեցույցների օգտագործման դեպքում:
Սեռական հարաբերությունների սկզբում հաճախ չեն բավարարում անհրաժեշտ գիտելիքներ վերարտադրողական և սեռականառողջության հարցերի վերաբերյալ:
Հատկանշական է, որ սեռավարակներն ունեն իրենց բարդությունները: Արգանդի վզիկի նորագոյացությունները, արգանդի վզիկի քաղցկեղը, արտահայտվում է ավելի մեծ տարիքում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ հիվանդության զարգացման վտանգը երկու անգամ մեծանում է, եթե կինը սեռական կյանքով սկսել է ապրել վաղ դեռահասային շրջանում և ունեցել է երկուսից ավել թվով զուգընկերներ:

Բացի սեռավարակներով վարակվելու բարձր վտանգից, որպես անպաշտպան սեռական հարաբերությունների արդյունք, աճում է վերարտադրողական առողջության այլ խնդիրների ռիսկը, այդ թվում անցանկալի հղիությունը և վաղ տարիքում անապահով արհեստական վիժումները:

Դեռահասային շրջանում տարած սեռավարակները թողնում են ավելի լուրջ հետևանքներ, քան ավելի մեծ տարիքում: Դեռահասների մոտ սեռավարակների հետևանքները բազմաթիվ են`
— փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ և անպտղություն,
— արգանդի վզիկի դիսպլազիա կամ քաղցկեղ, դեռահասային տարիքում վարակումը մարդու պապիլոմայի վիրուսով, որը հաճախացնում է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը,
— երրորդային սիֆիլիս, երկարատև չբուժված դեպքերում ախտահարվում են սիրտը և գլխուղեղը,
— սեռավարակների հետ կապված ամոթի և նվաստացած լինելու զգացումը կարող են բացասաբար անդրադառնալ դեռահասի հոգեբանական զարգացման և հետագայում սեռական կյանքի վրա:
Մարդու իմունային անբավարարության վիրուսը մեկն է ամենատարածված սեռավարակներից: Դրա նկատմամբ հետազոտումը առաջին անգամ ներկայացվել է 1985 թվականին որպես մի միջոց, որով արյան մեջ ստուգվում է HTLV-3-ի` հետագայում ՄԻԱՎ-ի առկայությունը: ՄԻԱՎ-ի թեստը սահմանվում է որպես անձի շիճուկի ստուգման գործողություն` ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար (կամ ՄԻԱՎ հակածին/ՄԻԱՎ-ՌՆԹ). այն առաջարկում է բուժաշխատողը, կատարվում է անձի ցանկությամբ, իրականացվում է հատուկ հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին օրենքով նախատեսված դեպքերում:
ՄԻԱՎ հետազոտման կարևորագույն հանգամանքն է գաղտնիությունը և խորհրդատվությունը:

Սեռավարակները հիվանդութոյւններն են, որոնք արմատական բուժում են ենթադրում: Հատկանշական է որ յուրաքանչյուր տիպի սեռավարակ ենթադրում է առանձնահատուկ բուժման կուրս: Կարևորագույն նախապայմանը հստակ ախտորոշումն է:
Նախնական ախտորոշում սահմանվում է առկա գանգատների, ինչպես նաև արտաքին նշանների հիման վրա: Այնուհետև իրականացվում է լաբորատոր քննություն: Արյան լաբորատոր փորձաքննությամբ պարզվում է վարակի տեսակը:
Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև գործիքային հետազոտութոյւն: Այսպիսով պարզվում է, թե ինչ հետևանքներ է ունեցել սեռավարակը ընդհանրապես մարդու առողջության վրա:
Այնուհետև իրականացվում է բուժումը:
Հատկանշական է, որ սեռավարակները մեծամասամբ ենթարկվում են կանխարգելման: Այս գործընթացը բավական պարզունակ մեխանիզմ է: Ենթադրվում է անձնականհիգիենայի բարձր աստիճան, ինչպես նաև առողջ սեռական կյանքի սկզբունքների անվերապա կիրառում: