Պիելոնեֆրիտ. երիկամի ավազանի բորբոքում

Կան հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ, որոնք անհապաղ բժշկական օգնության անհրաժեշտություն ունեն: Դրանցից մեկն էլ երիկամի ավազանի բորբոքումն է: Բնականաբար այս հիվանդությունը մեկ օրում չի առաջանում, այն մի շարք հանգամանքների՝ կենսակերպի, վարակիչ և քրոնիկ այլ հիվանդությունների արտահայտությունն է: Ինչպե՞ս է առաջանում, ի՞նչ բարդություններ է ունենում և որո՞նք են բուժման հնարավոր տարբերակները:

Как-болят-почки-признаки1

Երիկամի ավազանի բորբոքումը, որը հայտնի է նաև պիելոնեֆրիտ անվամբ, մեծապես կապված է երիկամներում պարենխիմա ինֆեկցիայի ներթափանցման հետ: Աղիքային ցուպիկը մոտ 80 տոկոս դեպքերում ամենատարածված հարուցիչն է դիտարկվում: Միևնույն ժամանակ գոյություն ունեն մի շարք ինֆեկցիաներ, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը:

Կանանց պարագայում պիելոնեֆրիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել ցիստիտի բարդություններով: Այս հիվանդությունը բավական հաճախ հանդիպում է նաև հղիության ընթացքում, դեպքերի մեծամասնությունում այն չբուժված բակտերիուրիայի հետևանք է:

Հետկլիմակտերիկ տարիքում կանանց մոտ հիվանդության առաջացման պատճառները մեծամասամբ պայմանավորված են ատրոֆիկ վագինիտով, որի ժամանակ հեշտոցի միկրոֆլորայում բնական համարվող փոփոխությունների՝ լակտոբակտերիաների բացակայության պատճառով գլուխ են բարձրացնում պաթոգեն միկրոբները:

Հղիության ընթացքում այս հիվանդության ի հայտ գալը բավական լուրջ վտանգ կարող է լինել թե՛ հղի կնոջ, թե՛ պտղի համար: Կան մի շարք տարբերություններ կանանց, երեխաների, ինչպես նաև տղամարդկանց շրջանում միևնույն հիվանդության առաջացման հարցում: Տղամարդկանց դեպքում հիվանդությունը կարող է կապված լինել շագանակագեղձի բորբոքումների, միզուղիների խցանման հետ:

Փոքրիկների պարագայում հիվանդությունը կարող է լինել մեզի ռեֆլյուքսի՝ հետհոսքի հետևանք:

Բավական հաճախ մանկական տարիքում հիվանդությունը հայտնաբերվում է բավական ուշ, քանի որ երբեմն այն ընթանում ու զարգանում է առանց արտահայտված ախտանշանների, ջերմության բարձրացումն ու ընդհանուր թուլությունը ծնողները երբեմն վերագրում են պարզապես մրսածությանը:

Բոլոր դեպքերում հիվանդությունն ունենում է նմանատիպ ախտանշաններ: Հիվանդները որպես կանոն բազմապիսի  գանգատներ են նշում:  Կարող է նկատվել հաճախամիզություն, անզուսպ միզարձակություն, վերցայլքային ցավեր, արյունամիզություն:  Անկախ տարիքից ու սեռից պիելոնեֆրիտի դեպքում անպայման նկատվում են գոտկային ցավեր: Կախված հիվանդության պատճառ հանդիսացող վարակի տեսակից մարդն ունենում է բարձր ջերմություն, ընդհուպ՝ 39 աստիճանի հասնող: Այս ամենին կարող է միախառնվել նաև դողն ու սարսուռը, ինչպես նաև՝ սրտխառնոցը և փսխումները:

thumb

Որպես կանոն նշված ախտանշանները բավարար են երիկամի ավազանի բորբոքման ախտորոշումը սահմանելու համար: Սակայն բուժական գործընթացին անցնելու համար անհրաժեշտ է հստակ ախտորոշել գործիքային ու լաբորատոր միջոցներով: Հիվանդության պատմությունը հավաքելուն զուգահեռ իրականացվում է արյան և մեզի ընդհանուր լաբորատոր քննություն, մեզի բակտերիոլոգիական քննություն: Ուլտրաձայնային հետազոտությունն ու համակարգչային շերտագրումը կարող են ամբողջացնել պատկերը:

Չափազանց կարևոր է պիելոնեֆրիտի բուժման արագ կազմակերպումը, քանի որ բարձիթողի վիճակը կարող է ընդգծված բորդություններ, անգամ անդառնալի հետևանքներ ունենալ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հազվադեպ բայց կարող է առաջանալ երիկամային սուր անբավարարություն: Դրան, որպես կանոն, նպաստում են դեղորայքը, միզային խցանումը, սեպսիսը:

Երիկամի կնճռոտումը ևս բարդություններից մեկն է:  Երեխաների մոտ հանդիպում է մոտ 15% և պայմանավորված է ջերմությամբ ուղեկցվող միզուղիների ինֆեկցիաներով: Ցիստիտը, պիելոնեֆրիտը, կրկնվող միզուղիների ինֆեկցիաները, միզուղիների խցանումը և միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը կարող են բերել երիկամների կնճռոտման` հատկապես ժամանակին չբուժելու դեպքում:

 

Երիկամի և հարերիկամային թարախակալումը, սեպսիսը, սեպտիկ շոկը ևս նկատվող բարդությունների շարքում են:

Բարդություններից խուսափելու համար չափազանց կարևոր է ժամանակին արագ արձագանքն ու բուժման կազմակերպումը:

Կախված այն հանգամանքից, թե ինչ փուլում է հիվանդը դիմել բժշկի համապատասխան բուժական մոտեցում է ընտրվում: Նշանակվում է դեղորայքային բուժում՝ ներերակային  և ներքին ընդունման հակաբիոտիկների կիրառությամբ:

Բոլոր այն դեպքերում, երբ առկա է երիկամի և հարերիկամային բջջանքի թարախակալում, նշանակվում է վիրահատություն:

Պետք է հիշել, որ այս հիվանդությունը տևական բուժում է պահանջում, որը ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել: Հակառակ պարագայում այն կվերածվի քրոնիկ բորբոքման, ինչն առավել վտանգավոր է և կարող է տևական ժամանակ վտանգել մարդու կյանքի որակը:

Չափազանց կարևոր է նաև բուժման ընթացքում առողջ կենսակերպի սահմանումը: Երիկամային հիվանդությունները մեծապես կապված են սննդակարգից, ինչպես նաև վտանգավոր սովորություններից: Կերակրի մեջ աղի, ընդգծված համեմունքների, ինչպես նաև ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը կարող են երկարաձգել բուժումը, բերել երկրորդային բարդությունների: