Շագանակագեղձի քաղցկեղ

Ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդությունների աճ է արձանագրվում: Ժամանակակից կենսակերպն ու կենսական սովորությունները, մեր օրերին բնորոշ սթրեսների առատությունը, էկոլոգիական աղետներն ու էլի հազար ու մի պատճառ լայն հնարավորություններ են ստեղծում օնկոլոգիական ամենատարբեր հիվանդությունների զարգացման համար: Իսկ անընդհատ զարգացող բժշկագիտական տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում դրանց հայտնաբերման, նաև բուժման ու կառավարման համար:

file_364_683363

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման ինչ ժամանակակից մեթոդներ գոյություն ունեն պարզեցինք զրուցելով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Վարուժան Հայկի Շահսուվարյանի հետ:

 

-Բժիշկ Շահսուվարյան, ի՞նչ է  շագանակագեղձի քաղցկեղը:

-Քաղցկեղը ընդհանրապես բջիջների բազմացման պլանավորման կորուստն է, այսինքն մի երևույթ, երբ սկսվում է բջիջների և առաջին հերթին չհասունացած բջիջների անկառավարելի բազմացում:

-Որո՞նք են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները:

-Վերջնական հիմնավոր պատճառները  դեռևս հայտնի  չեն, սակայն առանձնացնենք առավել ուսումնասիրվածները

  1. Շրջապատող միջավայր. օրինակ ճապոնացիների մոտ այս քաղկեղը հանդիպում է մի քանի անգամ ավելի, քիչ քան ամերիկացիների մոտ. եթե ճապոնացին արտագաղթում է ԱՄՆ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մի քանի տարուց հավասարվում է ամերիկացի բնակչին:
  2. Գենետիկական նախատրամադրվածություն. եթե ընտանիքում եղել է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ, ապա մոտ ազգականների մոտ այդ հիվանդության հավանականությունը բարձրանում է երկու անգամ:
  3. Սնունդը. կենդանական ճարպի չափավոր և բուսական սննդամթերքի բավարար քանակի օգտագործումը իջեցնում է հիվանդության առաջացման հավանականությունը:

img_4470

Շագանակագեղձի քաղցկեղը լայն տարածում ունի զարգացած երկրներում: Հյուսիսային Եվրոպայի երկրներում և Ամերիկյան մայրցամաքում վերջին տարիներին այս հիվանդության աճ է արձանագրվել: Դրա պատճառները մի քանիսն են: Նախ նորագույն տեխնոլոգիաների ներդրումները, օնկոմարկերների լայն կիրառությունը և որոշ երկրներում նաև սքրինինգային ծրագրերի կիրառությունը բերել են հիվանդության ավելի մեծ հայտնաբերելիության, ինչով էլ պայմանավորված վերջին 15-20 տարիների ընթացքում նկատվում է շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության աճ:

-Որո՞նք են շականակագեղի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները:

-Առաջին  ռիսկի գործոնը տարիքն է՝ 50-55 տարեկան, ընդ որում զարգացման երկրներում կյանքի տևողությունը ավելի երկար է և հետևաբար հիվանդացության մակարդակը ավելի բարձր: Հաջորդ ռիսկի գործոնը էթնիկ պատկանելիությունն է՝ Ամերիկյան մայրցամաքում հիվանդացության մակարդակը շատ ավելի բարձր է, քան օրինակ Ճապոնիայում: Սրա պատճառը ապրելակերպն է, սնունդը, ալկոհոլի չարաշահումը և խրոնիկ բորբոքումները: Երրորդ ռիսկի գործոնը ժառանգական նախատրամադրվածությունն է:

-Ինչպիսի՞ն է հայաստանյան վիճակագրությունը:

-2015 թականի տվյալներով Հայաստանում հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղի 330-ից ավելի նոր դեպք: Եթե այս թիվը համեմատենք 10-ը տարի առաջ ունեցած տվյալների հետ, ապա կհասկանանք որ հիվանդների թիվը աճել է 40%-ով: Սրա պատճառներից մեկը համաշխարհային մակարդակով բոլոր չարորակ ուռուցքների աճն է 2-2,5 %-ով, բայց ավելի շատ այստեղ դեր ունի հետազոտությունների կատարելագործումը, դրանց կիրառումը ինչպես մայրաքաղաքում այնպես էլ մարզերում, ինչը իհարկե բերել է հիվանդության դեպքերի վաղ բացահայտման թվի աճին:

-Շագանակագեղձի քաղցկեղը համարվում է արագ զարգացող հիվանդություն, թե՝ ոչ:

-Քաղցկեղի բոլոր տեսակները, իրենց հյուսվածաբանական հետազոտությունից ելնելով, կարելի է պայմանականորեն բաժանել արագ, միջին արագությամբ  և դանդաղ զարգացողների: Ի՞նչն է հետաքրքրական շագանակագեղձի դեպքում: Այս հիվանդությունը հորմոն կախյալ ուռուցք է համարվում, այսինքն տղամարդու արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի, անմիջական ազդեցությամբ ուռուցքային բջիջների բուռն աճ և տարածում է տեղի ունենում ինչպես շագանակագեղձի հյուսվածքի ներսում, այնպես էլ այլ օրգաններում:

-Որո՞նք են շագանակագեղձի քաղցկեղի ախտանշանները, և ո՞ր փուլերում են դրանք ի հայտ գալիս:

-Հաճախամիզություն, դժվարամիզություն, գիշերային հաճախամիզություն, արյան հետքեր սերմի և մեզի մեջ: Մետաստատիկ ախտահարումների պարագայում բացի նշված ախտանշաններից մենք ունենում ենք նաև այլ գանգատներ: Գանգատները կախված են նրանից, թե որ օրգանում են տեղակայված մետաստատիկ ախտահարումները:

-Ո՞ր օրգաններում են առաջին հերթին առաջանում մետաստազներ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ:

-Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում կոնքի լիմֆատիկ հանգույցների, ոսկրային համակարգի ախտահարումը  առաջին տեղում է, չնայած չեն բացառվում թոքերի, լյարդի ախտահարումները  և այլն: Նաև հաճախ լինում է ողնաշարի ոսկրերի մետաստատիկ ախտահարում, որը բերում է ստորին վերջույթների և կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումների և կարող  է ուղեկցվել արտահայտված ցավային համախտանիշով:

-Ինչպե՞ս է ախտորոշվում շագանակագեղձը:

-Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության, շագանակագեղձի քաղցկեղի շատ սպեցեֆիկ օնկոմարկերի որոշմամբ, որը կոչվում է պրոստատ սպեցիֆիկ անտիգեն: Դրա թույլատրելի սամաններն են մինչև 4 նանոգրամ/միլիլիտր, որոշակի դեպքերում տարիքի հետ կապված թվերը կարող են հասնել 6-6,5-ի: Դրանից ավելի բարձր ցուցանիշ ունենալու դեպքում, հակաբորբոքային բուժումից հետո, եթե թիվը չի նվազում, անհրաժեշտ է կատարել շագանակագեղձի ներուղիղաղիքային (տրանսռեկտալ) բիոպսիա: Այսինքն, ուլտրաձայնային հսկողության տակ այն թույլ է տալիս ստանալ հյուսվածք՝ թիրախային օջախներից: Ստացված հյուսվածքի հյուսվածքաբանական հետազոտությունից հետո մենք ունենում ենք վերջնական ախտորոշում և կարող ենք խոսել քաղցկեղի տեսակի և դրա ագրեսիվության մասին: Վերջնական ախտորոշումից հետո գոնե 6 շաբաթ անց ցուցված է մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, ինչը հնարավորություն է տալիս տեսնել ուռուցքի ուրվագծերը, տեղակայումը, մակերեսը, լիմֆատիկ հանգույցների վիճակը, մենք տեղեկություն ենք ստանում ոսկրերի մասին, և եթե կա դրանց ախտահարման կասկած, նշանակվում է նաև ռադիոիզոտոպային հետազոտություն և հստակեցվում է՝ կան արդյոք ոսկրերի ախտահարումներ: Այսօր Հայաստանում հետազոտման այս բոլոր մեթոդները առկա են և հասանելի ազգաբնակչության համար:

-Ի՞նչ բուժում է նշանակվում շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:

Բուժման առումով պետք է նշեմ բժիշկին ժամանակին դիմելու կարևորության մասին, քանի որ հիվանդության առաջին և երկրորդ փուլերի դեպքում հնարավոր է լինում կատարել արմատական վիրահատություն: Եթե քաղցկեղը գտնվում է շագանակագեղձի պատյանի (կապսուլա ) սահմաններում, ապա հնարավոր է լինում շագանակագեղձի ամբողջական հեռացում սերմնաբշտերի, կոնքի լիմֆատիկ հանգույցների հետ միասին: Վիրահատական արմատական հեռացում, ինչը հնարավորություն է տալիս ընդհանրապես ձերբազատվել հիվանդությունից: Վերջին տարիներին արմատական վիրահատության տարբերակը լայն տարածում է ստացել նաև շագանակագեղձի քաղցկեղի երրորդ փուլում կամ այսպես կոչված պոլիգոմետաստատիկ ուռուցքների դեպքում: Սա նշանակում է, որ եթե ուռուցքը ունի մինչև 5 մետաստազ, ապա ցուցված է շագանակագեղձի ամբողջական հեռացում, բայց հետվիրահատական շրջանում պետք է կիրառել ճառագայթային և հորմոնալ բուժում: Այս դեպքում մենք կարողանում ենք ստանալ ընդհանուր ապրելիության ավելացում և կյանքի որակ: Առաջին և երկրորդ փուլերում կիրառվում են նաև ճառագայթային բուժման, դիստանցիոն գամմա թերապիայի և բրախիթերապիայի տարբերակները: Վերջինը ճառագայթների արձակումն է շագանակագեղձի մեջ տեղադրվող ռադիոակտիվ հատիկների միջոցով,  ինչը տեղային բուժման տարբերակ է: Այս մեթոդը հնարավոր է կիրառել նաև երրորդ փուլում:
Հիվանդության երրորդ և չորրոդ փուլերում, երբ այլ օրգան-համակարգերի ախտահարումները և հիվանդի ընդհանուր վիճակը թույլ չեն տալիս վիրահատություն իրականացնել, կյանքի տևողությունն ավելացնելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով շատ արդյունավետ է հորմոնալ բուժման տարբերակը, քանի որ, ինչպես նշեցինք, շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ հիվանդություն է: Այս մեթոդը տալիս է ապրելիության ավելացում մինչև 12-15 տարի:

-Հետվիրահատական շրջանը ի՞նչ միջոցառումներ է ներառում:

-Եթե առաջին, երկրորդ փուլերի շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել և կատարվել է արմատական վիրահատություն, ապա դրանից հետո հիվանդը պարզապես գտնվում է հսկողության տակ, առաջին տարվա ընթացքում 3-4 անգամ, իսկ հետագա 4 տարիների ընթացքում 2-ական անգամ հիվանդը անցնում է համապատասխան հետազոտություններ: 5 տարի անց հիվանդը համարվում է բուժված:Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդի մոտ առկա է ախտադարձ՝ կրկնություն, ապա կիրառվում է հորմոնալ բուժում:

-Կարո՞ղ ենք խոսել հիվանդության կանխարգելման մասին:

-Առաջացման մեկ հստակ պատճառ չկա, հետևաբար կանխարգելման մասին խոսելը դժվար է: Պարզապես կարևոր է որոշակի տարիքից տարին մեկ անգամ անցնել հետազոտություն, ինչը թույլ կտա բացահայտել հիվանդությունը սկզբնական փուլերում, ինչպես նաև սահմանափակել   կենդանական ճարպային սննդի և ավելի շատացնել բուսական սննդամթերքի օգնագործումը: